Կյանքը վտանգված է

18/01/2008

ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի փաստաբանները զգուշացրել են, որ իրենց պաշտպանյալի կյանքին բանտում վտանգ է սպառնում, քանի որ ռուսաստանցի պաշտոնյաները չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, համաձայն որի, Ալեքսանյանը պետք է շտապ բուժում անցնի մասնագիտացված կլինիկայում: Ըստ փաստաբանների` Վ. Ալեքսանյանը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, եւ 14 ամիս առաջ բանտի բժիշկները նրան դեղեր եւ թերապիայի կուրս են նշանակել: Այդուհանդերձ, ինչպես տեղեկացրել է «Ֆայնենշլ թայմսը», Ալեքսանյանը դեռեւս որեւէ բուժում չի ստացել: Ավելին, նրան տեղափոխել են բանտային հիվանդանոց, որտեղ նա 2 ամիս առաջ վարակվել է տուբերկուլյոզով: Վ.Ալեքսանյանը կուրացել է եւ ի վիճակի չէ ծանոթանալ իր նկատմամբ խարդախության եւ հափշտակության մեղադրանքներով հարուցված քրեական գործի նյութերին: «Վ.Ալեքսանյանի վիճակն այնքան ծանր է, որ նա կարող է մահանալ ցանկացած պահի»,- ասել է Վ.Ալեքսանյանի փաստաբան Ելենա Լվովան: Հիշեցնենք, որ Վ. Ալեքսանյանը կալանվել է 2006թ. մարտին` ՅՈՒԿՕՍ-ի սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված գործի առնչությամբ: