Չեղյալ են հայտարարել

18/01/2008

Հոլիվուդի չորս խոշորագույն արտադրող ընկերությունները` «XX Century Fox Television»-ը, «CBS Paramaount Network Television»-ը, «NBC Universal»-ը եւ «Warner Bros»-ը չեղյալ են հայտարարել մի քանի տասնյակ պարտավորագրեր գործադուլավոր սցենարիստների հետ: Ըստ «Los Angeles Times»-ի` լուծարվել է շուրջ 65 պայմանագիր: Պրոդյուսերական ընկերությունները յուրաքանչյուր սցենարիստի տարեկան միջին հաշվով վճարում էին 500 հազարից մինչեւ 2 միլիոն դոլար: Դադարեցնելով համաձայնագրերի գործողությունը` հոլիվուդցի մագնատները խոստովանել են, որ ընթացիկ հեռուստասեզոնն արդեն փրկել չի հաջողվի. հայտնի հեռուստաշոուների եւ հեռուստասերիալների նոր թողարկումների նկարահանումների համար սցենարների փաթեթներն ավարտվում են, իսկ դրամատուրգները չեն պատրաստվում դադարեցնել գործադուլը, որը շարունակվում է արդեն երկու ամիս: