«Առողջության օրեր» Երեւանում

23/01/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը հայտնեց, որ 2008 թվին ՀՀ առողջապահական ոլորտին պետբյուջեով հատկացվել է 54 մլրդ 482 մլն 700.000 դրամ:

«Այս տարի առաջնային օղակին ավելի շատ գումար է տրամադրվում, քան ստացիոնար համակարգին: Սա այն քաղաքական գիծն է, որը մեր պետությունը հետեւողականորեն տանում է` նպատակ ունենալով ուժեղացնել առաջնային օղակը, քաղաքացիներին ավելի շատ օժանդակություն ցուցաբերել առաջնային օղակում` խուսափելով եւ՛ քաղաքացիների հիվանդությունների բարդացումից, եւ՛ ստացիոնար համակարգի թանկարժեք ծառայություններից»,- նշեց Ա. Սողոյանը` մատնանշելով 2008-ին քաղաքապետարանի կողմից կատարվելիք աշխատանքները: Ըստ այդմ` գործնականում կավարտվեն Համաշխարհային բանկի վարկային ծրագրով «Սուրբ Աստվածամայր» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների արդիականացման աշխատանքները: Վերջինս խոստացավ, որ այս տարի մենք կունենանք ժամանակակից տեխնիկայով հագեցած, լավ կրթված անձնակազմով, կառավարման օպտիմալ համակարգ ունեցող, ժամանակակից ծրագրերով հագեցած բժշկական կենտրոններ, որոնք մեր քաղաքացիներին կսպասարկեն բավականին լավ պայմաններում: Անդրադառնալով առաջնային օղակին` Ա. Սողոյանը տեղեկացրեց, որ շարունակվելու է ընտանեկան բժշկության ներդրումը, որի կապակցությամբ եւս 43 տեղամասային բժիշկներ, մանկաբույժներ եւ բուժքույրեր կվերապատրաստվեն` ձեռք բերելով ընտանեկան բժշկի կամ բուժքրոջ մասնագիտություն: 2008-ի տարեվերջին մայրաքաղաքում կունենանք գործող 427 ընտանեկան բժիշկներ եւ 285 բուժքույրեր: Ա. Սողոյանն անդրադարձավ նաեւ շտապօգնության համակարգին, որտեղ շարունակվելու է ավտոմոբիլային պարկի եւ սարքավորումների թարմացումը: «Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվել են բոլոր այն ծրագրերը, որոնք առողջապահության ոլորտում նախատեսված էին եւ՛ պետական բյուջեի, եւ՛ պետական նպատակների շրջանակներում: Այս տարի նախատեսված է ավելի սերտացնել կապը շտապօգնություն, պոլիկլինիկա եւ ստացիոնար համակարգերի միջեւ: Մեր քաղաքացիների բուժումը պետք է լինի շարունակական»,- վստահեցրեց Առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետը, ում համոզմամբ` քաղաքացու առողջապահական պատասխանատուն պետք է լինի տեղամասային թերապեւտը, իսկ հեռանկարում` ընտանեկան բժիշկը: Ի դեպ, Առողջապահության կազմակերպիչների միության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանի աջակցությամբ հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 2-ը Երեւան քաղաքի պոլիկլինիկաներում իրականացվելու են «առողջության օրեր»: «Ստացիոնարների, ավելի բարձրակարգ մասնագետները` պրոֆեսորները, դոցենտները, գիտության թեկնածուներն այդ օրերին լինելու են պոլիկլինիկաներում, եւ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվելու»,- նշեց Ա. Սողոյանը: Հարկ է նաեւ նշել, որ 2007-ի ընթացքում Երեւան քաղաքում ծնվել է 15.385 երեխա, որը 2006-ի ծնունդներից ավելի է 1081-ով: