Խաչվանքյանը չէր ընդունում միջակությունը

27/01/2008

Երեկ լրացավ Կարպ Խաչվանքյանի 85-ամյակը: Մեծանուն դերասանի մասին իր հիշողություններն է պատմել Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը: «Պարոնյանի անվան թատրոնին հաճախ ասում են՝ Խաչվանքյանի թատրոն, ուրեմն ինչքան հարգանք ու սեր է վայելում»,- ասաց նա: Բ. Պեպանյանը պատմել է, որ Խաչվանքյանը չէր ընդունում միջակությունը, չէր էլ բարեւում այդ մարդկանց. «Բարեւում էր քթի տակ, անձայն, իսկ շնորհալի երիտասարդին կարող էր սիրելով կոպտել, երբ ապաշնորհին ոչ մի դիտողություն չէր անում»: «Իր խաղընկերուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանին նա բեմում մի աչքով կարող էր սաստել, երբ մյուս աչքով խաղում էր: Սիրելի խոսքն էր՝ «բեզդարնոստ», որով «շոյում» էր շնորհալիներին: Փողոցում քայլում էր դանդաղ, գլուխը կախ: Բայց բավական էր խոսեր, եւ ձայնի վրա նրան շրջապատում էին: Շուկա էր մտնում եւ ամաչում էր, մթերքը նվիրում էին, գումար չէին վերցնում: Նրա հետ իմ օրը անիմաստ չի անցել երբեք»,- հիշողություններն ամփոփել է Բ. Պեպանյանը: