Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, սեւ կատու

23/01/2008

Երեկ պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը: Սակայն Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուները վճարովի եւ անվճար եթերից օգտվելու հնարավորություն կունենան միայն վաղվանից սկսած: ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հանրայինով քարոզչության երկօրյա հետաձգումը պայմանավորվել է «ինչ-որ տեխնիկական խնդիրներով, սակայն ակնհայտ է, որ եւս երկու օր Հանրայինի եթերը փակ պահելը քաղաքական նպատակներ է հետապնդում»: Բանն այն է, որ այսօր տեղի է ունենալու Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հանրահավաքը, որի մասին վերջիններս պատրաստվում էին հայտարարել Հ1-ի եթերից: Ի դեպ, բացի Հ1-ից, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հեռարձակել են են այդ հայտարարությունը: Երեկ, սակայն, ընդդիմության այդ մեկնաբանության առիթով Հ1-ից մեզ պատասխանեցին, թե հեռուստաընկերությունում անցկացվող ամենամսյա պրոֆիլակտիկ աշխատանքները, որն իրենք իրականացրել են նաեւ երեկ, քաղաքական որեւէ նպատակ չի հետապնդում, քանի որ իրենք այդ աշխատանքներն ավելի վաղ էին ավարտել, քան ԿԸՀ-ի սահմանած եթերաժամն է: Պարզապես, ըստ նրանց, գոյություն ունի ԿԸՀ որոշում, ըստ որի` Հ1-ը թեկնածուներին պետք է եթեր տրամադրի հունվարի 23-ից սկսած: «Թող նրանք սեւ կատու չփնտրեն այնտեղ, որտեղ չկա»,- ասացին Հ1-ից: