«Մենք արդեն ինֆորմացիա տվել ենք այն մասին, որ Կոմկուսի 37-րդ համագումարը որոշեց չառաջադրել իր թեկնածուին` հաշվի առնելով թե՛ երկրում տիրող հակակոմունիստական հիստերիան, թե՛ հակաժողովրդական իշխանությունների գործունեությունը, որոնք այսօր մեզ հնարավորություն չեն ստեղծում առաջադրվել»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա նշեց, որ իրենք տակտիկական մտահղացումներ ունեն, որին հետեւելու են ամբողջ քարոզարշավի ընթացքում, եւ Կոմկուսը լրացուցիչ հայտարարություն է անելու` կապված քարոզարշավի ընթացքի եւ այնպիսի երեւույթների մասին, որոնք տեղի կունենան քարոզարշավի ընթացքում. «Մենք գտնում ենք, որ մեր քայլերը ճիշտ են, եւ այդ քայլերով ուզում ենք ապացուցել, որ նախ` Ընտրական օրենսգիրքը լուրջ կուսակցությունների նկատմամբ այնպիսի ֆինանսական տեռոր է ստեղծում, որը այդ կուսակցությանն առաջադրվելու հնարավորություն չի տալիս: Դրանից բացի, մենք հակահարված ենք ուզում տալ այն ուժերին, որոնց պատճառով մենք այսօր չենք առաջադրվում: Չի առաջադրվում ոչ թե շարքային մի կուսակցություն, այլ մի կուսակցություն, որը 70 տարի կառուցել է այս երկիրը, եւ որի սիրտը ցավում է ամեն ինչի համար: Սա հակահարված է Հայաստանում այսօրվա տիրող բարքերին, այն երեւույթներին, որոնք տեղի են ունենում` նախընտրական քարոզարշավը դեռեւս չակերտավոր չսկսված, քանի որ քարոզարշավը վաղուց է սկսվել, ինչի ականատեսը լինում ենք թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ թերթերում: Երկրում լուրջ իրավիճակ է ստեղծվել, որտեղ ոչինչ հաշվի չի առնվում, ինչպես ցանկանում են, այնպես էլ անում են: Այսպիսի իրադրության մեջ Կոմկուսը կպաշտպանի իր հավասարակշիռ վերաբերմունքը նախագահական ընտրությունների կապակցությամբ»:
Ռ. Թովմասյանը բացառեց նաեւ, որ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին ծանոթանալուց հետո իրենք որեւէ մեկին սատարեն. «Ինձ թվում է, որ ծրագրերի հիմնական մեխը պետք է լինեն այն հարվածային կետերը, որի վրա տվյալ անձը ուզում է իր քարոզարշավը կառուցել, եւ ոչ թե այնպիսի ծավալուն ծրագրեր, որ կարդաս, ընտրությունները վաղուց ավարտված լինեն, իսկ դու դեռեւս ծրագրի հետ հասցրած չլինես ծանոթանալ: Բացի այդ, երբեք մի մտածեք, որ Կոմկուսը կարող է վերանայել իր կարծիքը սոցիալիստական գաղափարախոսությանը չհամապատասխանող որեւէ թեկնածուի օգտին»:
Ռ. Թովմասյանը չցանկացավ կանխատեսումներ անել ընտրությունների արդյունքի վերաբերյալ, սակայն համոզված է, որ քարոզարշավն ընթանալու է շատ ծանր, երբեմն` հայ ժողովրդին անհարիր պայմաններում. «Նորից գործի են դրվելու կաշառքները, մարդկանց խաբելու, թյուրիմացության մեջ գցելու երեւույթները, ինչո՞ւ չէ, նաեւ ահաբեկումները եւ այլն: Այդ մի հարցում ես համոզված եմ, իսկ թե ինչպես կավարտվեն ընտրությունները, այսօր ասել չեմ կարող»:
Ռ. Թովմասյանն անդրադարձավ նաեւ Միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի կոմունիստներն ընտրելու են Սերժ Սարգսյանին. «Անտակտություն է, երբ չեղած կուսակցությունը հայտարարություն է անում ամբողջ կոմունիստների անունից: Դա կարող է անել տվյալ կուսակցության համագումարը կամ բարձրագույն օրգանը, կուսակցության ղեկավար օրգանին է տրված միայն հայտարարություն անել` առաջադրելո՞ւ է, թե՞` ոչ, սատարելո՞ւ է, թե՞` չէ: Ու նման վերացական հայտարարություններով թող կոմունիստներին չդնի անհարմար իրավիճակի մեջ, նրանք վտարված են մեր կուսակցությունից, մենք երբեք չենք կիսել Յուրի Մանուկյանի կարծիքը, քանի որ նա նախ պետք է պարզի` ինքը կոմունի՞ստ է, թե՞` չէ: Ինքնակոչ կոմունիստը դեռ կոմունիստ չէ, կամ ինչո՞ւ են նրանք կոչվում միավորված, այդ ո՞ր որոշմամբ ու ի՞նչ կուսակցություններ են միավորվել»,- ասաց նա: