Հայաստանի նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու շատ լուրջ շանսեր ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, լավ աշխատանքի դեպքում առաջին նախագահի հաղթանակը կարող է իրականություն դառնալ հենց առաջին փուլում:
Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նշելով, թե չի ուզում թերագնահատել թեկնածուներից որեւէ մեկին՝ ՀԺԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահի ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է առաջին նախագահի եւ գործող վարչապետի միջեւ, եւ նրանցից հաղթելու լուրջ շանսեր ունի հենց առաջին նախագահը: Հարցին, թե առաջին նախագահի հաղթանակի դեպքում ինչ պաշտոն կզբաղեցնի ինքը, Ս. Դեմիրճյանը` նշելով, թե չի կարելի առաջնայինը շփոթել երկրորդականի հետ, պատասխանեց: «Կարեւորը հաղթելն է, իսկ մնացածը նորմալ կլինի»: ՀԺԿ նախագահը խոսեց նաեւ առաջին նախագահի նախընտրական ծրագրի մասին՝ ասելով, որ այն համահունչ է իրենց մոտեցումներին: Ս. Դեմիրճյանը կիսում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի մոտեցումը. ԼՂ-ն պետք է վերստին բանակցային կողմ դառնա, եւ այդ գործընթացում Հայաստանը չպետք է փոխարինի ԼՂ-ին: Երբ ներկա լրագրողներից մեկը նկատեց, որ այս իշխանություններն էլ են դա ասում, Ս. Դեմիրճյանը փաստեց, որ նախկինում դա այդպես չէր: Եվ որպես ասվածի ապացույց՝ ՀԺԿ առաջնորդը հիշեցրեց, թե ինչպես էր 2003 թվականին ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլից առաջ իր հետ հեռուստաբանավեճում Ռոբերտ Քոչարյանը ջանասիրաբար փորձում ապացուցել հակառակը: Անդրադառնալով բուն ընտրություններին՝ բանախոսը նկատեց. «Միամտություն կլինի կարծել, թե այն իշխանությունները, որոնք կեղծել են ընտրություններ, հանրաքվե, ունեն հարուստ փորձ, այս անգամ երաշխավորելու են ազատ, արդար ընտրություններ»: Միաժամանակ նա վստահեցրեց, որ այս անգամ հնարավոր չի լինելու կեղծիքներով որեւէ մեկին նախագահ նշանակել: Ըստ նրա, իշխանափոխությունից հետո «վհուկների որս» չի լինի, բայց հանցանք կատարած ցանկացած մարդ պետք է պատժվի: «Երբ ասում ենք՝ պետք է բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը, ասում են՝ առաջնորդվում են վրեժխնդրությամբ: Սա ի՞նչ մակարդակ է ընդհանրապես: Սա ի՞նչ բարոյական մակարդակ է: Հանցագործությունները պետք է բացահայտվեն, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա պետության խնդիր է, ոչ թե բարեկամների, ազգականների»:
Դրածոների ողորմելի էությունը
Ս. Դեմիրճյանը երեկ հրաժարվում էր մեկնաբանել շինծու, ներդրված «ընդդիմադիրների» տարատեսակ հայտարարությունները, սակայն մի պահ նա, այնուամենայնիվ, թեեւ առանց անուններ նշելու, բավականին պարզ արտահայտվեց նմանօրինակ մի նախագահացուի՝ Արտաշես Գեղամյանի մասին: Երբ լրագրողներից մեկը պրն Դեմիրճյանից մեկնաբանություն խնդրեց Գեղամյանի ու նրա կուսակիցների՝ առաջին նախագահի նկատմամբ սկսած հակաքարոզչության, մասնավորապես՝ «Հոկտեմբերի 27»-ն առաջին նախագահի շրջապատի հետ կապելու փորձերի մասին, Ս. Դեմիրճյանը նշեց, թե «Հոկտեմբերի 27»-ը չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Փաստելով, որ նույն այդ մարդիկ Կարեն Դեմիրճյանի դեմ ամենաստոր պահվածքը դրսեւորելուց հետո՝ այսօր նրա հիշատակի մասին են խոսում՝ Ս. Դեմիրճյանը շարունակեց. «Մենք ինչ ասում ենք, ասում ենք փաստերի հիման վրա: Իսկ շահարկման առարկա դարձնելն իսկապես անբարոյականություն է»: Այնուհետեւ արձագանքելով ներկաներից մեկի այն դիտարկմանը, թե նախագահի թեկնածուներից մեկն ասում է, որ Լ. Տեր-Պետրոսյանն իշխանությունների դրածոն է (Արտաշես Գեղամյանի ներկայությամբ ու լուռ համաձայնությամբ նման հայտարարություն է արել Գեղամյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը), Ս. Դեմիրճյանը, դարձյալ առանց անուններ նշելու, պատասխանեց. «Անլուրջ խոսակցություն է: Այս օրերին ինչ անհեթեթ խոսակցություն ասես, կդրվի շրջանառության մեջ: Քիչ առաջ էլ նշեցի, նաեւ անցնում են բարոյականության բոլոր նորմերը: Լավ, ամոթ է, ամաչեք: Ոմանք պետք է ամաչեն իրենց արածից, իրենց գրածից: Վերջին հաշվով, նրանք դրանով իրենց ողորմելի էությունն են ցույց տալիս: Եվ գիտեք, ոմանք իրենց տերերից ստացած փողերի հետ ոնց որ նաեւ այն կենդանական ատելությունն են ստանում, որ իրենց տերերն ունեն Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, իմ նկատմամբ: Այդ փողի հետ դա էլ է փոխանցվում՝ այդ կենդանական ատելությունը: Ամեն ինչ էլ կարելի է ասել, քննադատել, բայց չափ կա, ձեւ կա, բարոյականության նորմեր կան, որոնք որեւէ մեկը պետք է չանցնի»: ՀԺԿ ղեկավարը նաեւ կարծիք հայտնեց, թե ակնհայտ է, թե որտեղ է նմանօրինակ մարդկանց տեղը: «Մեկնաբանելու կարիք չկա, ամեն ինչ բոլորի համար պարզ է»,- նկատեց նա: