Մի՛ նսեմացեք՝ սրան-նրան հաճոյանալով

23/01/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Պարոն Ավագյան, ընտրություններից առաջ հասարակությունը խիստ քաղաքականացվում է, իսկ մտավորականները հատկապե՛ս են ակտիվանում: Իշխանությունների ով լինելն ինչ-որ ձեւով անդրադառնո՞ւմ է մտավորականի ստեղծագործական ունակություններին:

– Կարծում եմ, յուրաքանչյուր գործընթաց, որ տեղի է ունենում երկրում կամ աշխարհում, չի կարող վրիպել մտավորականի ուշադրությունից: Բայց ես դեմ եմ շատ կոնկրետացող, առանձին կուսակցությունների, առանձին փոքրիկ գաղափարների շուրջ համախմբված մարդկանց` քաղաքականությանը մասնակցելուն, եւ այդ առումով Մշակույթի հայկական ֆոնդի շուրջ համախմբված մտավորականները չեն փորձում նսեմացնել իրենց` որեւէ բարձրաստիճան քաղաքական գործչի հաճոյանալու, շողոքորթելու, քծնելու իմաստով:

– Կարծում եք, որ հաճոյանալն, այնուամենայնիվ, ինքնանսեմացո՞ւմ է:

– Այո՛: Երբ որեւէ մտավորական գնում, կանգնում է որեւէ քաղաքական գործչի կողքին եւ ասում է` սա է ճշմարիտը, դրանով նա ինչ-որ տեղ կեղծում է իրեն: Օրինակ` Վրաստանում տեղի ունեցան ընտրություններ, եւ Սահակաշվիլին ստացավ 53 տոկոսից ավելի ձայն: Պատկերացնո՞ւմ եք` որեւէ մտավորական կանգնի ու ասի` ես Սահակաշվիլու կողմն եմ: Եթե անգամ այդ ընտրություններն անթերի անցած լինեն, հնարավոր չէ անտեսել մնացած 47 տոկոս ընտրողների ձայները:

– Ճի՞շտ հասկացա, որ իսկական մտավորականն` անկախ իր քաղաքական նախապատվություններից, պետք է կանգնած լինի ընդվզող, անհամաձայն փոքրամասնության կողքին:

– Մտավորականը կարող է լինել ընդվզող փոքրամասնության մեջ, եթե տեսնի, որ այն մեծամասնությունը, որը խոսում է ճշմարտության անունից, ընդունակ է կեղծելու, խաբելու, ապակողմնորոշելու, ազգային գաղափարախոսության ակունքներից հեռանալու: Իսկ այսօր աշխարհում ամեն օր կարելի է տեսնել, որ ամեն ինչ այնքան շատ է քաղաքականացվել: Հեռուստատեսությունն այսօր մարդկության դեմ ագրեսիա է գործում, չհայտարարված պատերազմ, սպորտն ավելի է կարեւորվում, քան բանաստեղծությունը, գրականությունը, որպես բարեգործներ են հնչում հանցագործների անունները: Նրանք, այդ կիսագրագետ հանցագործները, պարզվում է, մտածում են ազգի, մարդկանց շահերի մասին, երբ ընդամենը հարստացել են անհասկանալի ճանապարհներով, հետո էլ դառնում են քաղաքական գործիչներ, ԱԺ-ում մեծամասնություն են կազմում, խոսում ճշմարտության անունից:

– Սակայն, համաձայնեք, որ նույն մշակութային գործիչներն էլ առանձնապես դեմ չեն, երբ նման հանցագործ-բարերարն իրենց գրպանը փոքրիկ գումար է դնում, եւ անգամ շոյվում են, երբ նա մեծահոգաբար թփթփացնում է իրենց ուսին:

– Ճիշտն ասած, չէի ցանկանա շատ խոսել այդ թեմայով: Դրանք անցողիկ բաներ են: Կարծում եմ` եթե մի մարդ իրեն թույլ է տալիս կաշառել ընտրողին, նա չունի ընտրվելու իրավունք: Բայց որեւէ տեղ աշխարհում չկա մի օրենք, որ կանգնի դրա դեմ: Բոլորը տեսնում են, որ կաշառքը տրվեց:

– Եվ վերցվեց:

– Այո, կաշառքը տալիս են եւ այդ կաշառքը վերցնում են, հետեւաբար, ես չեմ հավատում այս պայքարին ու կարծում եմ` մտավորականն ինչքան հեռու մնա այդ պայքարից, իր կոչումի համար ավելի՛ ճիշտ կլինի:

– Նշեցիք, որ այս պայքարին չեք հավատում, իսկ ինչի՞ն եք հավատում:

– Հավատում եմ արարչական ծրագրին, որն, ի վերջո, հաղթող է, քանի որ ամեն բան անցողիկ է: Պատմությունը ցույց է տվել, որ կործանվել են բոլոր բռնապետությունները: Հայ մարդը շատ ընդունակ է, եւ շատ լավ հասկանում է` ինչ է կատարվում աշխարհում: Սակայն բոլոր ժամանակներում, բոլոր դարերում օտար ուժերը նրան մշտապես շահագրգռել են, կաշառել են, գտել են խամաճիկների, որոնց օգնել են հայտնվել իշխանության ղեկի մոտ եւ որոնց միջոցով երկրի ուղղությունը մշտապես տարել են իրենց ցանկալի ուղղությամբ: Բարեբախտաբար, գենետիկ կոդն այնպիսին է, որ եթե այսօր ամենահանցագործ մեկն ունենա երեխա, այդ երեխան ծնվում է անմեղ, արարչական ծրագրով: Մարդուն տրված է վերարտադրվելու ֆունկցիան: Բայց, դժբախտաբար, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ վերարտադրվում է հանցագործությունը, երբ գովերգվում է հակամշակույթը, երբ հեռուստատեսության պես հզոր միջոցը մոռացել է, որ եթերից կարող է եւ բանաստեղծություն հնչի, որը կարող է մարդուն ազնվացնել, հուզել:

– Եվ կարծում եք` այդ բանաստեղծությունը կլսե՞ն:

– Կլսեն եւ ավելի շատ կլսեն, քան այսօր եթերում լցված միմոսությունները, կապկային, ցածր մակարդակի, տկարամիտների համար տրվող հեռուստատեսային շոուները, երգարվեստի չարաշահումները: Դա բերում է մարդու բարոյազրկման, հիմարացման, նվաստացման:

– Դուք բարոյազրկման, հիմարացման, նվաստացման մթնոլորտը կապում եք իշխանությունների ապաշնորհության ու անճաշակությա՞ն հետ, թե՞ դա հասարակության գիտակցության պակասի խնդիր է:

– Կարծում եմ` երկուսն իրար հետ: Ես ինքս համարձակություն եմ ունեցել ամենաբարձր իշխանավորին ասել իր սխալների մասին, եւ դրանից տուժել է Մշակույթի հայկական ֆոնդը: Ես գրել եմ բարձր մակարդակի գրքեր, թող անհամեստություն չլինի ասել, ես գրել եմ «Հոգենյութ» ժողովածուն, որը կարող էր արժանանալ ամենաբարձր մրցանակի, բայց այդ գիրքը ներկայացվեց նախագահի մրցանակին, եւ ինձ չտվեցին, ասացին, թե ինքը` նախագահը, չի ուզում դա: Այդ տարի մրցանակը ոչ մեկին չտվեցին, որովհետեւ իմ գրքի կողքին այն ուրիշին չէին կարող տալ: Ես հպարտ եմ, որ գրել եմ «Խոսք եւ գույն» ժողովածուն, որը քննարկվել ու արժանացել էր բարձր գնահատականի, եւ այն ներկայացված էր պետական մրցանակի: Այդ գրքին մրցանակ տալը պատիվ կբերեր Հայաստանի գրողների միությանը եւ նրա նախագահին, բայց, ինչպես գիտեք, մրցանակը տրվեց մամուլում քննադատված մի գրքի:

– Դուք ինքներդ համոզված եք, որ Ձեր գիրքը հաջողված է: Այդ դեպքում, արդյո՞ք մրցանակն այդքան արժեքավոր է Ձեզ համար, հատկապես, եթե նախագահը գրականությունից հեռու է նույնքան, որքան արվեստի մյուս ճյուղերից:

– Մեր երկրում պետք է արդարամտություն, ճշմարտություն, բարություն լինի, երբ մրցանակը տրվում է մի գրքի, որը լցված է հայհոյախոսություններովգ

– Ո՞րն է հետեւությունը:

– Հետեւությունն այն է, որ այսօրվա իշխանությունները եւ նրանք, ովքեր կոչված են տնօրինելու մշակույթին տրվող միջոցները, խամաճիկի նման, խրախուսելով վատը, անուղղակի ձեւով մարդկանց ասում են` որպեսզի դուք էլ ստանաք մրցանակ, գրեք այսպիսի, այսինքն` վատ գործեր: Եվ այդ անարդարությունից մարդիկ զայրանում են: Իսկ զայրացած մարդն ընդունակ է ամեն ինչի:

– Եվ Դուք զայրացած եք:

– Ես շատ հանգիստ եմ, քանի որ արժանացել եմ Աստծո կողմից տրված մրցանակին` օժտվածությանը: Պարզապես, մրցանակն ինձ համար նախ` մեծ նյութական վնաս էր. եթե չլիներ իմ նկարչությունը, գրականությունն ինձ չէր պահի: Հետեւաբար, նկարելու շնորհքն օգնում է, որ ես ինքս ինձ կազմակերպեմ, քանի որ թոշակները որքան էլ բարձրանան, դրանով ապրել չի լինի: Երկրորդ` ստացա բարոյական վնաս, տեսա, որ արված լավ գործը չի գնահատվում: Տեսա կողմնակալություն` պետական մակարդակով, տեսա գրական ընկերությունից հիասթափություն:

– Ձեր կենսափորձը հաշվի առնելով` ենթադրելի է, որ նման կարգի հիասթափություն առաջին անգամ չեք տեսնում:

– Գիտեք, այն մութ, ցուրտ գիշերներին ես լուսավոր նկարներ եմ արել: Եվ մարդիկ տեսել են, թե ինչպես կարելի է գովերգել լույսը` խավարում: Երբեմն ասում են` ի՞նչ են անում մտավորականները: Մտավորականները գրում են, նրանք չունեն ֆիզիկական ուժ, թիկնապահներ, որ դրանց միջոցով վախեցնեն ընթերցողներին, ասեն` եկեք, կարդացեք: Բարձր արժեքները պիտի քարոզվեն պետությա՛ն կողմից: Ամեն կարգի կապկային շոուների փոխարեն՝ եթերը պետք է տրվի մտավորականներին: Թող տա՛ն ինձ եթեր, եւ ես կազմակերպեմ հաղորդում`բարոյական արժեքների, հույսի մասին:

– Ձեր նկարագրած հոգեւոր քաոսը հնարավոր կլինի՞ շտկել նախագահական ընտրություններին: Նկատի ունեմ` կա՞ այնպիսի թեկնածու, որին տալով Ձեր ձայնը` վստահ եք, որ կդադարի կամ կդանդաղի հասարակության հիմարացման, նվաստացման գործընթացը:

– Կուզենայի, որ ընտրվող նախագահն ունենար ոչ միայն քաղաքական ամուր կամք, այլեւ արդարամտություն, եւ մտածեր ոչ միայն իր անձնական շահի մասին, այլ իր շնորհքն օգտագործեր ազգի համար:

– Դուք շատ ընդհանուր ասացիք: Իսկ ունենք նախագահի ինը թեկնածու:

– Գիտեք, կան թեկնածուներ, որոնց վերադառնալու ցանկությունն, ինձ համար գոնե, անհասկանալի է: Օրինակ` Վազգեն Մանուկյանը: Այս երկրի հիմքերը սխալ են դրվել իր վարչապետության ժամանակում: Երբ եկավ ինքը, քանդեց հայկական հեռուստատեսությունը, եւ այն Հեռուստառադիոպետկոմը, ուր ես գլխավոր խմբագիր էի: Մենք տալիս էինք մաքրամաքուր, հայեցի հաղորդումներ: Նա բերեց իր մարդկանց, եւ ես նրան իր ներկայությամբ, երբ վարչապետ էր, ասել եմ` ես ձեզ մեղադրում եմ կադրային սխալ քաղաքականության մեջ: Շատ կցանկանայի, որ թեկնածուները ոչ թե սեւացնեն միմյանց, այլ մտածեն արդարամիտ համախմբման մասին` ի շահ ազգային բարեկրթության պահպանման: Ինչ-որ տեղ հասկանալի է գործող վարչապետին սատարող ուժերի կազմակերպչական ակտիվությունը: Բայց պատմությունը, որ միշտ կրկնվում է, պետք է ուսանելի լինի բոլորի համար: Նոր նախագահն իրավունք չունի իրեն շրջապատել այնպիսի մարդկանցով, ինչպես եղել է նախկին նախագահի ժամանակ: Միեւնույն ժամանակ ցավալի է, որ հայ գիտության, մշակույթի համար գործ արած Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն, այնուամենայնիվ, մտավորական է, հանկարծ նման վերաբերմունքի է արժանանում: Մարդուն կարելի է քննադատել, բայց չի կարելի խայտառակել, վարկաբեկել: Իմ ցանկությունն է, որ նախագահական ընտրություններից առաջ այս կամ այն թեկնածուի համար պայքարող մարդիկ վեր կանգնեն անձնական շահերից եւ մտածեն մեր ազգային ինքնությանը պատիվ բերող արդար ընտրության մասին: