Եթե դուք ուզում եք երջանիկ կյանք ապրել, ապա պետք է կապված լինեք ոչ թե մարդկանց կամ իրերին, այլ նպատակին:
Ալբերտ Էյնշտեյն
Նախընտրական այս փուլում ակամայից հիշեցի «6 հրեաների» մասին առակը. եկավ Մովսեսը եւ ասաց, որ ամեն ինչ գալիս է վերեւից (Աստծուց): Հետո եկավ Սողոմոնն ու ասաց, որ ամեն ինչ խելքից է: Հետո եկավ Քրիստոսն ու ասաց, որ ամեն ինչ սրտից է: Ավելի ուշ եկավ Մարքսն ու ասաց, որ ամեն ինչ կապված է ստամոքսի հետ: Կարծում եմ` եթե ասեմ, որ եկավ Ֆրեյդը, ապա բոլորին անմիջապես հասկանալի կդառնա, թե նա ինչ ասաց, եւ թե այս ամենն ինչից է: Բայց … վերջում գալիս է Էյնշտեյնը եւ ասում, որ ամեն ինչ հարաբերական է: Այսօրվա Հայաստանում վերջինիս հետ չհամաձայնվելը շատ դժվար է: Որովհետեւ ամեն ինչ այնքան է խառնվել, որ պարզ չէ` մենք ասիացի՞ ենք, թե՞ եվրոպացի, անկա՞խ պետություն ենք, թե՞ ֆորպոստ (ՄԱԿ-ի անդամ ենք, սակայն էներգետիկան եւ կապը՝ 100%-ով, իսկ տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը եւ էլի շատ ոլորտներ` մասնակի գտնվում են ՌԴ ձեռքում), մեզ պետք է տրանսֆե՞րտ ուղարկեն, թե՞ մենք պետք է դոլար ուղարկենք մեր բարեկամներին ԱՄՆ, որտեղ դոլարի կուրսը մեկին մեկ է: Ղարաբաղը մե՞րն է, թե՞ մերն ուրիշ է, մենք ենք մեր սարե՞րը, թե՞ մենք ենք ու «Վերվարածները», ոսկե կլառնե՞տ, թե՞ դատարկ դհոլ…
Իհարկե, պահն այնպիսին է, որ քաղաքականությունը շրջանցել հնարավոր չէ: Առավել եւս, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ թվում է, թե Էյնշտեյնը իր հարաբերականության տեսությունը ստեղծել է հենց մեր քաղաքական գործիչների համար: Օրինակ, շատերի համար անհասկանալի է՝ ՀՅԴ-ն հիմա իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: ՄԻԱԿ-ը կուսակցությո՞ւն է, թե՞ «ԱրմենՏելի» գովազդային ակցիա իրականացնող ընկերություն (համազգեստը, որով նրանք շրջում են քաղաքով մեկ, իր գունային լուծումներով շատ է հիշեցնում վերոնշյալ ընկերության լոգոյի գույները): Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկի՞ն, թե՞ ապագա նախագահն է: Ռոբերտ Քոչարյանը նախկի՞ն, թե՞ ապագա վարչապետն է: Արամ Հարությունյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ Փարաջանովի նատյուրմորտ: Արման Մելիքյանն իրակա՞ն է, թե՞ վիրտուալ: Արտաշես Գեղամյանը նախկին ռայկոմի քարտուղա՞ր է, թե՞ ապագա միլիոնատեր:
Շարքը կարելի է անվերջ շարունակել: Եվ այլեւս որեւէ մեկը չի զարմանում, թե ինչպես կարող է 7-8 տարի առաջ ՀՀՇ-ին մարդասպաններ անվանող Գուրգեն Եղիազարյանն այսօր պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում, իր կարծիքով: Եվ, ընդակառակը, ինչպե՞ս կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմն ընդունել մի մարդու, ով մի քանի տարի առաջ, երբ այսօրվա իշխանությունների հետ էր, պատրաստ էր ամենավերջին խոսքերով հայհոյել իրեն: Կամ ինչպե՞ս կարող է ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի դեմ գաղափարական պայքար մղող Սամվել Ֆարմանյանն, այսօր դռնեդուռ ընկած պաշտպանել նրա գաղափարները: Ո՞վ է փոխվել այս ամիսների ընթացքում՝ ըստ պարոն Ֆարմանյանի. ի՞նքը, թե՞ Սերժ Սարգսյանը:
Չեմ կարծում, որ հայերը որոշել էին «բաբելոնյան աշտարակ» կառուցել, որ Աստված մեզ այսպես պատժեց եւ խառնեց ամեն ինչ մեր երկրում: Կամ էլ, ոչ ոք ոչինչ չի խառնել: Պարզապես մենք ենք այնքան ամեն ինչ խառնել իրար, որ Տիրոջ պատիժը դեռ առջեւում է: Ժամանակը ցույց կտա: Իսկ այսօր միայն մի բան կարելի է հաստատ ասել` փետրվարի 19-ին Հայաստանում պետք է կայանան նախագահական ընտրություններ: Եվ այդ ընտրությունները պետք է դիտարկել որպես պետության առաջխաղացման, այլ ոչ թե՝ որպես պաշտոնին հասնելու նպատակ: