Երկուշաբթի օրվանից կսկսվի քարոզարշավը, եւ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող 9 թեկնածուները կսկսեն առավոտից երեկո համոզել, որ իրենք են ամենալավը, ամենաարդարը, ամենահայրենասերը, ամենաազնիվը, ամենա-ամենա-ամենան…
Ըստ էության, քարոզարշավը դե ֆակտո արդեն սկսվել է՝ մեկը քարոզում է ասուլիսների ժամանակ, մյուսը՝ պաշտոնական իրադարձությունների, ասուլիսների, միտինգների ընթացքում, մեկ ուրիշը ամանորյա բացիկներ է ուղարկում մարդկանց կամ օրումեջ հյուրընկալվում է ինքն իր լրատվամիջոցին։ Դե, ամեն մեկը մի ձեւ գտել է։
Հետաքրքիրն այն է, թե թեկնածուներն ինչպե՞ս են համոզելու ընտրողին։ Դա անելու են՝ մյուսներին սեւացնելու եւ նրանց ֆոնի վրա «սպիտակ» երեւալու միջոցո՞վ, թե՞ տեղի է ունենալու գաղափարական պայքար։ Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ մեր երկրում գաղափարները ետին պլանում են, ամեն ինչ անձնավորված է։ Ասենք, եթե 2003թ. նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը հանդես գար Ստեփան Դեմիրճյանի ծրագրով, Դեմիրճյանը՝ Քոչարյանի, ընտրությունների վերջնական արդյունքները դժվար թե տարբերվեին արձանագրված արդյունքներից։ Ամեն դեպքում, նախագահի թեկնածուները չեն կարող անտեսել նախընտրական ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, եւ նրանցից մի քանիսն արդեն ներկայացրել են իրենց ծրագրերը։ Հետաքրքիր մի նրբերանգ. իշխանական թեկնածուները (կարծում ենք, Վահան Հովհաննիսյանին դժվար է անվանել ընդդիմադիր), իրենց ծրագրերը վերնագրել են պարզապես «Նախընտրական ծրագիր», իսկ ընդդիմադիր թեւը ներկայացնող թեկնածուներն ավելի էմոցիոնալ են հարցին մոտեցել. Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը կոչվում է «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր», իսկ Արտաշես Գեղամյանը ընտրողներին ներկայացրել է «Արարման ծրագիրը»։ Իր ծրագիրը հրապարակել է նաեւ Արման Մելիքյանը։
Առաջիկա համարներում մենք կանդրադառնանք բոլոր թեկնածուների ծրագրերին՝ առանձին-առանձին եւ համեմատության մեջ։ Իսկ այժմ, մի քանի ընդհանուր գծերով ներկայացնենք մինչ այժմ հրապարակված ծրագրերի որոշ նրբերանգներ։
Նախ, բոլոր ծրագրերում բացակայում է կոնկրետությունը։ Եթե արտասահմանում ընտրողը հստակ գիտի, որ թեկնածուն պատրաստվում է կոնկրետ քայլեր անել՝ ենթադրենք 10%-ով կրճատել շահութահարկը, կամ փոփոխություններ մտցնել աշխատանքային օրենսդրության մեջ, ապա մեզ մոտ հիմնականում բարի ցանկություններ եւ բազմիցս կրկնված ճշմարտություններ են։
Օրինակ, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ասվում է` «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ»։ Սա արդեն իսկ կասկած է հարուցում, քանի որ աղքատներ կան անգամ աշխարհի ամենահարուստ երկրներում։
Արման Մելիքյանն իր ծրագիրը սկսել է Սահմանադրության դրույթների մեջբերմամբ։ Արտաշես Գեղամյանն ընդհանրապես դասախոսական բնույթի հատվածներ է զետեղել՝ պետության դերի, հարկային քաղաքականության, շուկայական մրցակցության եւ այլ մեխանիզմների մասին։
Վահան Հովհաննիսյանը՝ տնտեսությանը վերաբերող հատվածում նշում է` «Տնտեսական համակարգը պետք է հիմնվի ժողովրդավարական եւ իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա»։ Փայլուն միտք է, բայց ոչ օրիգինալ. կարծում ենք՝ թեկնածուներից ոչ ոք հակառակը չի պնդում։ Իսկ սրան հասնելու համար՝ որպես տնտեսական քաղաքականության առաջնահերթություն նշվում է. «Պետության քաղաքականությունը նպատակաուղղվելու է տնտեսական իշխանությամբ օժտված խմբավորումների կազմացրմանը կամ դրանց գործառույթների էական սահմանափակմանը»։ Ոչ մի խոսք այն մասին, թե ովքեր են այդ խմբավորումները եւ ինչպես պետք է իրականացվի նրանց կազմացրումը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը, թեեւ իր նախընտրական ծրագրի սկզբում նշում է, որ պետք է խուսափել դեկլարատիվ բնույթի դերբայների օգտագործումից՝ զարկ տալ, ավելացնել եւ այլն, սակայն նրա ծրագրում տեղ գտած դրույթները եւս զերծ չեն անորոշությունից։ Օրինակ՝ «Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում»։ Ինչպե՞ս։
Եթե նպատակների, առաջիկա քայլերի առումով գրեթե բոլոր թեկնածուների ծրագրերի մեջ կարելի է գտնել նմանություններ, ապա ներկայիս իրավիճակը ներկայացնելու հարցում մոտեցումները շատ տարբեր են։ Օրինակ, ընդդիմադիր թեկնածուների ծրագրերում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ երկիրը գտնվում է աղետալի վիճակում, եթե չլինեն լուրջ փոփոխություններ, ապա դա շատ վատ հետեւանքներ կունենա։ Իսկ Սերժ Սարգսյանի ծրագիրը հավաստում է, որ մեր կյանքը, թեկուզ դանդաղ, բայց լավանում է։
Ճիշտ է, ընտրողների մեծ մասն ընտրելու է ամենեւին էլ ոչ ծրագրերի ու խոստումների հիման վրա, սակայն թերեւս ճիշտ կլինի, որ յուրաքանչյուրն իմանա, թե «տեսական» առումով ամեն մեկն ինչ է առաջարկում։ Քարոզարշավի ընթացքում մենք դժվար թե ականատես լինենք գաղափարական բանավեճերի, սակայն ընտրողը որքան տեղեկացված լինի, այնքան լավ։ Վերջիվերջո, ոչ ոք պարտավոր չէ ծայրից ծայր կարդալ, օրինակ, Արտաշես Գեղամյանի 160 էջանոց ծրագիրը։ Մենք կփորձենք հակիրճ ներկայացնել բոլորի ծրագրերի տնտեսական, սոցիալական բլոկների ուժեղ եւ թույլ կողմերը։ Իհարկե, չենք հավակնում պրոֆեսիոնալ քննության ենթարկել այդ ամենը։ Պարզապես, եթե նորմալ երկրներում այդ գործով զբաղվում են լուրջ, իսկապես անկախ փորձագիտական ընկերությունները, մեր երկրում դեռ ասպարեզում չեն երեւում այնպիսիք, ովքեր պատրաստ կլինեն անկողմնակալ մոտեցում ցուցաբերել տարբեր թեկնածուների նկատմամբ։