ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքին մասնակցելու համար հունվարի 20-26-ը Ստրասբուրգում կլինի ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են պատվիրակության ղեկավար, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, նույն հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանը, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» սպասում է Ր. Հովհաննիսյանի վերադարձին, ինչից հետո միայն որոշում կկայացնի ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածուներից մեկին սատարելու վերաբերյալ: Սպասվում էր, որ Հովհաննիսյանն ԱՄՆ-ից ՀՀ կվերադառնա հունվարի 15-ին, հետո հայտարարվեց, թե նա դասախոսություններ կարդալու նպատակով գտնվում է Եվրոպայում եւ կվերադառնա հունվարի 20-ին, իսկ հիմա էլ պարզվում է, որ առնվազն մինչեւ ամսի 26-ը Հովհաննիսյանը ՀՀ-ում չի լինի: Ի դեպ, ՀՀ առաջիկա ընտրության վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշման ձգձգման առնչությանբ քաղաքացիներից մեկն ինտերնետային ֆորումներից մեկում իր դժգոհությունն արտահայտել էր հետեւյալ կերպ. «Այ տղա, Րաֆֆի, տեղ հասանք, զարթնի»: