Ինչպե՞ս է իրեն զգում ռուսական կապիտալը

23/01/2008

«Հայաստանի տնտեսության իրական հատվածում 1991-ից մինչեւ 2007-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված ռուսական ներդրումները հասնում են միլիարդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մեկ երրորդը»,- Երեւանում անցկացվող Հայ-ռուսական տնտեսական ֆորումի ժամանակ երեկ հայտարարել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե ռուսական կապիտալը Հայաստանում «իրեն շատ հարմար է զգում»: «2007-ին Հայաստանում գործում է ռուսական կապիտալով 852 ձեռնարկատիրություն: Մեր ոչ մեծ տնտեսության համար սա բավականին լուրջ ցուցանիշ է: Երկու երկրների միջեւ առկա իրավական դաշտը եւ առեւտրատնտեսական կապերը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում հայերի մեծ համայնքը մեր գործարարներին լայն հնարավորություններ են տալիս տարբեր ոլորտներում արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- նշել է Ս. Սարգսյանը: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի փոխանցմամբ էլ` նոր փուլում է ատոմային էներգիայի ոլորտում փոխգործակցությունը: «Ռուսաստանյան կողմը պատրաստ է լուրջ ներդրումներ անել Հայաստանում ուրանի պաշարների որոնման եւ արտադրական մշակման աշխատանքներում` նպաստելով գործող ատոմակայանի պաշարների ավելացմանն ու նոր էներգաբլոկի կառուցմանը»,- ասել է Ի. Լեւիտինը: Նա նաեւ տեղեկացրել է, որ հայ մասնագետները կարող են մասնակցել օլիմպիական խաղերի անցկացման նպատակով Սոչիում հյուրանոցների, մարզահամալիրների կառուցման համար նախատեսված մրցույթներին: Նա վստահեցրել է, որ Սոչիում կարող է մրցակցային լինել նաեւ հայաստանյան շինանյութը: Ի դեպ, համաժողովի ընթացքում առաջարկ եղավ նաեւ Հայաստանում արտադրել ռուսաստանյան «Լադա» ընկերության ավտոմեքենաներ: