Քանի՞ նախագահ ենք ունենալու

21/01/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դատելով նախագահի թեկնածուների թիմակիցների հայտարարություններից, փետրվարի 20-ին Հայաստանն ունենալու է ամենաքիչը 2-3 նախագահ:

Համենայնդեպս, երեկ, մեկ ժամվա տարբերությամբ, «զգալի ձայների» առավելությամբ ընտրությունները մեկ փուլով հաջողությամբ ավարտելու մասին հայտարարություններ են արել թե՛ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, թե՛ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ՝ ԱԺՄ նախագահ Վազեն Մանուկյանը: Բայց քանի որ Հայաստանի նախագահի աթոռն ընդամենը մեկն է, յուրաքանչյուրը փորձում է այս ժամանակահատվածում, գոնե մտովի, տեղավորվել այնտեղ: «Իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե զարգացումները գնան այսպես, ապա առաջին փուլում Սերժ Սարգսյանը կհաղթի լուրջ առավելությամբ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Է. Շարմազանովը: Քանի որ օրեր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի վերաբերյալ ճիշտ նույն հայտարարությունն էր արել Արաբկիր համայնքում Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավար, ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը, Է. Շարմազանովին լրագրողները խնդրեցին մեկնաբանել այն. «Ես բավականին բարձր եմ գնահատում իմ հայրենակից պարոն Մանուկյանի հումորի զգացումը, որովհետեւ ես չեմ տեսնում այն հնարավորությունը, որ առաջին նախագահը հաղթի առաջին փուլում»: Իսկ երկրորդ փուլո՞ւմ. այս հարցին էլ Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Հենց Տեր-Պետրոսյանը «Մարիոտ» հյուրանոցում հայտարարեց, որ իշխանության թեկնածուին կարելի է հաղթել միայն այն դեպքում, եթե բոլոր ընդդիմադիր թեկնածուները միավորվեն` անկախ նրանից, թե ում շուրջ: Քանի որ ընդդիմադիրները չհամախմբվեցին, կարծում եմ, որ հենց ընդդիմադիրների տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլով: Շատ պատճառներ կան նաեւ, թե ինչու Սերժ Սարգսյանը կհաղթի հենց առաջին փուլում, դրա մասին մենք կխոսենք քարոզչության ընթացքում»: Արդյոք ՀՀԿ-ում մտավախություն չունե՞ն, որ, ինչպես Լ.Տեր-Պետրոսյանն էր ասել, 10-15 օր հետո ուժային կառույցներն այլեւս չեն ենթարկվի իրենց ղեկավարներին: Այս հարցին ի պատասխան՝ Շարմազանովն ասաց. «Մեզ համար շատ անսպասելի է, որ Տեր-Պետրոսյանը նաեւ կանխատեսումներ է անում: Ուժային կառույցները Հայաստանի Հանրապետությունում չեն մասնակցում քաղաքական պրոցեսներին, եւ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքացի ունի ազատ ընտրության իրավունք: Իր կառավարման ժամանակ չգիտեմ ոնց է եղել, բայց մենք այս իշխանությունների օրոք հասել ենք նրան, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի»,- հայտարարեց Շարմազանովը: ՀՀԿ նախագահի թեկնածուի շտաբի խոսնակը լրագրողների խնդրանքով` որպես պատգամավոր, անդրադարձավ առաջին նախագահի այն հայտարարությանը, թե նախագահ ընտրվելուց հետո կառավարության անդամներին կնշանակի ինքը` հաշվի առնելով այս փուլում նրանց կատարած աշխատանքը: «Կոռեկտ չի լինի խորհուրդ տալ առաջին նախագահին, սակայն կցանկանայի, որ նրա թիմակիցները եւս մեկ անգամ ուշադիր ընթերցեին Սահմանադրությունը: Այնտեղ հստակ ասվում է, որ քաղաքական մեծամասնությունն ունի կառավարության ձեւավորման գործառույթ: Քաղաքական մեծամասնությունը հստակ հաստատել է կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը, եւ կարծում եմ` անկախ այն բանից, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը, նա պետք է գործի եւ հարգի ՀՀ օրենսդրությունը եւ մասնավորապես՝ Սահմանադրությունը»,- ասաց ԱԺ մեծամասնության պատգամավոր Է. Շարմազանովը:

Ի դեպ, վերջինս այս անգամ արդեն որպես ՀՀ քաղաքացի խիստ վիրավորվել է Լ. Տեր-Պետրոսյանի` գործող իշխանություններին տված գնահատականներից: Մասնավորապես` «ավազակապետություն» որակումից. «Ես որպես ՀՀ քաղաքացի՝ հիասթափված եմ, որ իմ երկրի առաջին նախագահը նման բառերով է բնորոշում իր երկիրը»,- ասաց Է. Շարմազանովը: Դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանը «ավազակապետություն» է բնորոշել ոչ թե երկիրը, այլ գործող իշխանություններին, նա պատասխանեց. «Իշխանությունների՞ն է ասում: Իսկ ինչպե՞ս եք գնահատում նրա այն հայտարարությունը, որ հանրահավաքում նա խոսում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մարտական փառահեղ ուղու մասին եւ երկու հանրահավաք հետո այլ որակումներ է տալիս` «Մուսաֆաթի գործակալներ» եւ այլն: Դա նորմա՞լ է»:

Հ.Գ. Է. Շարմազանովը «հակաքարոզչություն» որակեց շրջանառվող լուրերը, թե ընդդիմադիր թեկնածուներին շտաբների համար տարածքներ վարձակալելու հարցում իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում. «Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները հերքել են այդ լուրերը: Եվ, կարծում եմ, Հայաստանում վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ գոյություն ուներ վախի մթնոլորտ»,- ասաց նա: