Հայաստանում երեւի բազում ու բազմապիսի հանձնաժողովներ կան ու հավանաբար մեկը մեկից օգտակար գործ անելու ակնկալիքով են ձեւավորվել: Դրանցից շատերի մասին հանրությունը գուցե այնքան էլ տեղյակ չէ, բայց կա մի հանձնաժողով, որի մասին բոլորը գիտեն:
Այդ հանձնաժողովն իր աննկուն անդամների միջոցով առավոտից երեկո ջանք չի խնայում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման եւ ընտրությունների թափանցիկության ապահովման համար: Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է (ԿԸՀ): Այս հանձնաժողովի գործունեության արդյունքում արդեն ձեւավորվել են ընտրատարածքային հանձնաժողովները, փակցվել են ընտրողների ցուցակները, հիմա էլ քաջարի հանձնաժողովականներն ուսումնասիրում են նախագահացուների ներկայացրած փաստաթղթերը, որ որոշեն, թե ում պետք է գրանցել որպես ՀՀ նախագահի թեկնածու, ում՝ ոչ: ԿԸՀ-ն ՀՀ նախագահի առաջիկա ընտրության թափանցիկության ու արդարության ապահովմանն ուղղված այլ լավ քայլեր էլ է անում: Ժամանակացույց կա՝ դրած հերթով ըստ այդ ժամանակացույցի առաջ են տանում: Այս ամենի մասին երեկ կազմակերպված քննարկման ժամանակ մանրամասն պատմում էր ԿԸՀ քարտուղար, ԿԸՀ-ում ՀՀԿ ներկայացուցիչ Աբրահամ Բախչագուլյանը: Նրա խոսքի ընթացքում, ինչպես սովորաբար լինում է, ներկաներից ոմանց մոտ քնելու ցանկություն առաջացավ, բայց դա ոչ թե ընտրության վերաբերյալ անհետաքրքրության դրսեւորում էր, այլ պարզապես պրն Բախչագուլյանի ձայնի անմիջական ազդեցություն: Մինչ քննարկմանը մասնակցող ՀԱԱԿ ներկայացուցիչ Էդուարդ Անտինյանը փորձում էր ապացուցել, որ, օրինակ, ընտրացուցակներում մի կես միլիոն մարդու անուն ավելի է գրված, իսկ ԿԸՀ-ում ՕԵԿ ներկայացուցիչ Սոնա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ թեեւ արդեն 7 տարի է, իր հայրը մահացել է, սակայն, հակառակ իր դիմումների, նրա անունն ընտրացուցակներից այդպես էլ չեն հանում, ԿԸՀ քարտուղարն իր ննջեցնող ձայնով ազդարարեց, որ ընտրացուցակները Հայաստանում ավելի լավն են, քան, ասենք, ԱՊՀ կամ Արեւելյան Եվրոպայի երկրներում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ խանդավառված չէր ԿԸՀ-ի աշխատանքներով: Փաստելով, որ ընդդիմությունը գործնականում որեւէ ազդեցություն չունի ԿԸՀ-ում կայացվող որոշումների վրա, նա առաջարկեց ուղղակի այդ հանձնաժողովը կազմավորել իշխանության ներկայացուցիչներից: Ըստ նրա, ԿԸՀ-ն իր դերը չի կատարում: Եվ ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ անգամ եղավ դեպք, երբ ԿԸՀ-ն գրանցեց պատգամավորի մի թեկնածուի, ով ՀՀ-ում մշտապես բնակվելու ընդամենը մոտ 2 տարվա ցենզ ուներ՝ պահանջվող 5-ի փոխարեն (հասկանալի է՝ խոսքը Սամվել Բաբայանի մասին է): Իսկ կրկնակի քվեարկությունը բացառելու համար նա առաջարկեց մատնանշման տարբերակը: Ա. Բախչագուլյանն այս առաջարկի հետ համաձայն չէր, որովհետեւ կարծում է, որ «Հայաստանում 2,3 միլիոն հանցագործ չկա»: Բախչագուլյանի այս հայտնագործությանը ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանն արձագանքեց «Վրաստանում բոլորը հանցագործ են» ռեպլիկով (Վրաստանում ընտրողների ցուցամատը թանաքոտում են): «Դե, ես խելոք վրացի չեմ տեսել»,- պատասխանեց ԿԸՀ քարտուղարը: ՆԺԿ ներկայացուցիչ Հրաչյա Կարապետյանն էլ, նշելով Արամ Կարապետյանի չգրանցման փաստը, բազմաթիվ կեղծ անձնագրեր տպագրելը, ընտրացուցակները եւ այլն, կարծիք հայտնեց, որ «առաջիկա ընտրությունները չեն կարող օրինական լինել»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես անդրադարձավ թանաքոտման խնդրին: Նա էլ է կարեւորում կրկնակի, բազմակի քվեարկությունների բացառումը: Բայց շատ հետաքրքիր հիմնավորում նշեց: Ըստ նրա, կրկնակի քվեարկությունն արջի ծառայություն է այն թեկնածուին, ով, այսպես թե այնպես, միեւնույն է՝ հաղթելու է: Վազգեն Մանուկյանին սատարող ԱԺԿ ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանն էլ սրտնեղում էր, որ… ԿԸՀ-ն չափից շատ է օրենքով շարժվում: Նա բողոքում էր, որ երբ իրենք ինչ-ինչ հարցերով դիմում են ԿԸՀ, այնտեղ իրենց ասում են, որ այսինչ օրենքով իրենք այդինչ բանը չեն կարող անել ու չեն անում: Ըստ Դ. Մխիթարյանի, «օրենքից կառչելը հավասար պայմաններ չի ապահովում» ու արհեստական խոչընդոտներ է ստեղծում թեկնածուների համար: Ճիշտ հակառակ կարծիքի է ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը: Ըստ նրա, ԿԸՀ-ն օրինականության հետ կապ չունի: Ըստ նրա, ավազակապետության եւ անօրինական իշխանության պայմաններում այլ բան չէր էլ կարող լինել: Գ. Հարությունյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում ընտրություններին երբեք մեկ միլիոնից ավելի մարդ չի մասնակցել, սակայն միշտ հայտարարվել է 1,5-1,6 միլիոն մասնակիցների մասին: «Սա արդեն վերջն է: Կա մեկ ճանապարհ. համաժողովրդական պայքար ավազակապետության դեմ,- նկատեց ՀԺԿ ներկայացուցիչն ու հավելեց,- Կան ուժեր, որոնք իշխանություններին ստիպելու են շարժվել օրենքի շրջանակներում»: Քննարկման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչն առաջարկեց նաեւ քվեաթերթիկները տպագրել արտասահմանում, մասնավորապես՝ ԵՄ անդամ որեւէ երկրում: Այս առաջարկը կիսողներ կային, սակայն Ա. Բախչագուլյանը սրան էլ էր դեմ՝ ասելով, թե քվեաթերթիկները համարակալված են տպվելու, եւ վերահսկելու խնդիր չկա: Սակայն քննարկման մյուս մասնակիցները գտնում էին, որ համարակալված քվեաթերթիկները ոչինչ չեն կանխում. կարելի է մեկ այլ տպարանում էլ զուգահեռ՝ դարձյալ համարակալված քվեաթերթիկներ տպել ու դրանք օգտագործել կեղծիքների համար: