Թուրքիայի պատմական ընկերության նախագահ տխրահռչակ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ ինքը «պատրաստ է մահապատժի ենթարկվել, եթե Հայոց ցեղասպանության պնդումներն իրողություն են»:
Հալաչօղլուն թուրքական «Հուրիեթին» ասել է, որ ձեռքում ունեցած «փաստաթղթերով» ինքը պատրաստ է ապացուցել Հայոց ցեղասպանության պնդումների «միանգամայն սուտ լինելը», եւ որ այդ «փաստաթղթերի» պատճառով է, որ Թուրքիայի վարչապետը «վիճաբանության հրավեր» է արել աշխարհին: Իր հայտնաբերած «փաստաթղթերից» ոգեւորված՝ Հալաչօղլուն հայտարարել է, որ «եթե Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն անելու մտադրություն ունենար, ինչո՞ւ պետք է հայերի տեղահանության ճանապարհներին հիվանդանոցներ բացեր, մեծահասակ հայերին 3 ղուրուշ, երեխաներին էլ` 60 ղուրուշ հատկացումներ աներ, բացի դրանից էլ՝ տոմսեր տրամադրեր՝ գնացքով նրանց մեկնելու համար»: «Մի՞թե նման պետությունը կարող է ցեղասպանություն կատարել»,- «զարմացած» հարցադրել է Հալաչօղլուն, հավելելով, որ իր գտած այդ «փաստաթղթերից» կան նաեւ Գերմանիայի, Ռուսաստանի եւ Իրանի արխիվներում: «Թուրքերը չեն ընդունում ցեղասպանությունը: Բայց, ընդունում են, որ հայերը մեծ դժվարություններ են կրել 1915-ին: Հայերն ու թուրքերը կարող են բարեկամ լինել, եթե հայերը խոստովանեն, որ իրենք նույնպես սխալներ են թույլ տվել եւ մեծ թվով մահմեդականներ էլ են սպանվել»,- ասել է իր արտահայտած անհեթեթություններին «հավատացած» թուրք գլխավոր պատմաբանը: