«Ռեգնումի» աղբյուրների փոխանցմամբ` փետրվարի 6-ին Հայաստան է այցելելու ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը: Գործակալության աղբյուրները նաեւ վստահեցրել են, որ պատվիրակությունը լինելու է բավական ներկայացուցչական եւ ներառելու է նաեւ «Ռոսատոմ» ընկերությանը, որի ներկայացուցիչներն այցի ընթացքում քննարկելու են ուրանի արդյունահանման հարցեր: ՌԴ վարչապետի այցի ընթացքում, ըստ «Ռեգնումի»` տեղի է ունենալու նաեւ այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման, ներդրումների խթանման եւ հետագա գործակցության արդյունավետության խնդիրների քննարկում: Անդրադառնալով Զուբկովի այցին` «lragir.am»-ը գրել է. «Ուշագրավ է, որ ՌԴ վարչապետի այցը, եթե այն կայանա, փաստորեն տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահի ընտրության քարոզարշավը կհատի հասարակածը, եւ նախագահի ընտրությանը մնացած կլինի մոտ երկու շաբաթ: Բանն այն է, որ այդպիսով այցը կարող է վերածվել նախընտրական նշանակության միջոցառման, երբ Ռուսաստանն այդպիսով իր աջակցությունը հայտնի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին, ով նույնպես նախագահի թեկնածու է»: