SOS êÆØ-ÇÝ

18/01/2008

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը երեկ հայտարարություն է տարածել հունվարի 15-ին կուսակցության գրասենյակում կատարված դեպքերի հետ կապված:

Հիշեցնենք, որ այդ օրը ՍԻՄ մեկ այլ նախագահ՝ Հայկ Բաբուխանյանը, առավոտյան ժամը 11-ից իր համախոհներով եկել էր կուսակցության գրասենյակ եւ փորձում էր Ոստիկանության օգնությամբ ներս մտնել: Հ. Խաչատրյանը կուսակցության դուռը ներսից փակել էր: Ոստիկաններն օգնության էին կանչել Փրկարար ծառայության աշխատակիցներին, ովքեր էլ բացել էին դուռը, այդպիսով Հ. Բաբուխանյանը մտել էր կուսակցության գրասենյակ: Հ. Խաչատրյանն այս անգամ էլ է ապտակել Հ. Բաբուխանյանին, որից հետո ոստիկանները նրանց տարել են Ոստիկանության բաժանմունք, ապա որոշ ժամանակ հետո բաց թողել: «Ելնելով դիմակայության ստեղծված իրավիճակից, մինչեւ հարցի իրավական պարզաբանումն ու կարգավորումը, ՍԻՄ ղեկավարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել հնարավոր սադրանքներից խուսափելու, կուսակցության եւ «Իրավունքի» խաթարված գործունեությունը կայունացնելու համար: Միեւնույն ժամանակ մենք, հունվարի 15-ի ժամը 11:00-ից հայտնվել ենք մի վիճակում, երբ անարգել ոտնձգություններ են կատարվում մեր իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ: Ելնելով դրանից, հետեւանքների համար պատասխանատվությունը թողնելով պետական մարմինների վրա, մեզ իրավունք ենք վերապահում կիրառել ՀՀ Քր.օր.-ի Գլուխ 8-ի (Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները) հոդված 42-ի (անհրաժեշտ պաշտպանությունը) 1-ին մասի դրույթներով սահմանված միջոցներ: ՀՀ Ոստիկանությունից, Դատախազությունից եւ այլ պատասխանատու մարմիններից պահանջում ենք մեզ ներկայացնել գործողության օրինականությունը հիմնավորող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաեւ հանդես գալ դեպքի կապակցությամբ պաշտոնական հայտարարություններով մինչեւ հունվարի 17-ի ժամը 15:00-ն: Խնդրում ենք քաղաքական ուժերին մինչեւ նշված ժամկետը զերծ մնալ քաղաքական գնահատականներից եւ հնարավորության դեպքում օժանդակել մեզ՝ պարզելու, թե ո՞վ է իր վրա վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Խնդրում ենք հանրապետության իրավաբաններին, փաստաբաններին եւ իրավապաշտպան կազմակերպություններին մեզ առաջարկել անվճար իրավաբանական ծառայություններ խորհրդատվության եւ եղած փաստաթղթերի, ձայնային, ֆոտո եւ տեսանյութերի հիման վրա նյութեր պատրաստելու համար: Հորդորում ենք պետական ծառայողներին զերծ մնալ ապօրինի հրամաններ եւ հանձնարարություններ կատարելուց: Մենք հարգում ենք պետությունն ու նրա օրենքները եւ նույնը պահանջում ենք պետական բոլոր ծառայողներից»,- հայտարարության մեջ գրում է Հ. Խաչատրյանը: