Էդգար Շահինի պատկերները՝ նոր ցուցադրությամբ

12/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նրբերանգի ու լուսաստվերի մեծ վարպետի հիմնական գործերն արված են
փորագրանկարչության ու էստամպային տեխնիկայով: 1936 թվականին Երեւանում
առաջին անգամ առավել ընդգրկուն ցուցադրություն կազմակերպվեց, եւ շատ
նմուշներ հեղինակը նվիրեց Պատկերասրահին: Սակավ յուղաներկային ու
գրաֆիկական գործերից շատերը ապրիլի 7-ին կցուցադրվեն առաջին անգամ:
Պաստել, գուաշ, կավիճ, մատիտ, ինչով էլ որ նկարել է Շահինը, նուրբ ու
զգացմունքային է պատկերել: Նրա արվեստին հատուկ է գծի ու գույնի նուրբ
համադրությունը: Պոլսի Մխիթարյան դպրոցում, նաեւ` Վենետիկի
Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում ուսանելուց հետո, Էդգար Շահինը սովորել է
Փարիզում եւ ցուցադրվել փարիզյան սրահներում: Անցյալ դարի սկզբում Փարիզը
կերպարվեստի կենտրոնն էր, ուր ամեն քայլափոխի բացահայտվում ու ծնվում էին
նոր ոճեր ու նոր ուղղություններ: Արվեստաբան Գոհար Չեմենյանն ասում է.
«Շահինն անկասկած կրել է իր ժամանակի արվեստի ազդեցությունը, սակայն նա չի
պատկանել որեւէ ուղղության: Նա նկարել է ազատորեն, այնպիսի ներշնչանքով եւ
արվեստով, որ հատուկ է միայն իրեն»: Վենետիկի տեսարանները, Բրետանի ու Լա
Մանշի ծովափը, Փարիզի «հատակը» պատկերված են թավշյա խորությամբ եւ խոսուն
գույներով: Բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ. մեծ ու բազմազան է
Էդգար Շահինի ժառանգությունը:

Շահինն ասել է, որ ինքն առաջին հերթին «պորտրետիստ» է: Պատկերասրահին
պատկանող կավճով ու մատիտով արված դիմանկարներից մեզ ժպտում են կանայք,
որոնց անհոգ թվացող ժպիտի ետեւում ցավ ու մելամաղձոտություն է: Մի քանի
շտրիխ. ու երեւում է բնավորությունը: Բնորդուհիների սլացիկ ու նրբագեղ
մարմինները Շահինը պատկերել է պարուհիներին նվիրված շարքում: Ռենուարի՝
լույսով պարուրված ու Թուլուզ-Լոտրեկի ճկուն պարուհիների կողքին, Շահինի
պարուհիները աչքի են ընկնում իրենց ներքին գեղեցկությամբ, որը ստացվում է
սեւ ու սպիտակ գույների նուրբ օգտագործումից: «Կավճանկարներում նա չի
օգտագործել գույների զորեղ հակադրություններ, այլ թավշյա գծերով երիզել է
դեմքերը»,- ասաց Գ.Չեմենյանը:

Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, Փարիզի պաշարման տարիներին Էդգար
Շահինը ստեղծել է կոմպոզիցիոն գործեր՝ «Մայրություն», «Սպասում», «Կաթի
բաժանումը»: «Ընդհատված շարժումը ու նկարի թվացյալ անավարտությունը
ստեղծել են տագնապի մթնոլորտ»,- Էդգար Շահինին նվիրված «Ծանոթ ու անծանոթ
Շահինը» բուկլետում գրել է Գ.Չեմենյանը: Կանանց տոնի առիթով բացվող
ցուցահանդեսը մի գեղեցիկ նվեր է բոլոր այն մարդկանց, ովքեր գալու են
ծանոթանալու ծնունդով հայ, մեծանուն վարպետ Էդգար Շահինի հետ: