«Ընտրությունների ճակատագիրը կորոշվի մինչեւ քվեարկության օրը»

18/01/2008

Պատասխանելով «Հետք» էլեկտրոնային կայքի ընթերցողների հարցադրումներին` վստահեցրել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

– Դուք ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակեղծիքների դեմ:

Քանի՞ մարդ կա ձեր շրջապատում, որ դուրս կգա ձեր կոչով: Ինչո՞ւ հանրահավաք չեք կազմակերպում, որ մի քիչ էլ մարդկանց հետ շփվեք ու տեսնեք, թե քանի մարդ ունի ձեր կարիքը:

– Բնականաբար, միայնակ կամ նույնիսկ բազմաթիվ համախոհների օգնությամբ ամենուր դժվար կլինի պայքարել զանգվածային ընտրակեղծիքների դեմ քվեարկության օրը: Հարկավոր է ընտրակեղծիքների եւ այլ անօրինականությունների հանդեպ ձեւավորել հանրային անհանդուրժողականության բացառիկ մթնոլորտ: Այս է պատճառը, եւ արդեն ասել եմ, որ ընտրությունների ճակատագիրը կորոշվի մինչեւ քվեարկության օրը: Հանրահավաքային մարտավարությունը չեմ ընդունում, քանի որ այն իր ձեւաչափով նախատեսում է տեղեկատվության միակողմանի փոխանցում` մարդիկ լսում են ելույթ ունեցողներին ու վերջ: Այստեղ չկան քննարկումներ, կարծիքների հակադրություն:

– Եթե չընտրվեք նախագահ, ի՞նչ եք անելու: Լքելո՞ւ եք Հայաստանը: Ձեզ ճանաչողներից մեկն ասում է, որ դուք ուզում եք մեկնել Հայաստանից եւ առաջադրվել եք հենց այդ պատճառով, որ հետո «հանգիստ» սրտով մեկնեք:

– Հանգիստ սրտով մնալու եմ Հայաստանում եւ մնալու եմ քաղաքականության մեջ:

– Ինչո՞ւ չեք պաշտպանի 2-րդ փուլում որեւէ թեկնածուի: Ո՞րն է ձեր առաջադրման նպատակը: Ճի՞շտ է, որ ձեզ ներդրել են ԼՂՀ-ի հարցում Տեր-Պետրոսյանին քննադատելու համար: Ինչի՞ հիման վրա եք կարծում, որ կհաղթեք ընտրություններում: Դուք ընդդիմությո՞ւն եք Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել: Դուք հավատո՞ւմ եք ձեզ այն առումով, որ հաշտարար եք հանդիսանում Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Համամի՞տ եք, որ հիմնական թեկնածուները Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն են:

– Չեմ պաշտպանի այն պատճառով, որ դատելով թեկնածուների կողմից ներկայացվող մոտեցումներից՝ դա ընտրություն կլինի վատթարագույնի եւ վատթարագույնի միջեւ, իսկ այդպիսի ընտրությունն ինձ համար անընդունելի կլինի: Մյուս թեկնածուներից եւ ոչ մեկն ազատագրված տարածքները պահպանելու, հայ փախստականների իրավունքները պաշտպանելու նպատակ չունի, իսկ կառավարման կոռուպցիոն համակարգը վերացնելու հարցում կամ ժխտում են նման համակարգի գոյությունը (իշխանական թեւ), կամ սպառնում են հաշվեհարդարով (ընդդիմություն): Իմ առաջադրման նպատակն է ՀՀ-ում կոռուպցիոն կառավարման համակարգի ապամոնտաժումը, ազատագրված տարածքների` ԼՂՀ կազմում վերջնական ամրագրումը եւ ադրբեջանահայ փախստականների իրավունքների պաշտպանությունն ու նրանց կրած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցումը:

Ես որեւէ մեկին քննադատելու խնդիր չունեմ: Դրանից մեր հասարակության կյանքը չի բարելավվի: Ունեմ առաջարկներ եւ մոտեցումներ, որոնք էապես տարբերվում են թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության, այդ թվում նաեւ` Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներից: Մոտեցումներիս հիմնավոր լինելն է ինձ վստահություն ներշնչում, որ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ես հաշտարար չեմ եւ կարծում եմ, որ գաղափարական առումով այսօր Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ եղած տարբերությունը մեծ չէ: Համամիտ չեմ:

– Եթե, իրոք, ձեր նպատակները լուրջ են, ապա ինչո՞ւ չմասնակցեցիք խորհրդարանական ընտրություններին, չէ՞ որ հանրությունը բավականաչափ ծանոթ չէ ձեզ, եւ այս 1-2 ամսվա ընթացքում դժվար թե հասցնեք պատշաճ կերպով ներկայանալ:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցելս անիմաստ էր` անկուսակցական եմ, ուստի չէի կարող ընտրվել համամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնականով ընտրվելու համար շատ յուրահատուկ «որակներ» են անհրաժեշտ, որպիսիք ես չունեմ:

– Ո՞ւմ եք «ծախելու» ձեր ձայները:

– Եթե ձայներ ծախելու հետ կապված ինչ-ինչ մտահղացումներ ու առաջարկություններ ունեք, ապա հաշվի առեք, նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն քրեորեն պատժելի է, իսկ բարոյական առումով` մերժելի: