– Վաղուց հայտնի է, որ քաղաքական լիդերների հոգեբանական նկարագիրը կարեւոր ազդեցություն ունի երկրների քաղաքական գործընթացների վրա։ Ըստ ձեզ, նախագահի առաջադրված 9 թեկնածուները, որպես պոտենցիալ քաղաքական լիդերներ, ինչպիսի՞ հոգեբանական առանձնահատկություններ ունեն։
– Մարդկության պատմությունը ի հայտ է բերել քաղաքական լիդեր դառնալու ընդամենը երեք տարբերակ. պայքար եւ բռնություն, լիդերության ժառանգում եւ ընտրություններ։ Ակնհայտ է, որ ժառանգման տարբերակը հանրապետական կարգերի դեպքում բացառված է, զարգացող ժողովրդավարության դեպքում բռնությունն ու պայքարը նույնպես խիստ հազվադեպ են, սակայն բացառված չեն, ուստի քաղաքական առաջնորդ ընտրելու ժողովրդավարական կարգը մեզ համար այլընտրանք չի կարող ունենալ։ Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուների հոգեբանական նկարագրերին, չնայած ժամանակակից քաղաքականության եւ հոգեբանության մեջ կան առաջնորդների բազմաթիվ դասակարգումներ՝ ըստ իրենց հոգեբանական առանձնահատկությունների, սակայն, խիստ մասնագիտական բնորոշումներից զերծ մնալու համար հնարավորինս մատչելի նկարագրենք ներկայացված թեկնածուներին։
Արթուր Բաղդասարյան. ունի բարձր ինքնագնահատական, սեփական ես-ի անվերապահ պաշտամունք եւ այդ պաշտամունքի պարտադրում իր անմիջական շրջապատին, քաղաքական իմիջի եւ իրական հոգեբանական կերպարի միջեւ հսկայական խզում, ուժեղ կերպար ներկայանալու փորձեր անելով հանդերձ՝ իրականում ունենալով թույլ հոգեբանական եւ նյարդային համակարգ՝ չի կարողանում թաքցնել իր էմոցիաները, շատ արագ դուրս է գալիս հավասարակշռությունից, կորցնում է ինքնատիրապետումը, ինչը, բնականաբար, հասարակության մոտ ենթագիտակցորեն անվստահություն է առաջացնում տվյալ գործչի հանդեպ։ Որովհետեւ հասարակությունը բնազդորեն ընկալում եւ ընդունում է վստահ, կրիտիկական իրավիճակներում իրեն չկորցնող, հարկ եղած դեպքում՝ պատասխանատվություն վերցնող, ուժեղ կամային հատկություններով առաջնորդների։
Լեւոն Տեր-Պետրոսյան. Այս կերպարի հոգեբանական տիպի վրա մեծ ազդեցություն ունի նախկինում իշխանության բարիքները վայելած, հետագայում իշխանությունից եւ հանրային համակրանքից զրկված մարդու բարդույթը։ 1996 թվականի դեպքերից հետո, որպես հոգեբանական առանձնահատկություն, մնացել է անթաքույց արհամարհանքը եւ անվստահությունը բոլորի, այդ թվում՝ իր մերձավորագույն շրջապատի հանդեպ, ինչի վկայությունն էր վերջին հայտնի դեպքը, երբ «Ղարաբաղ» կոմիտեի գործի հատորները պահելով իր տանը, նա հարկ չէր համարել այդ մասին տեղյակ պահել անգամ իր մտերիմներին` վերջիններիս դնելով խիստ անհարմար վիճակի մեջ։ Լեւոն Տեր-Պետրոսյանին բնորոշ է նաեւ նարցիսիզմի հասնող ինքնաբավությունն ու չարությունն առ այն հասարակությունը, որը «համարձակվել է» դեմ գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ես-ին։ Չափից ավելի բարձր ինքնագնահատական, աչքի զարնող ինքնասիրահարվածություն, բավականին եսակենտրոն անձնավորություն. սա է այդ տիպի հոգեբանական նկարագիրը։
Ինչպես եւ Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս իր հոգեբանական տիպով խաղացող է. այսինքն, սիրում եւ կարողանում են «թոզ փչել», սենսացիոն երեւալ, սակայն նման գործիչները սեփական շահից ելնելով` շատ արագ փոխում են իրենց դիրքորոշումները, ի վիճակի չեն լիարժեք աշխատել, գլուխ չեն հանում խնդիրներից, նրանց հիմնական շարժիչ ուժը ցանկացած գնով իշխանության հասնելն է, եւ այդ հիվանդագին տենչի պատճառով իշխանության հասնելու դեպքում անգամ նրանք շատ շուտ կորցնում են այդ իշխանությունը։ Չեն դիմանում կազմակերպված հակազդեցության, ինչի օրինակն է 2006-ին Արթուր Բաղդասարյանի հրաժարականը ԱԺ նախագահի պաշտոնից եւ 1998-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ում մեկ անգամ պարտված թեկնածուն այլեւս որեւէ ռեալ շանս չի ունենում վերադառնալու քաղաքական դաշտ։ Հոգեբանության մեջ դա կոչվում է՝ «ձախողակի սինդրոմ»։ Ինչպես նկատեցիք, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հոգեբանական նկարագրերն ընդհանուր շատ եզրեր ունեն, եւ պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը եղել է Արթուր Բաղդասարյանի իդեալն ու ուսուցիչը։
– Լավ, իսկ ի՞նչ կասեք Սերժ Սարգսյանի մասին։
– Սերժ Սարգսյանը բոլոր թեկնածուների մեջ, իմ կարծիքով, շատ հետաքրքիր հոգեբանական կառուցվածք ունի։ Անցած 15 տարիների ընթացքում պահպանելով հոգեբանական իր հիմնական բնորոշիչները՝ ուժեղ կամային հատկություններ, խնդիրների ռազմավարական ընկալում եւ մոտեցում, ուժեղ եւ հաջողակ ճգնաժամային կառավարիչ, այնուհանդերձ, փորձում է հասարակության համար դառնալ ավելի բաց առաջնորդ։ Դրա ապացույցն են իր վերջին շրջանի շփումները հանրության տարբեր շերտերի հետ եւ գնալով առավել անմիջական դարձող հրապարակային ելույթները։ Սերժ Սարգսյանը եւս բարձր ինքնագնահատական ունի, սակայն, ի տարբերություն վերոնշյալ թեկնածուների, Սերժ Սարգսյանի մոտ դա չի ընկալվում որպես անձի պաշտամունք, նա իր անձի շուրջ չի ձեւավորում «երկրպագուների երգչախումբ» եւ իր լիդերության աուրան ձեւավորում է ավելի բնական։ Սերժ Սարգսյանին կարելի է դասել բաց լիդերների շարքին, որոնք հետեւողական են, չեն խուսափում դժվար խնդիրներից, աշխատանքի մեջ պարտաճանաչ են, միաժամանակ՝ նաեւ ճկուն, հաշվի են առնում ընթացիկ իրողությունները, սակայն միտված են դեպի ապագան։ Նման մարդկանց ձեռքում իշխանությունը երկար ժամանակ է մնում։
շարունակելի