ՀՀ կառավարության 2008-2010թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին (ներառյալ կառավարման ապարատի եւ կապիտալ շինարարության ծախսերը) նախատեսվում է 2008 թվին ուղղել 9 մլրդ 758,4 մլն, 2009-ին` 10 մլրդ 453,9 մլն եւ 2010-ին` 10 մլրդ 038,2 մլն դրամ: Ծախսերի նվազումը 2008-ին 2007-ի նկատմամբ կկազմի 7,4 տոկոս, իսկ 2009-ին 2008-ի նկատմամբ ծախսերը կաճեն 7,1 տոկոսով: 2008-2010թթ. մշակույթի ոլորտին ուղղվող ծախսերը կնվազեն 421,8 մլն դրամով, որից արվեստի գծով` 510,6 մլն, կինեմատոգրաֆիայի գծով` 65,7 մլն, հրատարակությունների գծով` 22,3 մլն, մշակութային օբյեկտների հիմնանորոգման եւ հուշարձանների վերականգնման գծով` 340,3 մլն դրամով: Ծախսերի նվազումը պայմանավորված է որոշ ծրագրերի ավարտմամբ: Միաժամանակ ծախսերն աճել են կառավարման ապարատի գծով` 8,4 մլն, գրադարանների գծով` 169,9 մլն, թանգարանների գծով` 21,2 մլն, այլ մշակութային հիմնարկների գծով` 117,9 մլն դրամով:
Մշակույթի ոլորտում 2008-2010 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն 46 գոյություն ունեցող եւ 23 նոր նախաձեռնությունների իրականացմանը: Նշված ծրագրերը կիրականացվեն 26 պետական կառավարման մարմինների միջոցով: ՀՀ կառավարությունը ոլորտի զարգացման հիմնական գերակայություններ է համարում մարզային մշակութային կյանքի զարգացումը, ոլորտի կադրերի պատրաստումը, ընդհանուր տեղեկատվական համակարգի ստեղծումը, նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների հավաքածուների համալրումը, մշակութային կազմակերպությունների շենքերի հիմնանորոգումը, պատմական հուշարձանների պահպանությունը եւ այլն: