Ո՞վ է ուզում արտասանել Ձմեռ պապի համար

21/01/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ամանորյա մանկական ներկայացումները, ավանդույթի համաձայն, մեծ թվով հանդիստես են ունենում։ Եվ շատ կարեւոր է, որ այդ հանդիսատեսը կայուն է. քանի դեռ մեր երկրում երեխաներ կան, կլինեն նաեւ տոնածառային ներկայացումները։

Տոնական 20 օրերի ընթացքում թատրոնները սովորաբար կատարում ու գերակատարում են հանդիսատեսին թատրոն բերելու իրենց պլանային առաքելությունը։ Յուրաքանչյուր ընտանիք, որն անչափահաս երեխաներ ունի, ձմեռվա օրերի ընթացքում գոնե մի քանի ներկայացում է դիտում։ Տոնածառային ներկայացումները պարտադիր տոնական միջոցառումների շարքին են դասվում, մանավանդ, որ երեխային ուրիշ բան առաջարկել չես էլ կարող։ Իհարկե, կարելի է այցելել նաեւ Հանրապետության հրապարակ, դիտելու համար հոգնած ու սառած Ձմեռ պապերի ու տարբեր տարիքի Ձյունանուշների՝ երեխային զվարճացնելու ճիգերը, սակայն, դրա հետ մեկտեղ՝ ստիպված ես լինում մի կուշտ հագենալ քրդաթուրքական երաժշտությամբ, քանի որ այլ երաժշտություն քաղաքն առաջարկել չի կարող։ Ի դեպ, երբ որոշ քաղաքացիներ ու պատասխանատու այրեր բողոքեցին նմանատիպ երգերի հեղեղից, հրապարակի տոնախմբության կազմակերպիչները պարզապես անջատեցին երաժշտությունը։ Երեւի մանկական երգեր չգտան, ու տոնական վերջին մի քանի օրերն անցան քար լռության մեջ։ Այնպես որ, մանկական բծախնդիր ճաշակին հարիր տոն գտնելու համար շատերը շտապեցին թատրոններ։

Տոնական օրերին, որպես կանոն, թատրոնների սակավամարդ դահլիճները լցվում են աշխույժ ու աղմկոտ հանդիսատեսով, իսկ թատրոնների տոմսարկղերը բավականին շոշափելի գումարով են համալրվում։ Շատ կարեւոր է, որ այդ գումարը ոչ թե պետական ատյանների հովանավորչություն է, այլ՝ թատրոնների անձնակազմի նյարդերի, ձայնալարերի ու հմտության շնորհիվ վաստակած գումար է։ Ամեն տարի գրեթե նույն պատկերն է թատրոնների ճեմասրահներում ու դահլիճներում. ոգեւորված երեխաներ ու ոչ պակաս ոգեւորված ծնողներ, որոնք տարին մեկ անգամ, որպես երեխայի ուղեկցող, ավանդաբար թատրոն են գնում։ Հաշվի առնելով հանդիսատեսի նման հոսքը, կարելի է ենթադրել, որ թատրոնների ղեկավարները պետք է նախապես պատրաստվեն այդ օրերին՝ առիթն օգտագործելով, փորձեն ցույց տալ իրենց լավագույն ուժերն ու գաղափարները։ Թատրոնները վստահ են, որ տապալում չի լինելու, որ հանդիսատեսը գալու է։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ չանել լավ ներկայացում։ Ամուր սյուժետային արկած բեմադրելը դժվար չէ, եթե, իհարկե, բեմադրիչն ուզում է թատերային ներկայացում ստեղծել, հասկանում է` ինչ բան է երկխոսությունն ու միզանսցենները եւ հարգում է իր հանդիսատեսին։ Երեւանյան թատրոնների այս տարվա ամանորյա մանկական ներկայացումները դիտելով, տարօրինակ օրինաչափություն ես նկատում. թատրոնները երեխաներին ուղղված ասելիք չունեն։ Թատրոնները դժվարանում են նույնիսկ ձեւակերպել հաղթանակող բարու ու նենգ չարի հավերժական պայքարի իմաստը։

Ամենաշնորհակալ ու խելացի հանդիսատեսը լինելով, երեխաները շատ հաճախ չեն կարողանում պատմել՝ ինչի՞ մասին էր, վերջիվերջո, իրենց դիտած ներկայացումը։ Առանց ավելորդ ջանք գործադրելու եւ երեւակայությունը լարելու, թատրոններից շատերն առաջարկում են դիտել որեւէ պարզունակ մի պատմություն՝ կապված չար հերոսների՝ նվերներ, տոնածառներ կամ լույսեր գողանալու հետ։ Տպավորություն է ստեղծվում, որ չարը գողերն են, իսկ բարին՝ պատժել կարողացող, բայց չպատժող հերոսը, որը կիսաառասպելական, կիսաիրական սպիտակամորուս իմաստուն ծերունի Ձմեռ պապն է։

Տիկնիկային թատրոնի ներկայացման մեջ նա մեծահոգաբար ներում է հանցանք գործած գայլին, որին ամանորյա հանդեսի հրավիրատոմս չէր հասել։ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում երեք չար հերոսները՝ Կախարդը, Ծովահենը ու էլի ինչ-որ մեկը երեք բարի հերոսներից՝ Բուրատինոյից, Կարմիր Գլխարկից ու էլի ինչ-որ մեկից գողանում են Ձմեռ պապիկի նվերները։ Ընդ որում, գրեթե բոլոր թատրոնների ներկայացումներում առկա է տարբեր հեքիաթային հերոսների շիլաշփոթ խառնուրդը։ Այդ նույն մոտեցմամբ էլ բեմադրվել էր Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ամանորյա ներկայացումը։ Բոլոր ներկայացումների դրական հերոսներն անպայման գրական հայերենով են խոսում, իսկ բացասական հերոսները փոքր-ինչ փողոցային լեզվով համեմված տեքստեր են ասում։ Դե, նրանց դա կարելի է, նրանք բացասական են։ Նման աղքատիկ ու հեշտ արված ներկայացումները շատ ծանր տպավորություն են թողնում։ Կարծրատիպերից ազատ երեխաներին մեր թատրոններն առաջարկում են միայն ու միայն նոր կարծրատիպեր. գայլը չար է, նապաստակը բարի է, Կարմիր Գլխարկը ազնիվ է, կախարդը խաբեբա է։

Արագ սարքված ու մի կերպ զարգացող սյուժեներ ունեցող ամանորյա ներկայացումների կողքին կային նաեւ այնպիսի աշխատանքներ, որոնք հարմարեցվել էին Նոր տարվա թեմային։ Համազգային թատրոնն, օրինակ, գեղեցկուհու ու յոթ թզուկների հեքիաթը, որն, ի դեպ՝ վաղուց կա թատրոնի խաղացանկում, որոշել էր տոնական դարձնել՝ բեմ հանելով Ձմեռ պապին՝ որպես խորհրդատու-գուշակի։ Ամբողջական ներկայացման մեջ Ձմեռ պապը հայտնվում է այն պահին, երբ գեղեցկուհին քնում է, եւ հենց նա է արքայազնին խորհուրդ տալիս համբուրել Սպիտակաձյունիկին։ Այդ վերջին դրվագը շատ էր բարկացրել յոթ տարեկան իմ դստերը, որն ասաց. «Ինչո՞ւ են խաբում, Ձմեռ պապն այս հեքիաթում չկա»։

Այսօրվա մեր երիտասարդ հանդիսատեսը շատ խելացի է, նա շատ լավ հասկանում է` որտեղ է ավարտվում հեքիաթն ու սկսվում սուտը։ Բեմական խաբկանքն ու պարզապես սուտը տարբեր բաներ են։ Երեխաները պատրաստ են առաջինին ու վանում են իրենցից երկրորդը։

Որպես անճաշակության ու անզորության կիզակետ՝ կարելի է նշել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկայացված ու հնչեղ անվանված «թատերականացված երաժշտական շոու ծրագիրը», որը վարում էր հայերեն լեզվին բնավ չտիրապետող ոմն երիտասարդ։ Բեմ դուրս եկավ մի աղջիկ, որը ֆոնոգրամայի տակ ռուսերեն լեզվով մի սիրային երգ երգեց, հետո դուրս եկավ մեկ ուրիշ աղջիկ, ոտքերով մի քանի օղակ պտտեցրեց, հետո դուրս բերեցին մի կապիկի, որը թռչկոտեց բեմում։ Իսկ շոու վարողն ասում էր՝ կարաք ավելի բարձր ծափահարել։ Պարզվեց, որ հանդիսատեսն արդեն չի կարող ծափահարել։ Եվ շատերը չսպասելով Ձմեռ պապի հայտնությանը, լքեցին դահլիճը։ Մեծ հիասթափություն էր սպասում այն մարդկանց, որոնք այս շոուից հետո որոշեցին գնալ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, քանի որ նրանք բեմի վրա տեսան նույն այդ ծրագիր կոչվածը։ Պարոնյանի անվան թատրոնը որոշել էր այս տարի սեփական ներկայացում չբեմադրել, այլ՝ այդ նույն՝ թերի մարդկանց համար նախատեսված ծրագիրը ցուցադրել։ Թերեւս ավելի ազնիվ կլիներ պարզապես փակել թատրոնի դռներն ու ասել՝ կներեք, բայց մենք ցուցադրելու բան չունենք։ Սակայն խոսքը գնում է յուրաքանչյուր տոմսը 600 դրամով վաճառելու մասին, իսկ դա մեծ գայթակղություն է։ Գոնե ինչ-որ բան, բայց ուզում էին ցուցադրել։ Ինչ-որ բանը մի կերպ անելն ընդհանրապես դարձել է թատրոնների գործունեության սկզբունքը։ Իրավիճակն, իսկապես, շատ տխուր կլիներ, եթե մեր քաղաքում չլիներ ոչ պրոֆեսիոնալ դերասանախումբ, բայց շատ պրոֆեսիոնալ ղեկավար ունեցող «Փոքր թատրոնը»։ Այդ փոքր թատրոնի մանկական ներկայացումը ցույց տվեց, թե ինչպես կարելի է խուսափել համատարած թատերային «գռդոնից»։ Ներկայացման մեջ փոքրիկ փերիները, խորամանկ թզուկները, միայնակ գայլուհին ու հրաշքներ ուսուցանող ուսուցչապետը խաղացին մի պատմություն, որն ուներ իր սկիզբը, վերջն ու խորհուրդը։ Կային հերոսներ, որոնք ասելու բան ունեին երեխաներին։ Եվ ասում էին։ Լավ բեմադրված լավ արկած էր։ Ռեժիսորը ոչ ինքն իրեն էր խաբում, ոչ էլ՝ հանդիսատեսին։ Ահա եւ ամենը։

Ձմեռ պապիկի ֆենոմենը

Ձմեռ պապին ներկայացումների գլխավոր անձ դարձնելու որոշումը շատ բեմադրիչների է ծուղակը գցում։ Սյուժեն, արկածի հանգույցն ու հանգուցալուծումը գրեթե բոլոր ներկայացումներում անհետաքրքիր էին։ Ամեն ինչը վերին ուժի՝ Ձմեռ պապի ձեռքերում է։ Ճիշտ է, հին հունական ողբերգություններում որպես վերին դատավոր՝ հանդես էր գալիս ու բեմ էր իջնում աստվածների առաջնորդը, բայց նա, միեւնույն է, կշռադատված ու անաչառ Աստված էր մնում։ Իսկ հայկական Ձմեռ պապը ներկայացման վերջում պարտադիր գալիս է ու ասում է՝ բալիկներ, ո՞վ է ուզում Ձմեռ պապիկի համար արտասանել։ Ու մեր երեխաները սկզբում «քաշվելով», բայց հետո մեծ ցանկությամբ փորձում են արտասանել, բայց քիչ անց պարզվում է, որ ժամանակն ավարտվել է, որ Ձմեռ պապը գնալու է ուրիշ երեխաների մոտ։ Վերին ուժը շատ կոնկրետ ժամանակացույց ունի։ Իսկ նրա գավազանի հարվածն առասպելական է, վառվում են տոնածառի լույսերն ու տուն վերադառնալու ժամանակն է գալիս։ Շատ ուշագրավ դիտարկում արեց հանդիսավոր հագնված փոքր մի աղջիկ, նա ասաց՝ պետք է շտապենք, որովհետեւ Ձմեռ պապը միայն մի քանի երեխայի է հասցնելու լսել, իսկ հետո հանելուկներ է ասելու, դա հետաքրքիր չէ, ես պետք է անպայման հասցնեմ երգել։ Տոնածառային հանդեսի մոդելը լավ ընկալած այդ աղջիկը հասցրեց երգել, քանի որ արմունկներով աշխատելով՝ կարողացավ բոլորից առաջ անցել։ Նա գոհ էր, գոհ էր նաեւ նրա մայրիկը։ Իսկ մյուս մայրիկները կշտամբանքով ասում էին իրենց զավակներին ՝ ինչո՞ւ դու էլ չհասցրեցիր։ Երեխաները չգիտեին՝ ի՞նչ պատասխանել։ Եվ այդպես ստեղծվում էր նոր մի ավանդույթ. Ձմեռ պապիկի ուշադրությանը արժանանում էին միայն ճարպիկները, մարդկային այն տիպարը, որն ամենից շատ է գնահատվում մեր հասարակության մեջ։ Մինչդեռ տրամաբանել եւ ուրիշներին լսել կարողացող մարդկային կերպը «խաղից դուրս» էր հայտարարվում։ Շատ հողեղեն մարդիկ էին բոլոր Ձմեռ պապերը եւ գովում էին պրագմատիկ երեխաների։

Ձմեռ պապն անհաս մի սիմվոլ է, մանկության հերոս է, որը բեմ գալով ու «պարեցնելով» երեխաներին, կորցնում է իր դերը։ Չէ՞ որ նա միշտ գաղտագողի է հայտնվում, ու երեխաները հավատում են, որ նա կա, բայց նրան ոչ ոք չի տեսել։ Հայկական բեմերում շոշափելի ու բավականին հոգնած Ձմեռ պապերը թույլ են տալիս բեմադրիչներին կիսատ-պռատ ներկայացումներ անել։ Եթե հանես նրանց, ներկայացումները կփլվեն։ Ակամայից ուզում ես ասել բոլոր բեմադրիչներին՝ թողե՛ք հանգիստ այդ ծերուկին, ուրիշ բան մտածեք։ «Փոքր թատրոնի» ռեժիսոր Վահան Բադալյանն արեց այդ փորձը։ Նա Ձմեռ պապին կրկին իր ձյունածածկ պատվանդանին դրեց, ու հեքիաթը շարունակեց հեքիաթ մնալ։ Այս թատրոնի Ձմեռ պապին չէր կարելի մոտենալ, սեղմել նրա ձեռքն ու քաշել մորուքը։ Այս Ձմեռ պապը շղարշի տակ էր, բեմի խորքում, որպես ուրվագիծ։ Նույնիսկ գլխավոր հերոսները չէին համարձակվում նրան մոտենալ։ Այդ ամենի մեջ վախվորած ակնածանք կար, եւ խորհրդանիշը կրկին խորհրդանիշ դարձավ։ Իսկ հանդիսատեսը հնարավորություն ստացավ ներկայացում դիտել, այլ ոչ թե՝ հրմշտելով իրար՝ իրենց երեխաներին արտասանելու դրդել։

Ամեն տարի ցուցադրվող վատ ներկայացումները, վերջիվերջո, շուտով հասնելու են իրենց նպատակին. դաստիարակելու են ոչ պահանջկոտ ու անճաշակ մի սերունդ։ Որը պատրաստ կլինի արտասանել, արեւելյան երաժշտության տակ պարել, բայց չի հասկանա՝ ի՞նչ է նշանակում բեմադրություն, որն ազատ է սեզոնային բաղադրիչից։