Մարդ կա՝ ելել է շալակն օրենքի

23/01/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ նախագահի չորս թեկնածուներ (Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան եւ Վահան Հովհաննիսյան) երեկ` քարոզարշավի մեկնարկի օրը, ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերն ու այն ցանկությունները, որոնք պատրաստվում են իրականացնել նախագահ դառնալու դեպքում: Նրանցից յուրաքանչյուրը, բնականաբար, խոստանում է ընտրվելու հենց հաջորդ օրը երկիրը դարձնել դրախտավայր:

Նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այս ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական շարժում` հանուն Նոր Հայաստան» կարգախոսով: Եվ նա «Նոր Հայաստանի» ծրագիրը կազմել է՝ հաշվի առնելով նաեւ միջազգային չափանիշները, միջազգային փորձը եւ արտերկրի հեղինակավոր գիտնականների փորձագիտական կարծիքը: «Մեր երկիրն ունի Սահմանադրություն, ունի իր հիմնական օրենքը, բայց այդ Սահմանադրությունն, ըստ էության, շատ դեպքերում չի գործում, որովհետեւ մենք երկրում ունենք ստեղծված արտոնյալների մի խավ, որ թքած ունեն Սահմանադրության ու օրենքների վրա: Ավելին` ելել են երկրի ու օրենքների շալակը: Եվ այդ մարդկանց սանձարձակ կեցվածքը կողոպտում է մեր ողջ ազգաբնակչության ազատ ապրելու խանդավառությունը»,- երեկ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում իր ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՕԵԿ նախագահի թեկնածուն: Ըստ նրա, այսօր Հայաստանի համար լուրջ խնդիր է հատկապես ժողովրդագրությունը, քանի որ բնական աճի տեմպը նվազել է մոտ 90 տոկոսով, «90-ականների տարեկան մոտ 60-65 հազար մարդ աճի փոխարեն՝ այժմ կազմելով մոտ 6 հազար»: Եվ եթե, ըստ Ա. Բաղդասարյանի` այդ տեմպը պահպանվեր, ապա այժմ ՀՀ-ն պետք է ունենար մոտ 4,5 միլիոն բնակչություն: Այս մտահոգությունից ելնելով էլ Ա. Բաղդասարյանը որոշել է իր ծրագրում կոնկրետ միջոցառումներ ներառել` խթանելու համար ծնելիությունը: «Մեր ծրագրում ներառված է` յուրաքանչյուր ծնվող առաջին երեխային միանվագ հատկացնել 200.000 դրամ, երկրորդ երեխային` 300.000 դրամ, երրորդ երեխային` 500.000 դրամ, չորրորդ երեխային` 600.000 դրամ, հինգերորդ երեխային` 700.000 հազար, վեցերորդ երեխային` 1 միլիոն դրամ եւ, պետության միջոցների հաշվին, վեց եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին ապահովելով անվճար բնակարանով եւ մեքենայով»,- խոստացավ Ա. Բաղդասարյանը` ավելացնելով, թե անհրաժեշտ է երկրում իրականացնել սոցիալական, ոչ թե միայն էլիտար բնակարանաշինություն, եւ ապահովել երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման մեխանիզմներ: Նախընտրական խոստումների շարքում, բացի ծնելիության աճին նպաստելուց, Ա. Բաղդասարյանն այլ խոստումներ էլ տվեց: Օրինակ, նա խոստանում է ընտրվելու դեպքում 5 տարվա համար բացել 100.000 աշխատատեղ, անցնել նաեւ պայմանագրային զինծառայության` այդկերպ նպաստելով նաեւ զբաղվածության խնդրի լուծմանը, քանի որ, ըստ նրա` բազմաթիվ գործազուրկ տղամարդիկ կարող են պայմանագրային ծառայության անցնել բանակում եւ պահել իրենց ընտանիքը: Նա խոստանում է նաեւ ընտրվելու դեպքում առնվազն կրկնակի բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, իրականացնել կենսաթոշակային բարեփոխում: Ամենաուշագրավը, թերեւս, Ա. Բաղդասարյանի այն խոստումն էր, որը նա պարտավորվում է իրականացնել ու տեսանելի դարձնել հենց ընտրվելու հաջորդ օրը: Ըստ նրա` այդ օրվանից սկսած երկրում այլ իրավիճակ է լինելու: «Նոր Հայաստան, որը բերելու է նոր հնարավորություններ մեր յուրաքանչյուր ընտանիքին: Սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք սկիզբ դնել նոր զարգացումների: Դրա համար ես ասում եմ` միացրեք նոր սկզբի ժամացույցը: Իմ հաղթանակը արմատախիլ է անելու կոռուպցիան, գանձագողությունը: Իմ հաղթանակը բերելու է օրենքի հավասարություն: Իմ հաղթանակը բերելու է յուրաքանչյուր մարդու հաջողության հասնելու հնարավորություն: Իմ հաղթանակը բերելու է օրենքից վեր կանգնած արտոնյալների գործունեության կասեցում»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Ի դեպ, նա խոստանում է` «նոր սկզբի ժամացույցը» միացնելու դեպքում Հայաստանը մրցակցային չափանիշներով՝ բերել աշխարհի 50, իսկ գիտատար տնտեսության ցուցանիշներով` 30 առաջատար երկրների շարքը: Հարցին, թե քանի՞ փուլով կանցնի ՀՀ նախագահի ընտրությունը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Երկու»: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության վարչության կոչին, որով առաջարկում էին թեկնածուներ Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին, Վազգեն Մանուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին միավորվել, Ա. Բաղդասարյանը ասաց, որ իրենք բանակցություններ են վարում «Ժառանգության» հետ: ՀՀԿ շտաբի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկմանն ի պատասխանել էլ, թե ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկի հաղթանակը բացառվում է, քանի որ նրանց չհաջողվեց միանալ, Ա. Բաղդասարյանն ասաց. «Միավորումներ կան եւ դեռ կլինեն: Իշխանություններն էլ միավորված չեն: Խնդրեմ, Սերժ Սարգսյանն ու Վահան Հովհաննիսյանը: Երկուսն էլ իշխանության դաշտում են գործում: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի չմիավորվելն արդեն շատ բան է ասում»: