«Արցախ» պուրակում ելույթ է ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանը

12/05/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Մինչ մայրաքաղաքում ներքաղաքական իրավիճակն առավելապես պտտվում է արցախյան
հիմնախնդրի շուրջ, Վանաձորում «հարցերի հարցը» «Արցախ» պուրակի
լինել-չլինելու հարցն է: Վանաձորի 9 հասարակական-քաղաքական
կազմակերպություններ օրերս հանդես են եկել հայտարարությամբ, որով
դատապարտում են «Արցախ» պուրակում կինոթատրոն կառուցելու վերաբերյալ
տեղական իշխանությունների որոշումը: Հայտարարության մեջ ասվում է.
«Վանաձորում շարունակվում է ազատական-ժողովրդավարական արժեքների ոչնչացման
գործընթացը: «Արցախ» պուրակում կինոթատրոն կառուցելու նպատակի տակ
քողարկվելով, իշխանությունները ցանկանում են ոչնչացնել ազատ եւ անկախ
Հայաստանի ստեղծման խորհրդանիշը Վանաձորում»: Վերջիններս («Ազգային
Միաբանություն», ՀԺԿ, ՀՀՇ, «Արմատ», «Հզոր Հայրենիք», ՍԴՀԿ, ԱԺՄ, ՍԻՄ եւ
ՀԱՄԿԿ) իշխանություններից պահանջել են անհապաղ դադարեցնել պուրակում
շինարարություն կատարելու թույլտվության գործընթացը: Հատկանշական է, որ
հայտարարությունը չեն ստորագրել ԱԻՄ-ն ու «Երկրապահը», որոնք անկախության
ակունքների ամենամոտ կուսակցություններն են, իսկ, ահա, «Միացյալ Կոմկուսն»
իր «ձախ» ուղղվածությամբ հանդերձ՝ ստորագրել է): Առաջիկայում այդ առթիվ
նախատեսվում է նաեւ ստորագրահավաք՝ բնակչության շրջանում: Ի դեպ, հարցի
առթիվ առավել կոնկրետ, իրավական քայլեր է ձեռնարկել Նկարիչների միության
Վանաձորի բաժանմունքը, որը ավելի վաղ, մինչ կուսակցությունների
հայտարարությունը ժողով էր հրավիրել, եւ ուղերձը (որով դիմում էր
իշխանություններին շինարարությունը թույլ չտալու խնդրանքով) ուղարկել էր
Լոռու մարզպետին, Ազգային ժողովին, վարչապետին եւ ՀՀ նախագահին: Նամակի
մեջ նկարիչները հիշատակել են, որ ղարաբաղյան շարժման սկզբնավորման
տարիներին «Արցախ» պուրակում ելույթ է ունեցել նաեւ շարժման ակտիվիստ, ՀՀ
նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ տարիներին Վանաձորից ընտրվեց ԳԽ
պատգամավոր: Նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի նախագահ,
ղարաբաղյան շարժման մասնակից Արամ Նազարյանը մեզ հետ զրույցում
տեղեկացրեց, որ նամակի առնչությամբ առայժմ պատասխան են ստացել միայն Լոռու
մարզպետից: Ի՞նչ է պատասխանել մարզպետը։ Ա. Նազարյանը հիասթափությամբ
ասաց. «Լավ բան չի պատասխանել: Մեզ մեղադրել է ժամանակի ոգին չհասկանալու
համար»:

Այս ամենին հետեւեց Վանաձորի քաղաքապետի զայրացած ելույթը մարտի 21-ին՝
տեղական հեռուստատեսությամբ: Նա մեղադրեց կուսակցություններին՝
«դատարկաբանությամբ» զբաղվելու համար եւ ի հեճուկս հավաստեց, որ
կինոթատրոնը կկառուցվի հենց «Արցախ» պուրակում: