Հանրապետության մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ օրերս պաշտոնապես հայտարարեցին Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու իրենց որոշման մասին: «Մենք այս որոշումն ընդունել ենք ոչ ստիպողաբար, այստեղ ենք մեր սրտի կանչով, քանի որ ՀՀԿ-ն միշտ մշակույթի ու երգարվեստի կողքին է եղել: Սերժ Սարգսյանը գիտի մեր երկրի եւ հաղթանակները, եւ ցավերը»,- նշել է երգչուհի Շուշան Պետրոսյանը: «Այն թեկնածուն, ում ես կուզեի տեսնել որպես իմ երկրի նախագահ, վճռական է, համարձակ եւ խելացի»,- ասել է Նունե Եսայանը: Իսկ ըստ երգիչ Հայկոյի՝ Հայաստանի ապագա նախագահը պետք է նախ հրամանատար լինի, «որի կողքին մեզ ուժեղ կզգանք, կլինենք հուսալի եւ լավ երկրի քաղաքացի»,- ասել է սիրված երգիչը: «Ուզում եմ իմ հայրենիքը տեսնել այնպիսին, որով հպարտանանք ես եւ մեր գալիք սերունդները, իսկ իմ ցանկության կատարումը տեսնում եմ իմ ընտրած թեկնածուի միջոցով»,- նշել է Ֆորշը: Երգիչ-երգչուհիները կարեւորել են Ս. Սարգսյանի օժանդակությունն իրենց կողմից տարբեր մշակութային ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացման ժամանակ: