Ժամանակ գտեք եւ կարդացեք սահմանադրություն

18/01/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Չե՞ք մանրամասնի, թե օրերս ինչ միջադեպ է տեղի ունեցել ձեր եւ ՕԵԿ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանի միջեւ Մամուլի Ազգային ակումբում։

– Որեւէ միջադեպ տեղի չի ունեցել. ուղղակի, «Օրինաց երկրի» ներկայացուցիչն այդ կուսակցությանը հատուկ գործելաոճով հերթական անգամ փորձ արեց խեղաթյուրել փաստերը,եւ ես ուղղակի ստիպված էի տիկին Բիշարյանին հիշեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Որովհետեւ, տիկին Բիշարյանի անսահման բուռն ելույթից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե այդ կուսակցությունում պարզապես ժամանակ չեն ունեցել ծանոթանալու մեր երկրի Սահմանադրությանը։ Չնայած, կարծում եմ, սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի պետ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը գոնե պետք է իր կուսակից ընկերուհուն տեղեկացրած լիներ, որ կառավարության եւ նրա ղեկավար վարչապետի գործունեությունը հեռուստաալիքներով լուսաբանելը որեւէ կերպ չի կարգավորվում ՕԵԿ-ի ցանկություններով եւ տրամադրություններով։ Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ «Օրինաց երկրի» նախընտրական շտաբը խիստ բարեխղճորեն հաշվում է, թե օրը քանի անգամ է եթերում երեւում Սերժ Սարգսյանը, բայց, կարծում եմ, Մհեր Շահգելդյանը կուսակցանպաստ եւ բարի գործ արած կլինի, եթե ՕԵԿ անդամների համար մի թեթեւ լիկբեզ կազմակերպեր ու բացատրեր, որ եթե երկրի վարչապետը նաեւ նախագահի թեկնածու է, դրանից բնավ չի հետեւում, որ կառավարության եւ վարչապետի գործունեությունը, նրա պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումները չպետք է լուսաբանվեն լրատվության միջոցներով։ Ի դեպ, երբ ժամանակին Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահ էր, ես չեմ հիշում, որ ՕԵԿ-ը բողոքած լիներ, թե ինչո՞ւ են լրատվամիջոցները լուսաբանում ԱԺ նախագահի աշխատանքային հանդիպումները եւ գործունեությունը։ Ուստի, պետք չէ օրենքը, փաստը, ռեալ իրողությունները եւ սեփական ցանկություններն ու շահերը խառնել իրար եւ փորձել դրա վրա լուրջ տեսություն կառուցել։ Սա է եղել ողջ, այսպես ասած, ինցիդենտը։

– Ի դեպ, ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ հայտարարել է, որ 170 հազար նոր անձնագրեր են տպագրվել, ինչը խոսում է սպասվող ընտրակեղծիքների մասին։ Նրա հավաստմամբ` գյուղապետերը բողոքում են, թե ՀՀԿ ղեկավարները իրենց վրա 90 տոկոս ձայն բերելու պլան են դրել։

– Հայտարարել ամեն ինչ էլ կարելի է, բայց չի կարելի սեփական մտքերը հասցնել աբսուրդի աստիճանի։ Այդ տրամաբանությամբ անձնագիր ստանալու տարիքի հասած երիտասարդներին, որոնց թիվը ինձ հայտնի չէ, անձնագիր չպետք է տալ եւ, ընդհանրապես, անձնագրեր չպետք է տպել, քանզի Արթուր Բաղդասարյանի եւ իր շրջապատի մոտ դա բոլորովին ուրիշ ասոցիացիաներ է առաջացնում։ Ինչ վերաբերում է գյուղապետերի վրա «պլաններ» դնելուն, ապա ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել ՀՀԿ կամ ԲՀԿ անդամ գյուղապետի, որը որոշեր բողոքել հատկապես Հեղինե Բիշարյանի կամ որեւէ այլ ՕԵԿ-ականի մոտ։ Վառ երեւակայությունն, իհարկե, լավ բան է, բայց ո՛չ նախագահական հավակնություններ ունեցող քաղաքական ուժի համար։ Իսկ «պլանների» մասին պատմություններն ուղղակի անլուրջ են։

– ՕԵԿ տարբեր ներկայացուցիչներ նաեւ պնդում են, որ երկրորդ փուլ են դուրս գալու Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը, որովհետեւ տարբեր սոցհարցումներով ձեր թեկնածուի հիմնական մրցակից դիտվում է հենց Արթուր Բաղդասարյանը։

– Պարզվում է, «Օրինաց երկրի» ներկայացուցիչները ոչ միայն վառ երեւակայություն ունեն, այլեւ որոշակի տելեպատիկ աղերսներ ունեն Նոստրադամուսի կամ Վանգայի հետ, քանզի արդեն իսկ որոշել են, որ ընտրություններն անցնելու են երկու փուլով։ Ես նրանց փոխարեն այդքան լավատես չէի լինի։

– Իսկ ի՞նչ կասեք մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե ԲՀԿ-ում խմորումներ կան, եւ կուսակցության որոշակի թեւեր դեմ են Սերժ Սարգսյանին սատարելու ԲՀԿ որոշմանը։

– «Բարգավաճ Հայաստանում» առանձին թեւեր, ոտքեր եւ այլ դետալներ չկան, եւ Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը կուսակցությունն ընդունել է միաձայն։ Խորհրդարանական ընտրություններից հետո ստորագրված կոալիցիոն հուշագրում արդեն արձանագրված էր, որ նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հանդես են գալու միասնական թեկնածուով, եւ այն ժամանակ արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ թեկնածուն լինելու է ՀՀ վարչապետը։ Ես, իհարկե, հասկանում եմ մանր ինտրիգներ հյուսելու որոշ «տեխնոլոգների» նպատակակետը, բայց վստահեցնում եմ, որ տվյալ ինտրիգը հաստատ ոչ մի «քարոզչական» ապագա չունի։ «Բարգավաճ Հայաստանը» աշխատում է Սերժ Սարգսյանի հաղթանակի համար, եւ մենք հաղթելու ենք։