«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նախօրեին Պրահայի Հոլեշովիցե շրջանի Ստրոյնիցկե 1 հասցեում գտնվող բնակելի շենքում երկու հայ տղամարդկանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հայերից մեկը մյուսին հրազենով սպանելուց հետո դիմել է փախուստի: Ոստիկանությունը կասկածյալ մարդասպանի եւ զոհի անունները չի հաղորդել` նշելով միայն, որ կասկածյալի հագին եղել է սեւ ձմեռային վերարկու, նա 25-26 տարեկան է եւ 180 սանտիմետր հասակ ունի: Միաժամանակ ոստիկանները նշել են, որ իրենք գիտեն թե՛ կասկածյալի եւ թե՛ զոհի անունները: Հղում անելով չեխական «Novinky» գործակալությանը, «Ազատությունը» տեղեկացնում է, որ Ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հինգշաբթի օրը մոտավորապես ժամը 11:00-ին: Րոպեներ անց Ոստիկանության 10 պարեկային խմբեր մեքենաներով ժամանել են դեպքի վայր: «Կրակ արձակած անձը կարողացել է փախուստի դիմել ոստիկանների ժամանումից մի քանի րոպե առաջ»,- ասել է Պրահայի Ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Լադիսլավ Բերնաշեկը: Ըստ գործակալության, մարդասպանը մոտ տարածությունից 4 գնդակ է արձակել հայրենակցի կրծքավանդակի ուղղությամբ: Զոհը, որը նույնպես 25-26 տարեկան էր, ոստիկանների խոսքերով` «ստացած վերքերից փրկվելու շանս չուներ եւ տեղում մահացել է»: Այս հանցագործությանն անդրադարձել է նաեւ «TV Nova» չեխական հեռուստակայանը, որի հաղորդագրության համաձայն` ողբերգական ավարտով վիճաբանությունը տեղի է ունեցել զոհի եւ նրա ընկերուհու բնակարանում: Հեռուստակայանը նշել է նաեւ, որ չճշտված տեղեկությունների համաձայն` սպանվածը փախուստի դիմած հանցագործի քրոջ որդին է: Ըստ ոստիկանների, կրակ արձակելուց հետո կասկածյալը վազել է հարեւանությամբ գտնվող Ստրոմլովկա զբոսայգու ուղղությամբ, որտեղ էլ նրա հետքերը կորել են: