Պետական մոտեցում են ակնկալում

18/01/2008

Պարոն վարչապետ, Ձեզ են դիմում Դալմայի այգիների հողօգտագործողները:

Մեր խնդիրն այնքան լուսաբանված չէ, որքան իրացման տարածքի մյուս գոտիներինը, այդ պատճառով շատերը իրազեկ չեն, թե իրականում որն է մեր խնդիրը: Այդ բացը լրացնելու նպատակով ներկայացնում ենք հարցի համառոտ նախապատմությունը:

Այսպես, 1991թվին Շահումյանի շրջգործկոմը, ելնելով ՀՀ Նախարարների խորհրդի 1991թվի հ. 283, հ.397, հ.398 եւ 1994թ. հ.108 որոշումներից, մեզ հետ կնքել է մեր երկրի` ՀՀ զինանշանը կրող կնիքով վավերացված վարձակալական պայմանագրեր` Դալմայի այգիներից տրամադրելով հողատարածքներ: 17 տարի մենք բացահայտ եւ բարեխիղճ մշակել ենք այդ հողամասերը` կատարելով հողի եւ ջրի բոլոր պետական վճարումները` դրանք դարձնելով բերրի այգիներ:

Սակայն ավելի քան 15 տարի անց մեզ հետ կնքված պայմանագրերը պաշտոնյաների կողմից հայտարարվեցին անօրինական, «առոչինչ»: Նույն պատճառաբանությամբ Անշարժ գույքի կադաստրի Շենգավիթի ստորաբաժանումը 2004թ.-ին մեր ներկայացրած պայմանագրերին պետական գրանցում չտվեց:

Այս առիթով ցանկանում ենք մեջբերել ՀՀ Հողային օրենսգրքի 52/4 կետը, որտեղ գրված է. «Մինչեւ 1999թ. մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն եւ հանդիսանում են հիմք` անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար»: ՀՀ Հողային օրենսգրքի 118/5 հոդվածը հավելում է, որ պայմանագրերը կարող են փոփոխվել միայն կողմերի համաձայնությամբ: Այնինչ, մեր հողամասերը վաճառվել են` առանց մեր գիտության, առավել եւս` համաձայնության, ինչը շարունակվում է առ այսօր:

Որոշ հողօգտագործողներ դեռեւս 2003թ.-ից դիմել էին քաղաքապետարան` իրենց մշակած հողամասերի սեփականացման, գնման խնդրով` համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 48/3 հոդվածով ամրագրված գնման նախապատվության իրավունքի, սակայն մերժվել են:

Դատական վարույթում կան գործեր, որոնց վճիռները դեռ չեն կայացվել, պայմանագրերի ժամկետները դեռ չեն լրացել, ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրված հողակտորների վրա, սակայն հողերը վաճառվել են` խախտելով Հողային օրենսգրքի 62/12 հոդվածը: Ավելին, դրանց վրա շինարարություն է ընթանում:

Այսպես բացահայտ օրինախախտումներով են ընթացել եւ շարունակում են ընթանալ այս հողազավթումները, ուստի, պարոն վարչապետ, մենք դիմել էինք Ձեզ` ապօրինի ճանաչելու, այսպես կոչված, «աճուրդները» եւ չեղյալ հայտարարելու բոլոր հողահատկացումները: Մենք բազմաթիվ անգամներ դիմել ենք Ձեզ` մեր ոտնահարված իրավունքների վերականգնմանն աջակցելու խնդրով: Մեր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` 2007թ. ապրիլի 13-ին, Դուք խոստացել էիք զբաղվել այս խնդրով: Նաեւ խոստացել էիք կրկին հանդիպել մեր ներկայացուցիչների հետ, սակայն Ձեզ ուղղված մեր ոչ մի դիմումի պատասխանը մենք չստացանք: Ավելին, Ձեզ հասցեագրված մեր բոլոր դիմումները վերահասցեագրվում էին Երեւանի քաղաքապետարան, եւ, փաստորեն, մեր խնդիրը Ձեզ ներկայացնելու միակ միջոցը մնաց մամուլը, ինչից էլ մենք ստիպված որոշեցինք օգտվել: Մենք արդեն հակված ենք կարծել, որ Ձեզ չի ներկայացվում իրական տեղեկատվություն` մեր խնդրի վերաբերյալ:

Պարոն վարչապետ, հիշեցնում ենք, որ մենք շուրջ 17 եւ ավելի տարի մշակում ենք մեր վարձակալած հողակտորները եւ, հանրապետության բոլոր վարձակալների պես, մենք եւս ցանկանում ենք, որպեսզի ճանաչվի մեր սեփականության իրավունքը` մեր կողմից օգտագործվող հողակտորների նկատմամբ, ինչպես նախատեսում է Երկրի օրենսդրությունը, եւ մենք պարզապես չլինենք շրջանցված: Ցանկանում ենք Ձեզ իրազեկել նաեւ, որ համաձայն Ձեր` 2007թ. հոկտեմբերի 11-ի հանձնարարականի, Երեւանի քաղաքապետարանում ստեղծվեց համատեղ հանձնաժողով, որի նպատակն էր աճուրդով օտարման մանրամասների ուսումնասիրումն եւ փոխհամաձայնության հնարավոր տարբերակները քննարկելը, լուծումներ առաջարկելը: Սակայն աշխատանքային հինգ հանդիպումների ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցների կողմից որեւէ շահագրգռվածություն չցուցաբերվեց խնդրի լուծման գործում: Նրանք մերժում էին մեր բոլոր առաջարկները` իրենց կողմից չանելով խնդրի լուծմանն ուղղված որեւէ կառուցողական առաջարկ: Ակնհայտ էր, որ հանձնաժողովը զուտ ձեւական բնույթ էր կրում, եւ մենք նոյեմբերի սկզբին անվստահություն հայտնեցինք եւ հրաժարվեցինք մասնակցել նրա աշխատանքներին, եւ կրկին դիմեցինք Ձեզ` որպես երկրի գործադիր իշխանության ղեկավարի` խնդրելով արդարացի եւ վերջնական լուծում տալ մեր խնդրին` ճանաչել մեր օգտագործած հողակտորների նկատմամբ սեփականության մեր իրավունքը` համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի: Ի դեպ, պարոն վարչապետ, ամեն անգամ մեզ հետ հանդիպելիս կառավարության աշխատակիցները պնդում են, թե Դալմայի այգիների հողօգտագործողների 90 տոկոսի հարցը լուծված է: Այս հայտարարությունը մեզ մոտ տարակուսանք է առաջացնում, քանի որ ցուցակով Ձեզ դիմած հողօգտագործողներից եւ ոչ մեկի խնդիրը լուծված չէ:

Տեղեկացնենք նաեւ, որ 2007թ. դեկտեմբերի սկզբին Երեւանի քաղաքապետը, հողօգտագործողների եւ քաղաքապետարանի աշխատակիցների ներկայությամբ, բանավոր հանձնարարեց կասեցնել Դալմայի այգիներում ընթացող շինարարական աշխատանքները: Սակայն Ամանորի տոներին նորից վերսկսվել են շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում շարունակվում են ոչնչացվել պտղատու ծառեր եւ խաղողի վազեր:

Պարոն վարչապետ, մենք դեռեւս հուսով ենք, որ կընդունեք մեր ներկայացուցիչներին, կտեղեկանաք խնդրի իրական վիճակին, եւ խնդրին լուծում կգտնենք համատեղ: Նշենք, որ մեր ցանկությունը շատ պարզ է. մենք ընդամենը ցանկանում ենք մեզ զգալ ՀՀ լիիրավ քաղաքացի, որպեսզի մեր հանդեպ գործեն մեր երկրի օրենքները, մեր հարցին տրվի պետական համակարգված մոտեցում, ոչ թե այն թողնվի պաշտոնյաների կամ գնորդների հայեցողությանը, ինչը տեղի է ունենում այժմ, երբ փոխհատուցման հնարավորությունը եւ չափը որոշում է գնորդը, որպեսզի ստիպված չլինենք արդարությունը որոնել Միջազգային իրավունքի սահմաններում: Ուզում ենք, որ մեր խնդրին տրվի պետական մոտեցում, որովհետեւ կարծում ենք, որ Ձեզ` որպես նախագահի թեկնածուի, պետք չէ ոտնահարված, արդարությանը չհավատացող եւ բարոյազրկված ժողովուրդ:

Կրկին դիմում ենք Ձեզ`

1. Կառուցապատման միջոցով չոչնչացնել հազարամյակների պատմություն ունեցող Դալմայի այգին, որը պատմամշակութային արժեք է, մի՞թե ավելի հեշտ չէ արդեն եղած այգին պահպանել, քան հետո քաղաքում կանաչապատման ինչ-ինչ ծրագրեր իրականացնել:

2. Սակայն եթե, այնուամենայնիվ, քաղաքաշինական այդ ծրագիրը իրականացվելու է, եթե Երեւանը պետք է ընդարձակվի իր իսկ թթվածնի հաշվին, եթե ծայրաստիճան անհրաժեշտ է հատել Դալմայի այգին, ապա մի ոտնահարեք այդ այգին անապատացումից զերծ պահած մարդկանց սահմանադրական իրավունքները, ճանաչեք 17 տարի մեր կողմից օգտագործվող հողերի նկատմամբ սեփականության մեր իրավունքը` համաձայն ՀՀ օրենսդրության (ՀՀ Հողային օրենսգիրք, 72/1, 72/2 հոդվածներ):

3. Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր վարձակալած հողակտորները վաճառված են, եւ գործընթացն անդառնալի է, ապա դեմ-հանդիման մի թողեք հողօգտագործողին եւ գնորդին, հարցին տվեք պետական մոտեցում: Նախ` անհապաղ կասեցրեք շինարարությունները, այնուհետեւ պետական համակարգված կերպով, օրենսդրության տառին համապատասխան, լուծեք փոխհատուցման խնդիրը` տեղում անհատույց սեփականության իրավունքով հողահատկացման կամ համարժեք դրամական փոխհատուցման տեսքով:

Լիահույս ենք խնդիրը արդարացի լուծելու Ձեր ցանկությանը:

Հարգանքով` Դալմայի այգիների հողօգտագործողներ
14.01.2008