«Ճանապարհ տվեք հիմարությանս»

21/01/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Կար ազգությամբ ռուս (կամ գուցե հրեա) ակադեմիկոս` Դմիտրի Լիխաչով, եթե հիշում եք: Նա իր ընտանիքի անդամների համար մշակել էր վարվեցողության կանոններ, որոնք, բացի այն, որ պարտադիր էին Լիխաչովների ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, այլեւ այդ կանոնների պահպանմամբ, ըստ ակադեմիկոսի, կիրթ (այլ ձեւակերպմամբ` ինտելիգենտ) մարդը տարբերվում էր անկիրթից: Մասնավորապես, ըստ հարգարժան ակադեմիկոսի` կիրթ մարդը սպորտով չպետք է տարվի, երկու րոպեից ավելի հեռախոսով չպետք է զրուցի եւ չպետք է ունենա հեռուստացույց դիտելու ժամանակ: Կամ, ծայրահեղ դեպքում, պետք է ընտրի այն հաղորդումները, որոնց հեղինակների գրագիտությունն ընդգծված բարձր է: Ըստ այդմ, ինքը` ակադեմիկոսը, դիտում էր միայն որդի Կապիցայի հաղորդաշարը` «Անհավանականն` ակնհայտ»: Հետեւել Դմիտրի Լիխաչովի վերջին խորհրդին` նշանակում է` երբեւէ չտեսնել մեր հայ հաղորդավարների ու հեռուստամեկնաբանների երեսը եւ հեռուստացույցն օգտագործել որպես ծաղկամանի պատվանդան: Թեեւ հեռուստահաղորդումները քննադատող հրապարակումները հաճախ ավելի տաղտկալի են, քան բուն հաղորդումները, եւ այս թեմայով գրելուց առաջ հրապարակման նպատակահարմարության մասին համեմատաբար երկար ենք մտածել, պարզապես երբեմն պատահում են այնպիսի հաղորդումներ, որոնք ոչ միայն տհաճ են վիզուալ, այլեւ կարող են լուրջ դեպրեսիայի մեջ գցել հեռուստադիտողներին:

Թեեւ ամանորյա տոներին նախագահի թեկնածուները, նրանց արբանյակները նրբանկատորեն հեռուստաէկրաններին չերեւացին, սակայն դրանից հեռուստահաղորդումների որակը չշահեց: Դիտելով հեռուստաընկերությունների կորպորատիվ երեկույթները, տպավորությունն այնպիսին էր, թե մենք Արաբական Խալիֆայությունում ենք եւ ամենեւին չենք թոթափել արաբական լուծը: Անգամ նրանք, ովքեր իրենց կյանքի համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան քաղել են բացառապես դպրոցական դասագրքերից, պիտի որ հիշեն հայ ժողովրդի պատմությունը ներկայացնող դասագրքերի գոնե վերնագրերը` «Հայ ժողովուրդը` պարսկական լծի տակ», «Հայ ժողովուրդն` արաբական լծի տակ», «Հայ ժողովուրդը` թաթար-մոնղոլական լծի տակ»: Սրանց հետեւում է «Հայ ժողովուրդը` թուրքական լծի տակ» ծավալուն պարագրաֆը: Այս ամենից պարզ է դառնում, որ մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք տքնել ենք հիմնականում իսլամադավան ժողովուրդների լծի տակ: Նույն այդ դասագրքերը պատմում են նաեւ, որ երբ ողջ տարածաշրջանը, անգամ Իրանը, բառացիորեն տքնում էր արաբական արշավանքներից, հայ ժողովուրդը կարողանում էր պահպանել ոչ միայն իր ինքնությունը, այլեւ Տաթեւի վանք կառուցել: Մի խոսքով, կան պատմական հիմքեր, որոնք թույլ են տալիս վստահորեն պնդել, որ պորտապարը մեր ազգային պարերի ցանկում երբեք չի հիշատակվել, իսկ արեւելյան մուղամները որպես օրորոցային ընկալելը մեծ թյուրիմացություն է: Սակայն հեռուստահաղորդավարների եւ աստղերի քեֆը ամենասարսափելին չէր: Կա այսպիսի հաղորդաշար` «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»: Սա հայկական եթերի այն ահավոր քիչ հաղորդումներից է, որը կարելի է եւ դիտել: Գալիս են իրենց գիտելիքներին վստահ մարդիկ եւ փորձում իրենց ինտելեկտի միջոցով գումար վաստակել: Այս հաղորդաշարի կազմակերպիչներն անզգուշություն էին ունեցել Ամանորին խաղի հրավիրել «Վերվարածներ» կոչվող սերիալի հերոսներին:

Այստեղ անգամ կարելի է չնշել սերիալի անվանումը: Ավելի ճիշտ կլինի փաստել, որ Ամանորին այդ խաղին մասնակցում էին քիչ թե շատ հայտնի դերասաններ, որոնց թվում էին նաեւ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասաններից: Հատկապես առաջին եւ երկրորդ հարցերին հյուրերը, պատկերացրեք, պատասխանում էին առանց որեւէ բարդության, եւ ամեն բան հարթ էր, մինչ հնչեց հաղորդավարի չարագուշակ հարցը` ո՞վ է գրել «Լիլիթը» պատմվածքը: Պատասխաններից էին` Համո Սահյանը, Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանն ու էլի ինչ-որ մեկը: Այդ հարցն, ի դեպ, տրվեց դերասաններ Արմեն Մարությանին եւ Հարություն Մովսիսյանին: Մասնակիցներն ի սկզբանե բացառեցին «Ավետիք Իսահակյան» տարբերակը: Դերասանները չէին կողմնորոշվում` Համո Սահյա՞ն, թե՞ Հովհաննես Շիրազ: Տարակուսանքը ստիպեց դիմել դահլիճի օգնությանը: Արժե նշել, որ շատ թույլ գիտելիքներ ցուցադրեցին խաղին մասնակից բոլո՛ր դերասանները:

Գիտե՞ք, գլոբալ առումով մարդիկ կարող են շատ բան չհասցնել իմանալ, այդ թվում եւ` ով է գրել «Լիլիթը», ի՞նչ է նշանակում «դեկադա», կամ ո՞վ է «Կրեյցերյան սոնատի» հեղինակը, սակայն դա կարող են չիմանալ այն տաքսու վարորդները, որոնց եթեր ոչ ոք չի տրամադրում եւ որոնք էկրանից ճաշակ պարտադրելու հավակնություններ չունեն: Իսկ այն արվեստագետները, տվյալ դեպքում` դերասանները, որոնք իրենց իրավունք են վերապահում ամեն օր հայտնվել էկրաններին (խոսքը միայն վերոնշյալ սերիալի հերոսների մասին չէ), պիտի ունենան գրագիտության որոշակի մակարդակ, որն անպայմանորեն բարձր պիտի լինի միջին հեռուստադիտողի մակարդակից:

Կա «Արմենիա» հ/ը-ում մի երիտասարդ` Հովո անունով: Ենթադրաբար, նա վաղուց 16 տարեկան չէ, եւ սեռական բնույթի հումորը, բեմում չորեքթաթ պոզայով կանգնելը եւ այդ թեմատիկայով ինչ-որ ակնարկներ անելը վաղուց պիտի որ նրա հետաքրքրությունների ոլորտից դուրս գար` իր տեղը զիջելով գոնե գրագետ հումորին: Սակայն նրան, պարզվում է, սիրում են: Նրա գռեհիկ հումորին հաղորդումներից մեկի ժամանակ անհասկանալիորեն ծափահարում էր անգամ Լեզվի պետական տեսչության պետը, ընդ որում` արված հումորի վուլգարությունից շառագունած: Նրան, ծիծաղից ուշաթափվելով, ծափ են տալիս մշակութային, քաղաքական էլիտան ներկայացնող գործիչները: Հետեւաբար, համաձայն ակադեմիկոս Լիխաչովի տրամաբանության` սույն Հովոն իր գրագիտությամբ անհամեմատ բարձր է իր «արվեստով» հիացողներից: Իսկ այն, որ Հովոն չարյաց փոքրագույնն է, այս դեպքում այնքան էլ սփոփիչ չէ:

Լրագրողի աշխատանք ընտրած ուսանողներիս մի շատ խելացի մարդ ասում էր. «Հաշվի առեք, որ ձեր պատրաստած հաղորդումները, հրապարակումները լսելու են Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Ջահուկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Գոհար Գասպարյանը»: Սրանք ամենեւին էլ պայմանական անուններ չէին: Այսօր նշված մարդկանցից ոչ ոք արդեն չկա: Այսինքն` էկրաններին գրագետ երեւալու անհրաժեշտությունն էլ գնալով պակասում է: Եվ քանի դեռ մենք դիտում ենք «Վերվարածները», «Արմենիա» TV-ի քաղքենիություն ու դատարկություն քարոզող սերիալները, ուրախանում ենք Հովոյի սրամտություններով, նրանք միշտ կլինեն էկրաններին: Իսկ Սվետլանա Նավասարդյանը, Զորայր Խալափյանը, արժանավոր ու գրագետ մարդիկ իրենց արժանի չեն համարի երեւալ հեռուստաեթերում, որն այլեւս միմոսներինն է: