Մինեսոտայի նահանգի բժշկական կենտրոնի գիտնականներին երկարատեւ աշխատանքներից հետո հաջողվել է մահացած սրտին ստիպել կրկին աշխատել: Ինչպես հաղորդել է Մեծ Բրիտանիայի «Բի բի սի» ռադիոընկերությունը, հետազոտությունը կատարվել է առնետի սրտի վրա: Գիտնականները սրտից հանել են բոլոր մկանային բջիջներն՝ ըստ որում, թողնելով անոթներն ու կափույրները: Մահացած մկանային բջիջների փոխարեն տեղադրվել են ցողունային բջիջներ եւ խթանվել է դրանց աճի գործընթացը: Դրա շնորհիվ տեղի է ունեցել այդ հյուսվածքների լիակատար նորացում, եւ սիրտը վերստին աշխատել է, հաղորդել է աշխատանքների ղեկավար պրոֆեսոր Դորիս Թեյլորը: Նա հայտարարել է, որ բջջային վերակառուցման մշակված տեխնոլոգիան կարող է կիրառվել նաեւ մարդու համար: Դրանով իսկ, Թեյլորի խոսքով, կարող է, վերջապես, լուծվել դոնորական սրտերի պակասի հիմնախնդիրը: Նա նշել է, որ նոր մեթոդիկան թույլ է տալիս «վերածնել» նաեւ մյուս օրգանները, ներառյալ՝ լյարդը եւ երիկամները:
Իսկ ահա Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Շան Հարդինգը ստացված արդյունքը համարում է գիտական աշխարհում իսկական պայթյուն եւ գտնում, որ կարելի է վերցնել խոզի սիրտը, քանի որ այն իր չափերով ու կատարած ֆունկցիայով ամենամոտն է մարդու սրտին, ազատել այն խոզի մկանային բջիջներից ու փոխարինել այն մարդու բջիջներով, մի խոսքով, պատրաստել մարդու համար պատվաստվող օրգան: «Սրտամկանի բջիջներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ թթվածին, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը կարողանա շփվել արյունատար անոթի հետ: Շատ դժվար է այսպիսի արյան շրջանառություն ստանալը: Եթե հնարավոր լիներ օգտագործել մի այլ սրտի արյունատար անոթների համակարգ, դա շատ կօգներ»,- բացատրում է Հարդինգը:
Բրիտանացի սրտաբանների հիմնադրամի անդամ բժիշկ Պիտեր Վեյսբերգը նույնպես բարձր է գնահատում ամերիկացի գիտնականների ստացած արդյունքը, բայց եւ գտնում է, որ մարդկանց վրա նման մեթոդներ կիրառելը դեռ վաղ է: «Մարդու վրա մենք սա կտեսնենք լավագույն դեպքում 10 տարի հետո: Նախ եւ առաջ մենք պետք է գտնենք հիվանդի հիմնանցքային բջիջները, որպեսզի նոր պատվաստված սիրտը պարզապես չպոկվի»: