Ո՞ւմ «բոստանն» են քար գցում

23/01/2008

«Ռեգնումի»` «Հարավային Կովկասը Ռուսաստանից «ողջամտություն» է ակնկալում» հոդվածի հեղինակ Տիգրան Արսենիշվիլին` անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ գրում է. «Ներկայիս ներքաղաքական իրավիճակը Հայաստանում արմատապես տարբերվում է նրանից, որը գոյություն ուներ 2003թ. նախագահական ընտրությունների նախաշեմին: Հետեւելով իր կուրատորների խորհուրդներին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց կրկին դնել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար եւ վերջերս Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ուղղակիորեն բացահայտեց փաստացի պետական հեղաշրջման պլանը: «Արդեն 10-20 օրից հարկային, իրավապահ եւ ուժային համակարգերի ներկայացուցիչները չեն ենթարկվելու վարչապետ Սերժ Սարգսյանին»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում նաեւ հայկական ԶԼՄ-ներում, այդ թվում եւ՝ պետական հեռուստաալիքով: Սերժ Սարգսյանի, ով առաջին նախագահի հիմնական հակառակորդն է կայանալիք ընտրություններում, «բոստանը» գործի լավ իմացությամբ եւ համապատասխան չափերի «քար է գցվում»: Լ. Տեր-Պետրոսյանը մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ է, եւ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առաջիկա պայքարն ընթանալու է ըստ վերը նշված՝ «ադմինիստրատիվ ռեսուրսն՝ ընդդեմ ողջամտության» սցենարի: Ժողովրդի մեջ արդարություն որոնելն անհույս գործ է, այդ պատճառով խիստ վճռական տրամադրված Լ. Տեր-Պետրոսյանը սկսել է պլանավորված խարխլել երկրի գործող իշխանությունների «սրբության սրբոցը»՝ նրանց իշխանության բուրգը: Ըստ որոշ տվյալների՝ հիմնական շեշտը դրված է շրջաններում լոյալ կառույցների, այդ թվում եւ՝ ադմինիստրատորների, գանձապետական եւ իրավապահ մարմինների աշխատակիցների ու զինվորականների վրա: Իսկ հասարակությանը «կաշառելու» համար հրապարակ է նետվել պոպուլիստական նախընտրական մի ծրագիր՝ բյուջեն եռակի ավելացնելու, ՀՆԱ-ն կրկնապատկելու մասին եւ այլն»: Այնուհետեւ հոդվածագիրն ընդգծում է, թե ելնելով վերոնշյալից, նախընտրական Հայաստանին կարելի է հետեւյալ ախտորոշումը տալ. «ներքաղաքական պատկերը ձեւավորվել է իր ամենավտանգավոր տեսքով՝ երկու հակառակ բեւեռների առճակատմամբ՝ կլանային եւ ռեւանշիստական-կլանային»: