Երկրորդ փուկ չի՞ լինելու

21/01/2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 18-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում` պատասխանելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականության մասին հարցին, հայտարարել է, թե այդ մասին խոսակցությունները շրջանառում են քաղաքական ուժերը` «քաղաքական սակարկությունների դաշտ ապահովելու համար»: Նախ Ռ. Քոչարյանը ասել է, թե ժողովուրդն է որոշում` քանի փուլով կանցնեն ընտրությունները, այնուհետեւ նշել է, թե սոցհարցումները ցույց են տալիս, որ իշխանության թեկնածուն` Սերժ Սարգսյանն, ունի առաջին փուլով հաղթելու մեծ հավանականություն: Հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ,

եթե մյուս թեկնածուներն ասում են, որ հաղթելու են, ապա ինքն արդեն հաղթել է, Ռ. Քոչարյանը սարկազմով պատասխանել է. «Շնորհավորում եմ»:

Ի դեպ, Ռ. Քոչարյանը դարձյալ կոնկրետ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել փետրվարի 19-ից հետո: Նա խոստացել է այդ մասին խոսել ապրիլ ամսին, նոր նախագահի պաշտոնամուտի ժամանակահատվածում:

«Մադրիդյան փաստաթղթի բովանդակության ընդհանուր տրամաբանությունն ընկալելի է, բայց կան կետեր, որոնց շուրջ մենք ունենք այլ կարծիք: Հարցի շուրջ քննարկումներն այդ փաստաթղթի կոնտեքստից դուրս չեն, բայց կան մի քանի կետեր, որոնց շուրջ դեռ բանակցությունները շարունակվելու են: Այդ փաստաթղթի տրամաբանության մեջ իրականում կարելի է հարցի լուծումը գտնել, եւ, կարծում եմ, կողմերի համար շահավետ լուծումը»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցությունից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ավելացնելով, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծում մոտակա ժամանակներում չի լինի: «Հաջորդ նախագահը կշարունակի բանակցությունները»,- ասել է նա: Ըստ Ռ.Քոչարյանի` մադրիդյան փաստաթղթին արձագանք արդեն եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրերս կատարած այցի ընթացքում, եւ նրանք եւս նշել են, որ փաստաթուղթը կարծր չէ եւ վերջնագիր չէ կողմերին:

Ինչ վերաբերում է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությանը, թե` ԼՂ մասնակցության որոշումն ամբողջապես կախված է հայկական կողմից, քանի որ Հայաստանն է որոշել ներկայացնել ԼՂ շահերը բանակցային գործընթացում, Ռ. Քոչարյանն ասել է, թե Հայաստանը երբեք նման որոշումներ չի կայացրել: «Դա ստացվեց մեկ այլ կերպ. կար փակուղի, եւ սկսվեց իմ եւ նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ ակտիվ բանակցային գործընթաց, որը գրեթե ավարտվում էր փաստաթղթի ստորագրմամբ Քի Վեստում: Ուղղակի այդ գործընթացը փաստացի բերեց սրան, իսկ մինչ այդ, ըստ էության, սառեցված էին, բանակցություններ չկային, քանի որ ուղղակի փակուղի էր, բայց հատուկ որոշում երբեք չի եղել»,- ասել է Ռ. Քոչարյանը: Վերջինիս հավաստմամբ` այսօր Ղարաբաղը շարունակում է մնալ գործընթացի մեջ, «համանախագահները գալիս են տարածաշրջան, այցելում են Ղարաբաղ, բանակցում են Ղարաբաղի հետ»: «Պատկերացրեք, եթե ես կամ հաջորդ նախագահը 6-7 ամիս չհանդիպենք Ադրբեջանի նախագահի հետ, ինչ ձեւաչափ մենք կունենանք: Ղարաբաղը մասնակցում է գործընթացին ճիշտ այնպես, ինչպես մասնակցում է Հայաստանի Հանրապետության նախագահը, ուղղակի այս ընդհանուր բանակցային գործընթացում կա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձեւաչափ: Բոլոր հարցերը միջնորդների կողմից քննարկվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Ես փաստն եմ արձանագրում, որ ԼՂ-ն բանակցային գործընթացի ակտիվ մասնակից է, մենք կցանկանայինք, որ նախագահների հանդիպումների ձեւաչափում Ղարաբաղը եւս ներգրավված լինի: Բոլորը մեզ ասում են, որ եթե փաստաթուղթը լինի վերջնականապես պատրաստ, նաեւ մենք ենք դա պնդում, առանց Ղարաբաղի իշխանությունների ստորագրության չի կարող այն ընդհանրապես կայանալ, եւ անմիջապես այդ պահից հետո Ղարաբաղը կմասնակցի գործընթացին»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Ի դեպ, երեկ Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է. «Պաշտոնական Բաքուն չի քննարկում բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին ներգրավելու հարցը»: Նա նաեւ վստահեցրել է, թե նման հարց ընդգրկված չէ այն փաստաթղթում, որը դրված է բանակցությունների սեղանին:

Երկու փուլը պարտավորեցնում է

«Ունենք բավարար քաղաքական կամք` ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու համար: Այդ կամքը մենք դրսեւորեցինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ գիտակցում ենք, որ հետ նահանջ այս հարցում իրավունք չունենք ունենալ: Մենք տրամադրված ենք շատ լուրջ եւ ակնկալում ենք նաեւ, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչները դուրս կգան նեղ կուսակցական շահերից եւ իրենց կդիտեն որպես պետական կառույցի անդամ եւ կաշխատեն այդ ոճով ու այդ տրամաբանությամբ, որովհետեւ շատ բան է կախված լինելու հատկապես ընտրությունների օրը հենց կենտրոնական եւ տարբեր կարգի ընտրական հանձնաժողովների աշխատանքի որակից: Իսկ այդ հանձնաժողովները ձեւավորվել են հիմնականում հենց կուսակցությունների ներկայացուցիչներից»,- պատասխանելով լրագրողների` ՀՀ նախագահի ընտրությունների հետ կապված հարցերին ասել է Ռ. Քոչարյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության կողմից բարձրաձայնած` նոր անձնագրերի տպագրության մասին լուրերի կապակցությամբ Ռ. Քոչարյանն ասել է. «Անձնագրերի առումով նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող դա անել, նույնիսկ հնարավոր չէ: Այն գումարը, որը բյուջեում նախատեսված է անձնագրերի համար` 178 միլիոն դրամ, ես երաշխավորում եմ, որ առաջին եռամսյակում չի ծախսվելու գոնե մեկ դրամ: Ընդհանրապես մենք մտածում ենք այդ գումարն այս տարի ծախսել նոր անձնագրային համակարգ ներդնելու համար»,- եւ պարզաբանել է, որ Բրյուսել այցելության ժամանակ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մտցնել նոր համակարգ` բիոչիպերով անձնագրեր ունենալու պարագայում ավելի հեշտ կլինի թեթեւ վիզային ռեժիմներ ունենալ Եվրամիության երկրների հետ:

Նա նաեւ նշել է, որ բողոքների մի զգալի մասը շինծու են լինելու եւ արվելու են ընտրությունների ընդհանուր պատկերը վարկաբեկելու նպատակով: «Պետք է նաեւ հասարակությունը գիտակցի, որ ունենք ընդդիմադիրներ, ովքեր մասնագիտացել են այդ գործում եւ ամեն ինչ չընդունեն միանշանակ: Դատախազության կողմից ստեղծվելու է խումբ, որը շատ արագ արձագանքելու է բոլոր բողոքներին: Այդ պրակտիկան կիրառվել է նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նրա խոսքերով` 2007թ. առաջին անգամ ընտրախախտումների համար մարդիկ են դատվել, եւ նույն մոտեցումը կկիրառվի նաեւ այս անգամ: Ռ. Քոչարյանը` ի պատասխան ընտրությունների մեկ կամ երկու փուլով տեղի ունենալու կանխատեսումներին, ասել է, որ ժողովուրդն է քվեարկությամբ որոշելու` քանի փուլով կանցնեն գալիք ընտրությունները: «Փորձեմ բացատրել, թե ինչու որոշ քաղաքական ուժեր շատ զգայուն են այս հարցի նկատմամբ. երբ մեկը նախագահ է ընտրվում մեկ փուլով, ապա նա պարտավորված է լինում առաջին հերթին ժողովրդի, ընտրողների առջեւ այն խոստումների, ծրագրերի կատարման համար, որոնցով ինքը ներկայացել է հանրությանը: Եթե ընտրվում է երկրորդ փուլով, ապա առաջին փուլից հետո մեծ դաշտ է բացվում քաղաքական սակարկությունների համար` ով ում կպաշտպանի, ում կմիանա եւ դրա դիմաց ինչ կունենա, եւ, իհարկե, այդ հնարավորություններից զրկվելը երեւի հաճելի չէ, բայց սա ժողովրդի շահերի հետ կապ չունեցող հարց է ու ավելի շատ քաղաքական գործիչների, այս կամ այն քաղաքական միավորների շահերի հարց է: Ես երկու անգամ ընտրվել եմ երկու փուլով, գիտեմ` ինչի մասին եմ խոսում եւ իսկապես ժողովրդի առջեւ պարտավորություններին գումարվում են որոշ պայմանավորվածություններից բխող պարտավորություններ: Շատ ավելի ցանկալի է, որ ընտրված նախագահն այդպիսի կողմնակի պատավորություններով պարտավորված չլինի»,- ասել է նա: