Բանկային կարգավորման համակարգի արդիականացման հիմնահարցերը Հայաստանում

23/01/2008 Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Տնտեսագիտության ասպարեզում նոր գրքի լույս ընծայումն իրական երեւույթ պետք է դիտվի, քանի որ, ի տարբերություն մի շարք այլ մասնագիտությունների, տնտեսագետի աշխատանքը ոչ միայն հնարավորություն է տալիս գնահատել հեղինակի մտավոր կարողությունը եւ գիտական մոտեցումները, այլեւ անմիջական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության զարգացման վրա` այսպիսով առնչվելով յուրաքանչյուրի կենսագործունեությանը:

Այս իմաստով գիտագործնական ձեռքբերում կարելի է համարել «Հայաստանում բանկային կարգավորման համակարգի արդիականացման հիմնահարցերը» աշխատությունը: Հիշյալ հիմնահարցերի մասին վերջին շրջանում խոսում են անգամ անձինք, ովքեր ոչ միայն առնչություն չունեն բնագավառի հետ, այլեւ առանձնապես հստակ պատկերացում չունեն դրա կայացման փուլերի մասին: Դրվատել է նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ աշխատության հեղինակը շոշափելի հետք է թողել հանրապետության ֆինանսաբանկային համակարգի առաջընթացում ոչ միայն ոլորտի բանիմաց ղեկավարման առումով, այլեւ այն բացառիկ մասնագիտական հետագծով, որը թույլ է տալիս արծարծվող հարցերին մոտենալ ոչ թե հարեւանցիորեն, այլ բանկային համակարգի եւ դրանով տնտեսության իրական հատվածը սպասարկելու լրջագույն մտահոգությամբ: Պրոֆ. Է.Սանդոյանին հաջողվել է խորապես ուսումնասիրել բանկային համակարգի վերակառուցման փորձերը խորհրդային տարիներին եւ դրա ձեւավորման առաջին քայլերը, օգտագործելով վիճակագրական հարուստ տվյալներ ինչպես առանձին բանկերի, այնպես էլ ողջ երկրի բանկային կարգավորման համակարգի վերաբերյալ: Բանկային համակարգի բարեփոխումների արդյունավետությունը հեղինակը համեմատում է մի կողմից՝ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների, իսկ մյուս կողմից` զարգացած արդյունաբերական երկրների հաջողված օրինակների հետ, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բանկային ակտիվներին, վարկային ներդրումներին, լիկվիդայնությանը, կապիտալներին եւ բանկային շահույթներին, շահութաբերությանը, տոկոսադրույքին եւ բանկային պարտավորությունների հիմնախնդիրներին: Այս եւ հարակից հարցերի բազմակողմանի վերլուծությունը թույլ է տալիս կատարել տնտեսագիտական իրատեսական ախտաճանաչում եւ հաշվի առնելով բանկային կարգավորման համակարգի կանոնակարգման գոյություն ունեցող օրենսդրական հիմքերի դրական եւ թերի կողմերը՝ անցում կատարել դեպի գիտականորեն հիմնավորված տեսակետների շարադրումը հիշյալ համակարգի արդիականացման ուղղությամբ: Ուսումնասիրության կարեւորագույն բաղադրիչներից է բանկային կարգավորման համակարգում դրա հիմնական դերակատար ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթների ու նորմատիվային հիմքերի վերլուծությունն ու դրանց բարելավման հնարավոր ուղիների ներկայացումը: Հատկանշական է, որ առաջարկները կրում են ինչպես ընդհանուր տեսական, այնպես էլ հստակ հաշվարկներով հիմնավորված որոշակի արժեքներ: Այսպես, օրինակ, Կենտրոնական բանկում պարտադիր ռեզերվացման գծով Է. Սանդոյանն առաջարկում է կիրառել տարբերականացված մոտեցում հետեւյալ տոկոսադրույքներով`

– ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով` 3%;

– երկարաժամկետ ավանդների գծով` 0%;

– միջինժամկետ ավանդների գծով` 3-5%;

– անժամկետ եւ կարճաժամկետ ավանդների գծով` 10-12%:

Հիշարժան են նաեւ բանկային կարգավորման մեթոդաբանության եւ ռիսկերի կառավարման հիմնահարցերի վերաբերյալ հեղինակի մտորումներն ու հստակ առաջարկները: Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում ինտենսիվորեն ներդրվող Բազել 2 բանկային վերահսկողության համակարգի հիմնարար սկզբունքներին Հայաստանում գործող բանկային կարգավորման եւ վերահսկողության համակարգի համապատասխանության գնահատականին, ապա այն դասակարգված ձեւով ներկայացված է առանձին աղյուսակի տեսքով, որը, ինչպես եւ աշխատությունում հանդիպող մի շարք այլ գծապատկերներ եւ գրաֆիկական պատկերներ, ավելի համոզիչ են դարձնում հեղինակի կողմից բերվող տեսական եւ գործնական բնույթի փաստարկները:

Տեսաբանների եւ ֆինանսաբանկային ոլորտի աշխատողների համար բացառիկ հետաքրքրություն ներկայացնող այս ուսումնասիրությունը կարիք ունի տրամաբանական շարունակության, ըստ որում, ոչ միայն պրոֆ. Է. Սանդոյանի կողմից: Հանրապետության համար հույժ կարեւոր նշանակություն ունեցող այս հիմնահարցերի գործնական լուծումները մեծապես պայմանավորված են, մեր կարծիքով, միջին եւ երիտասարդ սերնդի տնտեսագետների թիմի ձեւավորմամբ, որոնց հետազոտություններն անպայմանորեն պետք է պահանջարկված լինեն երկրի իշխանությունների կողմից: