Ո՞վ է հակված փոխզիջումների

23/01/2008

«Էխոյին» տված բացառիկ հարցազրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` պատասխանելով հարցին, թե առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից կարելի՞ է արդյոք որեւէ արտասովոր բան ակնկալել, եւ ի՞նչ շանսեր ունի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա: Ներկայիս իշխանությունները մտադիր չեն նահանջելու: Միաժամանակ ես այն կարծիքին չեմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես, առանց ծանրութեթեւ անելու կնետվեր ընտրական կրքերի հորձանուտը: Դժվարանում եմ պատասխանել այն հարցին, թե ի՞նչը կարող էր նրան ստիպել դիմելու դրան»: Հարցին էլ, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածված լուրերը, Լ. Տեր-Պետրոսյանն ավելի է հակված փոխզիջումների, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Մ. Դանիելյանը պատասխանել է. «Այդպիսի կարծիք, իրոք. կա, չեմ ժխտում: Եվ դա, իհարկե, մոտ է ճշմարտությանը: Բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել ընտրություններից հետո: Նշեմ, որ վերջին ժամանակներս Սերժ Սարգսյանը եւս իր ելույթներում «հպանցիկ» գործածում է լիբերալների «սլենգը»: Հասկանո՞ւմ եք, բոլորն էլ ուզում են դուր գալ Արեւմուտքին»: