Էլի ժամանակ է պետք

21/01/2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն երեկ Բաքվում հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության շուրջ բանակցող կողմերին այժմ խորհրդածելու ժամանակ է հարկավոր` գնահատելու մանրամասներն ու դժվարությունները: «Ուստի մենք ոչ մի օրացույց չունենք, մանավանդ այս տարվա համար՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունների անցկացումը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում»,- նշել է նա: Նա նաեւ ասել է, թե հնարավոր է, որ բանակցային սեղանին դրված առաջարկությունները «փոքր-ինչ բարելավելու» կարիք ունեն: «Ամեն դեպքում դրական կլինի, եթե նախագահները հավանություն տան այդ առաջարկներին, եթե նույնիսկ ոչ այժմ, ապա նախագահական ընտրություններից հետո»: Անդրադառնալով կողմերի դիրքորոշումներին՝ Բ. Ֆասիեն հայտարարել է, թե կողմերից յուրաքանչյուրը նախընտրում է իր վերաբերմունքը հայտնել այն հիմնախնդիրների շուրջ, որոնք նրանց չեն բավարարում, եւ ոչինչ չեն ասում այն մասին, ինչն իրենց գոհացնում է: «Դրանով է պայմանավորված այն, որ մենք ժամանակ ենք ցանկանում եղածը գնահատելու համար»,- ընդգծել է նա: