ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ու Միջազգային հետազոտական ինստիտուտը (IRI) ետ են վերցնում ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում «exit poll»-ի անցկացման առաջարկը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «exit poll»-ի անցկացման առաջարկի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ինտենսիվ եւ մանրամասն քննարկումներից հետո Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) եւ Բոլթիկ Սըրվեյզ/Գելափ (Baltic Surveys Ltd/Gallup) կազմակերպությունը չկարողացան բոլոր ընթացակարգային հարցերի համար գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեին բոլոր կողմերին: «Հետեւաբար, ԱՄՆ-ի դեսպանությունն ու ԱՄՆ ՄԶԳ-ն որոշեցին չիրականացնել այդ նախագիծը,- ասված է հաղորդագրության մեջ,- Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «exit poll»-ի անցկացումը սկզբունքորեն կարող է օգտակար գործիք հանդիսանալ ընտրությունների թափանցիկության եւ վստահարժանության մեծացման համար: Կոնկրետ այս դեպքում, հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների համար մինչ փետրվարի 19-ը մնացած սահմանափակ ժամանակը եւ քաղաքական դաշտի տարբեր մասերում բարձրացված հարցերը, մենք որոշում կայացրեցինք, որ առավել խելամիտ կլինի չշարունակել մի այնպիսի նախագիծ, որի իրականացման հետ կապված խնդիրներ կան, ու որը կարող է ՀՀ քաղաքական բանավեճում ոչ օգտակար խմորումների տեղիք տալ»: