Մարզերի գյուղատնտեսության ընկերությունների մի շարք ղեկավարներ պնդում
են, որ ճապոնական դրամաշնորհներից Հայաստան եկող տրակտորները, որոնք պետք
է աճուրդով տրվեն գյուղատնտեսական կազմակերպություններին, գյուղնախարար
Դավիթ Լոքյանը «հատուկ ցուցակով» աճուրդի մեկնարկային գնով վաճառում է
բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների ու գեներալների: Նրանք վստահեցնում են,
որ այդ ճանապարհով արդեն մի քանի տրակտոր է ձեռք բերել վարչապետ Անդրանիկ
Մարգարյանը, տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները
համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը,
Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը եւ այլք: Ա.
Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե քանի՞ տրակտոր ունի ինքը, ինչին ի
պատասխան նա կատակեց՝ ասելով. «Ես BMW-ից ցածր բան չեմ վերցնում», իսկ
հետո ավելացրեց. «Ես դրա կարիքը չունեմ, որովհետեւ կիրառման տեղն էլ
չունեմ: Քաղաքո՞ւմ պետք է վարեմ»: