Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Պարույր Սեւակ փողոցի բնակիչներն ամեն օր վեճ ու կռվի մեջ են՝ արդեն 15 տարի: Պատճառը բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող կիսակառույց մանկապարտեզի բակում առաջացած աղբանոցն է:
Մոտակա տների բնակիչներն արգելում են աղբը թափել կիսակառույցի բակում, իսկ մյուս բնակիչներն էլ բողոքում են, թե աղբը թափելու այլ հարմար վայր չկա: Նրանք նշում են, որ գոնե նախկինում կարող էին աղբը գետը լցնել, ինչը հիմա արգելված է. նման արարքի համար տուգանում են: Աղբ հավաքող մեքենան էլ Պարույր Սեւակ փողոցով չի անցնում: Ուստի բնակիչներին միայն մնում է աղբը թափել չսահմանված տեղում եւ ամեն օր վեճի բռնվել միմյանց հետ:
– Էսպես էլ փորձանք կլինի, ամբողջ օրը լուսամուտից չեմ հեռանում, հետեւում եմ, որ ոչ ոք աղբը էդտեղ չթափի, բայց գիշերն էլ հո չե՞մ կարող հսկել: Առավոտյան տեսնում եմ, որ գիշերը պարկերով աղբը բերել-լցրել են,- բողոքում է Պարույր Սեւակ փողոցի բնակիչ Լաուրա Մանուկյանը, որի տունը գտնվում է աղբանոցի հարեւանությամբ:
Աղբի պատճառով ամռանը փողոցը լիքն է միջատներով, նաեւ կրծողներով, որոնք լցվում են շրջակա տները, ստեղծում հակահիգիենիկ վիճակ: Տիկին Լաուրան երեք փոքրիկ թոռնիկ ունի, որոնք նախորդ ամռանն ալերգիա էին ընկել հագուստից, որոնց վրա աղբանոցի միջատներն էին հավաքվել: Ամռանը նույնիսկ վաղ առավոտյան այստեղ գարշահոտություն է տարածված, ինչի պատճառով էլ բնակիչները փակ են պահում իրենց դուռ ու լուսամուտն ու զրկված են մաքուր օդ շնչելու հնարավորությունից: Ձմռանն էլ աղբանոցում շներ են հավաքվում, որոնք կարող են հարձակվել անցորդների վրա:
– Հենց մութը տվեց, էլ ոչ ոք չի համարձակվում տնից դուրս գալ, որովհետեւ դուրս եկողը շների բաժին կդառնա: Առավոտյան էլ, երբ աղջիկս գործի է գնում, ես ու հարսս նրան ուղեկցում ենք, որ հանկարծ շները չհարձակվեն, իսկական դժոխք է,- ասում է տիկին Լաուրան:
Երբ մի փոքր քամի է լինում, աղբը «պար է բռնում» օդում, ապա լցվում է մոտակա տների բակերը: Ճիշտ է, բնակիչները համբերությամբ հավաքում են իրենց բակ լցված աղբը, սակայն երբեմն համբերությունը հատում է: Սիլվա Սամվելյանը նշում է, որ իր տղային չի թողնում հողամաս մտնել, որովհետեւ «ամոթ էլ ա, որ ասեմ, թե ինչեր ա քամին իմ բոստան լցնում էդ զիբիլանոցից»:
Բնակիչների բողոքից հետո անցած տարի քաղաքապետարանը մեքենա էր ուղարկել կուտակված աղբը հեռացնելու համար: Սակայն բնակիչների մի մասը հրաժարվել էր ծառայության համար վճարելուց, ուստի եւ մեքենան ողջ աղբը չէր հեռացրել:
Մարտունիում աղբահանությամբ զբաղվում է «Փայլ» ՓԲԸ-ն: Ընկերության տնօրեն Վաչագան Գուլանյանը նշում է, որ բնակիչներն աղբահանության համար չեն վճարում, ուստիեւ աղբահանությունը չեն կարողանում լավ կազմակերպել: Պարոն Գուլանյանը նշում է, որ անցած տարվա ընթացքում Մարտունիում աղբահանության համար հավաքագրվել է ընդամենը 13.000 դրամ, որով հնարավոր չէ ոչ աղբարկղեր տեղադրել, ոչ էլ նոր տեխնիկա ձեռք բերել:
Բնակիչները, սակայն, պնդում են, որ նախ պետք է աղբահանությունը նորմալ կատարվի, որից հետո միայն կվճարեն ծառայության դիմաց:
«Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ գուցե կարողանանք այս տարի նոր մեքենա ձեռք բերել աղբահանման համար, ինչը բավականին կկարգավորի աղբահանության գործընթացը»,- նշում է Վաչագան Գուլանյանը:
Իսկ առայժմ քաղաքում աղբահանությունը կատարվում է երկու մեքենայով, որոնք բավականին հին են ու հաճախ են վերանորոգման կարիք ունենում: