Հնարավոր չէ կանխատեսել

18/01/2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ հայտարարել է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստ են ընդհանուր լեզու գտնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: «Մենք նպաստում ենք նախագահների միջեւ կարծիքների փոխանակմանը, բայց արդյունքը կանխատեսել հնարավոր չէ. դա կախված է նոր մանրամասներից»,- ասել է նա` չնշելով ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի նոր նախագծի ավարտման ժամկետները: «Մենք պետք է ավարտենք այս փաստաթուղթը, բայց չեմ կարող կանխատեսել` կհասցնե՞նք մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները, թե՞ ոչ»,- ասել է Բրայզան: Հարկ է հիշեցնել ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 2007թ. Մադրիդում անցկացրած նիստը, որտեղ վերջիններս կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ձեռնամուխ լինել համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանը եւ հավանություն տալ ղարաբաղյան կարգավորման հայեցակարգին: