«Հայաստանն այսօր գոյատեւում է»

23/01/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի ծրագրի շնորհանդեսը:

Մթնոլորտը խիստ «հուզիչ էր»` անընդհատ հնչում էին հայրենասիրական եւ հատուկ ՀՅԴ-ի համար գրված երգեր, իսկ սրահում ծածանվում էր եռագույն դրոշը: Այնտեղ էր նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ից դժգոհ Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաեւ՝ Վահան Հովհաննիսյանի հետ համաձայնագիր կնքած մի խումբ քաղաքացիներ, որոնք «Ես Վահանի հետ եմ» պաստառները պարզած պարբերաբար վանկարկում էին` «Մեր Վահան»: Հենց այդ վանկարկումների ներքո էլ դահլիճ մտավ «Մեր Վահան» Վահան Հովհաննիսյանն ու հայտարարեց. «Ես մենակ չեմ»: «Ես մենակ չեմ, այն ամենը, ինչի մասին կխոսենք` կիրականացնեմ ամուր, փորձառու թիմի հետ»: Այնուհետեւ նա բեմ հրավիրեց իր թիմակիցներին` Հրանտ Մարգարյանին, նախարարներ Լեւոն Մկրտչյանին, Աղվան

Վարդանյանին, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանին…: «Ես խոստումներ չեմ տալիս, պարտավորություններ եմ վերցնում եւ անելու եմ: Ես ու իմ ընկերները,- ասաց Վ. Հովհաննիսյանը` շարունակելով,- Ինձ անհրաժեշտ է ձեր քվեն ու վստահությունը»: Վահան Հովհաննիսյանի ասելով` Հայաստանն այսօր գոյատեւում է, մինչդեռ անհրաժեշտ է թռիչք: «Հայաստանում, ցավոք սրտի, ձեւավորվել է մի արատավոր մոդել, երբ կառավարումն իրականացվում է տնտեսական հզոր կլանների միջոցով, դրանց հզորացման մեխանիզմներն էլ մեզ հստակ են եւ սկսել են դեռ 90-ականների սկզբից, անարդար մասնավորեցումից, սեփականաշնորհումից, ահա այդ առաջացած կլաններն ամբողջությամբ վերցրել են քաղաքական իշխանությունը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Ըստ ՀՅԴ թեկնածուի` տեսանելի է, որ այսօր ՀՀ-ն` ունենալով հզոր Սփյուռք, Հայաստանի քաղաքականության մեջ որոշ շտկումներ կատարելով, սկսել է լուրջ պրոբլեմներ ստեղծել Թուրքիայի դիվանագիտության համար, այն էլ` համաշխարհային մակարդակով: «Եվ իհարկե Թուրքիան փորձելու է մեզ համար նոր ճակատ բացել, ի դեմս Ադրբեջանի աճող ագրեսիվության: Ուրեմն` մեր աշխատանքը Թուրքիայի հետ, Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ այլ երկրների քաղաքականության վրա ազդելու իմաստով, պետք է դառնա ավելի վճռական, եւ անզգույշ հայտարարությունները, որ երբեմն անում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւս պետք է բացառվեն»,- անուններ չհնչեցնելով՝ ասաց Վ. Հովհաննիսյանը: Իսկ Վ.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցությունը սեփական թեկնածուով ոչ միայն պահանջված ու հասունացած է, այլեւ պատմական անհրաժեշտություն: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ունենանք ավելի հզոր Հայաստան, իր նպատակի ճանապարհին կանգնած Հայաստան: ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որ մեր քաղաքացին ոչնչով չկաշկանդվի, ազատ իր կամքով գնա եւ ընտրի իր ապագան: Այն խնդիրը, որ ՀՅԴ-ն դրել է իր առաջ, կարող էր իրականացնել միայն սեփական թեկնածուով»,- ասաց Ա. Ռուստամյանը: