Գեղամյանի դեմ այլընտրանք չկա

23/01/2008

«Մենք հզոր ենք, դրա համար մեզնից վախենում են, խուսափում են»,- երեկ հայտարարել է Արտաշես Գեղամյանի ղեկավարած` «Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) փոխնախագահ Կորյուն Առաքելյանը՝ Ա. Գեղամյանի՝ 164 էջից բաղկացած նախընտրական ծրագրի շնորհանդեսին: Ա. Գեղամյանի շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը դիմելով ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ կոչ է արել նրանց՝ «բանավիճել ծրագրերի շուրջ, այլ ոչ թե զբաղվել բանսարկությամբ»: «Եթե առաջինի դեպքում կհաղթի հայ ժողովուրդը, ապա երկրորդի դեպքում հաղթողներ չեն լինի: Արտաշես Գեղամյանի դեմ այլընտրանք չկա»,- հայտարարել է նա: Իսկ Շիրակի մարզային կառույցի նախագահ Լեւոն Գալստյանի համար Ա. Գեղամյանն իր ուրույն տեղն է ունենալու հայաստանյան քաղաքական դաշտի երկնակամարում, քանի որ, ըստ նրա՝ շուտով գալու է Արտաշեսյան դինաստիան: Ըստ Լ. Գալստյանի` իրենք արդեն գիտեն, որ Ա. Գեղամյանի ճանապարհը քարքարոտ ու փշոտ է լինելու, բանսարկություններ ու բամբասանքներ են լինելու. «Այստեղ ակամայից հիշում եմ Հայնեի մեջբերումը. «Երբ շան բերանին դնչկալ ես անցկացնում, հետույքով է հաչում»: Ես համոզված եմ, որ այդ շան հաչոցը կարող է փետրվարի 20-ին ոռնոցի վերածվել»,- հայտարարել է Լ. Գալստյանը: Իսկ ԱՄԿ Երեւանի կազմակերպության ղեկավար Սարգիս Մուրադխանյանն Արտաշես Գեղամյանին դիմեց Վահան Տերյանի հետեւյալ խոսքերով. «Ժամն է, ել նորից, իմ ծիրանավառ, զրահավորվիր խանդով խնդագին, վառիր երկունքի գիշերում խավար, հրով մկրտված նաիրյան ոգին»: Վերջինս շնորհակալություն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա, ըստ Մուրադխանյանի՝ «ճղճիմ մեթոդներով փորձում էր քանդել «Ազգային Միաբանության» հիմքերը, սակայն ոչինչ չի ստացվում»: Արտաշես Գեղամյանը անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարություններից մեկին՝ ասել է. «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում, երբ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը հայտարարում են, որ սկուտեղի վրա կբերեն, թե՝ առ քեզ իշխանությունը, ես 2 հատ էլ ծաղիկ կդնեմ ու հետ կուղարկեմ: Բա եթե ծաղիկ դնող ես, ետ ուղարկող ես, թասիբդ պահելու համար տղա՞ ես Ռուսաստանից բերում: «Իզվեստիայում» ինչո՞ւ ես տպագրվում, տղա՞ ես կանչում: Հանուն աթոռի, հանուն իշխանության գալու, նրանք թքած ունեն հայոց պետականության վրա»: Վերջում Ա. Գեղամյանը հայտարարել է, որ եթե կա մի քաղաքական ուժ, որ ընտրապայքարը չսկսած կարող է հստակ ու հպարտորեն հայտարարել, որ հաղթանակած է, ապա դա «Ազգային Միաբանությունն» է: Ծրագրի շնորհանդեսից հետո Ա. Գեղամյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «ՉԻ» լրագրողն ասել է, որ իրենց խմբագրություն էր դիմել մի քաղաքացի՝ հայտնելով, որ Բագրատաշենի մաքսատանը նրանից կաշառք են ուզել, երբ նա դեկտեմբերին Հայաստան է փորձել ներկրել կերամիկայից մկներ ու դհոլներ: Եթե պարոն Գեղամյանը նախագահ ընտրվի, ի՞նչ միջոցներ կձեռնարկի, որ կաշառք հասկացությունը վերանա` լրագրողի հարցին, Ա. Գեղամյանը վրդովված պատասխանել է. «Ես հետեւյալը կանեի, որ այդ դհոլներին առավել ուժգին խփեին, այնտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերը կնկարեի, տակն էլ ազգանունը կգրեի: Դա մեծ պահանջարկ կունենար, եւ ես այդ բիզնեսին պատրաստ եմ ինքս էլ խթանել: Այդ դհոլը բեստսելեր կդառնա: Ես ինքս էլ իմ թոռան համար մի երկու հատ դրանից կառնեմ, որ ոտով խփի»: