Նավթը վերստին էժանացել է

21/01/2008

Նյու Յորքի ապրանքային սակարանում նավթը հինգշաբթի օրը վերստին էժանացել է: Աճուրդի փակվելու պահին փետրվարին «սեւ ոսկու» մատակարարման ապառնագրերը կնքվում էին բարելի դիմաց 90,13 դոլար գնով: Դա 71 ցենտով պակաս է անցած չորեքշաբթի օրվա համանման ցուցանիշից: Ըստ վերլուծաբանների՝ վերջին օրերին նավթի գների անկումը նախեւառաջ բացատրվում է ներդրողների տրամադրություններով, որոնք ամերիկյան էկոնոմիկայի աճի դանդաղում են ակնկալում, ինչը կհանգեցնի էներգակիրների պահանջարկի նվազման: Բացի այդ, մասնագետներն այն կարծիքին են, որ ածխաջրածնային հումքի արժեքի նվազմանը նպաստում են ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հրապարակած վերջին տվյալները, որոնց համաձայն՝ երկրում նավթի առեւտրային պաշարները անցած շաբաթ ավելացել են միանգամից 4,3 մլն բարելով: Դա անակնկալ է արտահանողների համար, որոնք «սեւ ոսկու» առեւտրային պաշարների մակարդակի հերթական անկում էին սպասում, որոնք անշեղորեն նվազում էին վերջին երկու ամսվա ընթացքում: