Ազատ եւ կոռումպացված «օկուպանտի» ինդեքսը

21/01/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մի անգամ մեկը, ցանկանալով ապացուցել, որ Դիոգենեսի դատողությունները սխալ են, հարցրեց նրան. «Ես դու չեմ, ճի՞շտ է»։ Ճիշտ է՝ պատասխանեց Դիոգենեսը։ Հետեւեց երկրորդ հարցը՝ ես մարդ եմ, ճի՞շտ է։ Դա էլ է ճիշտ, ասաց փիլիսոփան։ Հանդուգն զրուցակիցն այդ ժամանակ ասաց՝ քանի որ ես դու չեմ, ու ես մարդ եմ, հետեւաբար դու մարդ չես։ «Այ դա արդեն սուտ է,- պատասխանեց Դիոգենեսը,- եթե ուզում ես ի հայտ բերել ճշմարտությունը, քննարկումը սկսիր ինձանից»։

Վերջերս լույս տեսավ «Heritage Foundation» հիմնադրամի տարեկան զեկույցը՝ 2008թ. տնտեսական ազատությունների ինդեքսը։ Եվ այն անմիջապես գրավեց հեռուստատեսային նորությունների «հիթ-շքերթի» առաջին հորիզոնականները։ Բա ո՞նց, մեր երկիրն՝ իր ազատ տնտեսությամբ, 162 երկրների թվում հայտնվել է 28-րդ տեղում։ Կարմիր թելի նման նախ նշվում է, որ ԱՊՀ-ում այս առումով առաջինն ենք, Եվրոպական տարածաշրջանի 41 երկրներից 15-րդը, եւ մեզնից ետ ենք թողել այնպիսի երկրների, ինչպիսիք են Ավստրիան, Իսպանիան, Նորվեգիան եւ այլն։ Ի դեպ, անցյալ տարի 32-րդ տեղում էինք, իսկ նախանցյալ տարի՝ 26-րդ։ Ինչու ենք այս մասին ասո՞ւմ, եթե արդեն հասցրել են օրը հարյուր անգամ խոսել այս «սենսացիոն» նվաճման մասին, որն, ի դեպ՝ մի քանի տարի շարունակ կայուն արձանագրվում է։ Բանն այն է, որ ամեն ինչ չէ, որ ասվում է։ Մենք կասենք չասվածը։

Նախկինում առիթ ունեցել ենք նշելու, սակայն մեկ անգամ եւս հաստատենք՝ տնտեսական ազատության ինդեքսը չի նշանակում, որ մենք տնտեսական զարգացում կամ տնտեսության հզորություն ունենք։ Այն ընդամենը ցույց է տալիս, թե երկրի տնտեսությունը որքանով է լիբերալ։ Իսկ չափից դուրս լիբերալիզմը լավ է, թե վատ՝ դրանում տնտեսագետները միակարծիք չեն։ Տարօրինակ իրավիճակ է. նախկին իշխանություններին շատ հաճախ քննադատում են չափից դուրս լիբերալ լինելու մեջ, սակայն ներկաները (որոնք ավելի շատ համարվում են պահպանողական) ավելի շատ են պարծենում «Heritage»-ի տված գնահատականներով։ Իհարկե, անկախ լիբերալիզմի կողմնակիցների կամ ընդդիմախոսների կարծիքներից, տնտեսական ազատության ինդեքսում կան այնպիսի չափանիշներ, որոնք նորմալ երկիր ունենալու համար շատ կարեւոր են՝ մասնավոր սեփականության պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն։ Սակայն հարց է, թե «Heritage»-ի գնահատականները որքանո՞վ են արտացոլում իրականությունը։ Գնահատման մեջ մեծ դեր ունի երկրի օրենսդրությունը։ Մեր օրենքները, եթե ազնիվ լինենք, վատը չեն։ Սակայն դրանք ինչպե՞ս են գործում, այդ մասին ամերիկացիները հաստատ մեզնից լավ չգիտեն։ Մեզնից լավ դժվար իմանան նաեւ, թե պաշտոնական վիճակագրությունը ինչպես կարող է թվեր նկարել, կամ մաքսավորն ինչպես կարող է նույն ապրանքի համար տարբեր ներկրողներից իրարից մի քանի անգամ տարբերվող մաքսատուրք գանձել։ Ու չնայած այս «չիմացությունների» էլ, ինդեքսում կան ձեւակերպումներ, որոնց մասին չի խոսվում՝ ձեռնտու չի։ Նախ հիշեցնենք, որ ինդեքսը կազմվում է 10 չափանիշների հիման վրա, որոնք գնահատվում են 0-100%-անոց սանդղակով։ Որքան 100-ին մոտ՝ այնքան ազատական։

Առեւտրի ազատականությունը գնահատվել է 85%, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Բայց նշվում է. «Մաքսային արժեքի անկանխատեսելի գնահատումը, Մաքսային օրենսգրքի ոչ պատշաճ կատարումը, մաքսային անբավարար վարչարարությունը եւ կոռուպցիան մեծացնում են առեւտրի ծախսերը»։ Ներդրումային ազատությունը 70% է, սակայն կարող եք կարդալ. «Օտարերկրյա ներդրողների համար հիմնական խոչընդոտները գործարար օրենսդրության թույլ գործունեությունն է եւ բյուրոկրատական ապարատում տիրող կոռուպցիան։ Սեփականաշնորհումը թեեւ ընդհանուր առմամբ հաջող է անցել եւ օրենսդրությամբ բաց է եղել բոլոր հայտատուների համար, սակայն թափանցիկ չի եղել»։ Ամենացածր գնահատականին արժանացել են սեփականության իրավունքի պաշտպանությունն (35%) եւ կոռուպցիան (29%)։ Սեփականության իրավունքի մասում կարող եք կարդալ. «Դատական համակարգում դեռ առկա է Խորհրդային ժամանակաշրջանից մնացած ժառանգություն՝ թերզարգացածությունն ու կոռուպցիան… 2005թ. նոյեմբերին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին՝ դատական համակարգի անկախությունը մեծացնելու համար, սակայն դրա ռեալ արդյունքները դեռ չեն երեւում»։

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա այն համարվում է համատարած։ Կոռուպցիայի ծավալները գնահատելու համար «Heritage»-ը հիմք է ընդունում «Transparency International»-ի գնահատականները, որոնք ամենեւին էլ պարծենալու տեղիք չեն տալիս։

Ինչեւէ, 10 ցուցանիշների միջին գնահատականը կազմել է 70.3%, ինչի շնորհիվ մեր երկիրն այժմ «ծալած ունի» Եվրամիության անդամ մի շարք երկրների։

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի առումով «Heritage»-ի ձեւակերպմանը, այս ամենը հաշվի առնելով, արդյոք ճիշտ չէ՞ր լինի՝ մինչեւ «Heritage»-ի զեկույցով հպարտանալը, կոշտ վերաբերմունք արտահայտել փաստացի «օկուպանտ» ձեւակերպմանը։ Ինչպես Դիոգենեսն էր ասում, քննարկումը սկսել այդտեղից՝ ողջ ճշմարտությունը ի հայտ բերելու համար, ոչ թե գլուխ արդուկել գեղեցիկ թվերով։ Եթե, իհարկե, մեր երկրում չեն առաջնորդվում մեկ այլ փիլիսոփայի ասածով՝ սուտն ավելի գերադասելի է, քան մերժումը։