ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է, թե «նախընտրական արշավի երկրորդ կեսին շատ կտրուկ փոփոխություններ կլինեն իշխանական համակարգում եւ քաղաքական համակարգում»:
«Բոլոր այն ուժերը՝ եւ՛ քաղաքական, եւ՛ վարչական, որոնք այսօր դեռեւս չեն հայտարարել իրենց՝ մյուս թեւն անցնելու մասին, կանեն գործողություններ եւ հայտարարություններ»,- հավաստիացրել է նա՝ հավելելով, թե բոլոր նախարարություններում արդեն կան մեծ թվով մարդիկ, ովքեր աշխատում են ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ դեռեւս առանց բացահայտվելու: Ա. Մանուկյանն իշխանական ճամբարից դեպի առաջին նախագահի թիմ արտահոսք է կանխատեսել: Նույն ակումբում Ա. Մանուկյանի հետ երեկ բանավիճել է Արշակ Սադոյանը: Վերջինս ասել է, թե բոլոր նրանց, ովքեր սատարում են ՀՀ առաջին նախագահին, մեծ հիասթափություն է սպասվում, քանի որ իրենց սպասելիքները չեն արդարանալու: Ա. Մանուկյանն այս տեսակետի հետ չի համաձայնել, ասելով, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ հենց այդ սկզբունքով առաջնորդվելով էլ իրենց թիմը եկել է այն համոզման, որ միայն Լ. Տեր-Պետրոսյանն ունի այս իշխանությանը հեռացնելու հնարավորություն: Իսկ ահա մյուս թեկնածուները, ըստ Արամ Մանուկյանի, դրածո են եւ խաղում են իշխանության խաղը: «Դրածո» բառից շատ է վրդովվել Վազգեն Մանուկյանին սատարող Արշակ Սադոյանը, ում կարծիքով, Արամ Մանուկյանը դրածո ասելով՝ խիստ ու մեծ վիրավորանք է հասցնում իրեն: Ա. Մանուկյանը պարզաբանել է, թե ինքը դրածո ասելով՝ ամենեւին նկատի չուներ Սադոյանին, բայց եթե նա իր վրա է վերցրել, ապա խնդիր չկա, ինչին ի պատասխան էլ Սադոյանը հակադարձել է, թե այդ դեպքում պետք չէ ընդհանրական ասել, այլ թող հնչեն անուններ: «Այդ դեպքում թող ասի՝ Արտաշես Գեղամյան, կոնկրետ անուններ տա»,- կոնկրետ անուն է տվել Սադոյանը: «Ես փորձում եմ վեր կանգնել փոքր խնդիրներից եւ փորձում եմ լուծել մեր երկրի առաջ կանգնած ամենալուրջ մարտահրավերը, այն է՝ իշխանափոխության հարցը»,- նշել է Ա. Մանուկյանը՝ հավելելով, որ դրա ճանապարհը իրատեսությունն է եւ իրատեսական հաշվարկը, որը վկայում է, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռնարկած շարժումն է ունակ կատարել իշխանափոխություն: Ըստ Արամ Մանուկյանի, ովքեր դա չեն հասկանում, «կամ դմբլո են, կամ էլ ծառայում են իշխանությանը»: Սադոյանն էլ կարծիք է հայտնել, թե Լ. Տեր-Պետրոսյանը չի կարողանալու իրականացնել իշխանափոխություն, որովհետեւ այսօր արդեն հայտարարում է ընտրություններից հետո պայքարի սահմանադրական ճանապարհի մասին, ինչպես 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանը: «Դա ճանապարհ չի, դա հեղափոխություն չի: Դուք եք հուսախաբ լինելու, շատ արագ տեսնելու եք, որ միակ նպատակը սպիտակելն էր, ոչ թե իսկապես իշխանություն վերցնելը, որովհետեւ իշխանություն վերցնողը չի ասի այն բանի մասին, թե, օրինակ, մենք չենք ջարդի չափարները, գլուխները չենք ջարդի»,- կարծում է Սադոյանը: Իսկ Արամ Մանուկյանն ի պատասխան դրա՝ հիշեցնում է, թե ինչպես էին Արշակ Սադոյանն ու նրա ընկերները 1996 թվականին փորձում այդպես պայքարել ընտրությունից հետո: «Ներողություն, Բաբկեն Արարքցյանի գլուխը մենք չէինք ջարդում: Բաբկեն Արարքցյանին ժերտվա էին տալիս իշխանությունը պաշտպանելու, իշխանությանը տեր կանգնելու համար: ԿԸՀ գնացած, այնտեղ ընդամենը երկրորդ փուլ պահանջող մարդկանց դեմ դուրս եկավ Բաբկեն Արարքցյանը՝ ինչ-որ բաներ ասելու: Ինչի՞ համար, դու արձակուրդի մեջ ես, գնա, ի՞նչ գործ ունես»,- Արարքցյանին հեռակա խորհուրդ է տվել Սադոյանը: