Սիրելի՛ Վարդան,
Այդպես էլ չարժանացա քո պատասխանին, ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր: Իսկ անցած ամսում երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց վերաբերյալ կցանկանայի մտքեր փոխանակել եւ հնարավորության դեպքում իմանալ քո հեղինակավոր կարծիքը:
1. Քո տասնամյա արգասաբեր գործունեության կապակցությամբ արժանացար կառավարական բարձր պարգեւի: Շնորհավորում եմ: Սակայն կա մի պարագա, որը ժամանակ առ ժամանակ հաջորդում է նման հաճելի պահերին, եւ այն գալիս է դեռ խորհրդային ժամանակներից. մարդուն պարգեւատրում են, հետո հեռացնում են աշխատանքից: Հիշո՞ւմ ես, նման բան կատարվեց ինձ հետ քո պաշտոնավարության օրոք: Պարգեւատրվեցի հուշամեդալով «երկարատեւ եւ անբասիր աշխատանքի համար», իսկ ինչպես հետո պարզվեց, «վերեւներում» արդեն կայացվել էր մեր բաժանման որոշումը: Բայց հուսանք, որ ճակատագիրն ավելի բարեհաճ կգտնվի քո նկատմամբ:
2. Հաջորդ իրադարձությունը, որն արձանագրեց քո գերատեսչությունը, սկզբունքորեն, նույնպես դրական էր: Խոսքը վերաբերում է Ազգային ժողովում հայ-թուրքական հարաբերությունների քննարկմանը: Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում կան քաղաքական առանցքային հարցեր, որոնց զարգացմանը, գոնե ընդհանուր գծերով, նա պետք է ծանոթ լինի: Մեզ` հայերիս համար դրանք Ղարաբաղը եւ հայ-թուրքական հարաբերություններն են: Եվ լավ է, որ դրանցից մեկը քննարկվել է երկրի պառլամենտում: Նախ` այնտեղ կատարյալ ստատիստների կողքին կան լուրջ մտածող մարդիկ, իսկ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռոստոմյանը, որքան ինձ հայտնի է, կոնֆերանսային դիվանագիտության փորձառու գիտակներ են: Կարեւոր էր նաեւ հայտնի թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մասնակցությունը միջոցառմանը: Հետո, քանի որ նախարարությունը չունի կոլեգիա, նման լսումները գոնե որոշ չափով կլրացնեն քաղաքական կոլեկտիվ վերլուծության բացը: Իսկ կոլեկտիվ քննարկման պրակտիկան, ինչպես գիտես, գալիս է հին հունական դիվանագիտությունից, երբ դեսպանը պարբերաբար զեկուցում էր Ժողովրդական ժողովին եւ նրա Վերահսկիչ կոմիտեին իր կատարած քաղաքական եւ ֆինանսական գործունեության մասին, եւ եթե ժողովականները մերժում էին հաշվետվությունը, նրան տալիս էին ածելի եւ ուղեկցում բաղնիք` երակը բացելու: Այժմ էլ նորմալ երկրներում ընդունված պրակտիկա է քաղաքացուն տեղյակ պահել, թե ինչ է կատարվում Արտգործնախարարությունում եւ նրա արտասահմանյան ներկայացուցչություններում` իր ու իր երկրի շահերը պաշտպանելու համար: Խոսքն, անշուշտ, չի վերաբերում դիվանագիտության փակ կողմերին եւ նեղ-մասնագիտական հարցերին: Մյուս կողմից՝ հարկատուն պետք է իմանա՞, թե ուր են գնում իր փողերը: Պարզ մի օրինակ հայկական դիվանագիտությունից: Տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ամենատարբեր բնագավառներում ստորագրված են հարյուրավոր պայմանագրեր ու համաձայնագրեր: Ո՞րն է յուրաքանչյուր փաստաթղթի օգտակար գործողության գործակիցը, քանի՞ տոկոսով է այն իրագործվում, ի՞նչ է տալիս երկրին, ի՞նչ դեր է խաղում գործընկեր պետության հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Եթե այս հարցերի պատասխանները պարբերաբար չեն հնչում նույն Ազգային ժողովում, եթե դրանք չեն հրապարակվում մամուլում եւ դառնում հասարակության սեփականությունը, ապա դու կարող ես համոզված լինել, որ պետական մակարդակով իրագործվող բոլոր կոնտակտները, ղեկավարության բոլոր պաշտոնական այցելություններն արտասահման իզուր են ու հանդիսանում են սոսկ դիվանագիտական արարողակարգային միջոցառումներ, եւ ոչինչ ավելին: Սա այն բազմաթիվ հարցերից մեկն է, որի համար քո նախարարությունը պետք է հաշվետու լինի հասարակության առաջ, մյուսներին մենք դեռ կանդրադառնանք: Վերադառնալով խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների քննարկմանը եւ ողջունելով այն որպես նախադեպ` կցանկանայի մի հարց ուղղել քեզ` առանց պատասխանի ակնկալման: Արդյո՞ք դու այդ լսումը չես ձեռնարկել ընտրապայքարային-քարոզչական նպատակով` ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում հնչեցրած ելույթի: Եթե դա այդպես է, քեզ պետք է հիասթափեցնեմ` դու կրել ես կատարյալ պարտություն: Բացատրեմ, թե ինչու: Հանրապետության առաջին նախագահն Ազատության հրապարակում ոտքի վրա ներկայացրեց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնահարցի կոնցեպտուալ, եթե չասենք՝ դոկտրինան, ապա ծրագիրը` հաստատ: Ըստ որում, դա արեց բարձր պրոֆեսիոնալիզմով, վիրտուոզ եւ փայլուն: Դա ե՛ս եմ քեզ ասում: Նորից ուշադիր կարդա այն եւ, եթե չես կորցրել օբյեկտիվ վերլուծելու ունակությունդ, գոնե ինքդ քեզ կխոստովանես, որ ԱԳՆ-ի գերուռճացած ապարատը, հանրապետության բոլոր քաղաքագետները միասին վերցրած, հազիվ թե կարողանային ստեղծել նման համապարփակ եւ կշռադատված փաստաթուղթ: Եվ հիշի՛ր, ով էլ որ լինի հաջորդ նախագահը, օգտագործելու է դեկտեմբերյան այս հիմնարար-ծրագիրը: Եվ որքան ազնիվ եւ օգտաշատ կլիներ, եթե հայկական դիվանագիտությունը հենց հիմա այն ընդուներ որպես գործունեության հիմք: Իսկ այդ ծրագրի ֆոնին քո պառլամենտական ձեռնարկը հնչեց որպես դատարկ կրակոց` չնայած վերը նշված հարգարժան անձանց մասնակցությանը: Բայց ամենից հետաքրքիրը ԱԺ-ի բարձր ամբիոնից թուրքերին ուղղված միլիարդների պահանջն էր: Դիվանագիտական մտքի ինչպիսի՜ «թռիչք»: Այն, անշուշտ, գործունեության նոր դաշտ կբացի մեր ռիշելյոների եւ թալեյրանների համար: Ի դեպ, եթե այդ գումարները տեղ հասնեն, խնդրում եմ նվաստիս չմոռանաս: Հիմա, երբ գրում եմ այս նամակը, դեմս դրված է մի ստացական` առ այն, որ եղեռնից մազապուրծ եղած եւ 1927-ին Հայաստան ներգաղթած Նիկոմիդիայի (Իզմիթի) նախկին մեծահարուստ պապս Թուրքիայի Օտոմանյան բանկի Քոնիայի բաժանմունքին ի պահ է տվել այսքան ու այսքան թուրքական լիրայի արժողությամբ գոհարեղեն եւ թանկարժեք քարեր (N 1055, 13 օգոստոսի 1915թ.): Գումարը բաց եմ թողնում, այն ընտանեկան գաղտնիք է: Եթե դու օգնես ստանալու իմ արդար ժառանգությունը, ընտանիքս թոռից թոռ քեզ երախտապարտ կլինի: Բացի այդ, խոստանում եմ. ինձ հասանելիք գումարի 10 %-ը փոխանցել Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը, որի հոգսերը Մեսրոպ Սրբազանի մահվանից հետո ամբողջովին իր վրա է վերցրել իմ ազնվագույն ընկեր Ռոմեն Կոզմոյանը, 10%-ը հատկացնել Մշակույթի նախարարությանը` գրադարանների եւ թատրոնների վիճակը բարելավելու համար, դե, իսկ մնացածը կավելացնեմ թոշակիս վրա, որը գրեթե կեսդարյա անընդմեջ պետական ծառայության դիմաց կազմում է, խնդրում եմ վատ չզգաս եւ, եթե նստած ես՝ մնա նստած, 13.620 հ.դ.: Բայց կարծես թե հունվարի 1-ից այն ավելանալու է 60 %-ով: Շնորհակալություն հարազատ կառավարությանը: Իսկ գալով միլիարդներին` հետաքրքիր է իմանալ, ո՞վ, ումի՞ց եւ ինչպե՞ս է գանձելու այն: Գոնե դո՛ւ այդ ֆանտազյորներին կամ քաղաքական ժոնգլյորներին հիշեցրու, որ անգամ Ստալինը Եվրոպայի կեսը նվաճելուց հետո չկարողացավ ծնկի եկած Գերմանիայից ստանալ այն չափի ռեպարացիա, որի չափը ինքն էր որոշել: Այնպես որ, խորհրդարանում հնչած խոսքերը՝ միլիարդների մասին, ես գնահատում եմ որպես ծաղր՝ ուղղված եղեռնի զոհերի ժառանգներին, քաղաքական բուֆոնադա, իմա` ցինիկ խեղկատակություն: Եվ այդ կապակցությամբ ուզում եմ հիշեցնել առաջին նախագահի խոսքերը վերոհիշյալ ելույթից այն մասին, որ ցեղասպանության ճանաչման հիմքում այսօր դրվում են «ճղճիմ ու պրիմիտիվ քաղաքական հաշվարկներ», եւ, որ «դա կարող է նշանակել միայն մեկ բան, այն է` տրորել, պղծել մեր ազգային մեծագույն ողբերգությունը»:
3. Հ1-ին տված հարցազրույցում հայտարարում ես, որ եթե Ադրբեջանի նավթը հանենք, տակը բան չի մնա: Իհարկե, իսկ եթե Ադրբեջանը քարտեզից վերանա, մեր շատ խնդիրներ եւս ինքնաբերաբար կլուծվեն: Դիվանագիտության օրենք է. երբեք չթերագնահատել հակառակորդի պոտենցիալը: Մինչդեռ դու, որքան հիշում եմ, միշտ մատների արանքով ես նայել դրան` հավանաբար գիտենալով հանդերձ, որ ածխաջրերի կասպիական շելֆի հետախուզված պաշարները կազմում են ո՛չ ավել, ո՛չ պակաս, քան 6-12 մլրդ տ: Լավ կլիներ, որ քո ապարատը հաշվեր եւ ներկայացներ ղեկավարությանը, թե այդ պաշարներից որքանն է պատկանում Բաքվին: Էլ չեմ խոսում, որ Ադրբեջանից դուրս եկող խողովակաշարներին հավանաբար կմիանան միջինասիական վառելիքային պաշարները: Սակայն նավթն ու գազն ինքնին դեռ հարստություն չեն: Շատ կարեւոր է, թե դրանք ո՛ր կետից, ո՛ր կետն են գնում եւ ո՛ր ճանապարհով են անցնում: Եվ պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո սուր պայքար ծավալվեց աշխարհի մեծ եւ տարածաշրջանային մեծ ու փոքր պետությունների միջեւ, քանի որ տեղափոխման եւ երթուղիների ընտրության հարցն ունի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական նշանակություն, որով եւ կորոշվի ինտեգրացիոն գործընթացին մասնակցող պետության տեղը եւ հեղինակությունը միջազգային ընտանիքում, ինչպես նաեւ՝ այդ պետության ներքին բարեկեցությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը լինելով խորաթափանց գործիչ, լավ էր հասկանում այս ամենը եւ աշխատում էր լուծել Ղարաբաղի հիմնահարցը նաեւ այն նկատառումով, որ Հայաստանը չհայտնվի տարածաշրջանի քաղաքատնտեսական վերաձեւավորման լուսանցքում, ավելին` որպեսզի Բաքու-Ջեյհանն անցնի Հայաստանով: Նրա դիրքորոշումը ողջունում էին մեծ տերությունները` այդ թվում Ռուսաստանը: Մոսկվան հուսադրող էր համարում Հայաստանի նախագահի 1997թ. Ուկրաինա կատարած պաշտոնական այցելության ընթացքում արած հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը շուտով կլուծվի եւ Հայաստանն ու Ադրբեջանը կդառնան առաջին բնական գործընկերները» («Նեզավիսիմայա գազետա», 26 հուլիսի, 1997թ.): Այս ամենը իմանալով հանդերձ` ինչպե՞ս ես դու` պրն նախարար, նշված հարցազրույցում հայտարարում, որ եթե Բաքու-Ջեյհան նավթատարն անցներ Հայաստանով, օգուտը մեզ համար մեծ բան չէր ներկայացնի, քանի որ մեր տարածքով անցնող հատվածը կկազմեր ընդամենը 50 կիլոմետր: Ա՜յ, եթե այն կազմեր 100 կիլոմետր… Իրոք, զարմանալ կարելի է:
4. Եվ վերջինը: Ինձ, կարծում եմ՝ նաեւ շատերին, պարզապես «հիացմունք» պատճառեց քո ամանորյա ուղերձը, որում ասվում է այն մասին, որ ձեր ղարաբաղյան քաղաքականությունը ճիշտ քաղաքականություն է, որ վերջին մի քանի տարիներին (լավ կլիներ շեշտեիր, 1998թ. փետրվարից) դիվանագիտական լուրջ առաջընթաց է արձանագրված Լեռնային Ղարաբաղի գործընթացում: Ապա գալիս է ուղերձի մեխը. «Այնպես որ, այս պահի դրությամբ, ես մեր քաղաքականության մեջ, նաեւ հատկապես` Լեռնային Ղարաբաղի հարցում, փոփոխության կարիք չեմ զգում»: Իսկապե՞ս չես զգում: Սպասի՛ր: Իսկ հաջո՛րդ պահի դրությամբ եւ՞ս փոփոխության կարիք չես զգում: Չէ՞ որ նախագահ ընտրվելու երկու հավանական թեկնածուներն էլ գտնում են, որ արտաքին քաղաքականությունը փոփոխման կարիք ունի: Ասենք թե նոր նախագահը քեզ թողեց քո պաշտոնում, ինչպե՞ս ես աշխատելու մի 30 օր հետո: Ոչ, սիրելի Վարդան, այդպիսի դիվանագիտություն չի լինում, եւ այն, ինչ կատարվում է այսօր, էրոզիա է երկրի ազգային շահերի համար: Սա ի՛մ կարծիքն է: Խոսքը տանք հանրապետության առաջին նախագահին, որը մեր երկուսից էլ լավ վերլուծաբան է. «Վերջին 10 տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ահա այսպիսի դատարկ, գավառական անիմաստ հայտարարությունների մի շարան է»,- ասում է նա իր հայտնի ելույթում: No comment!
Հ.Գ. Նամակս պատրաստվում էի հանձնել խմբագրություն, երբ հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը, այնուհետեւ՝ քո տարեկան հաշվետվությունը: Նախագահի ծրագիրը լրացնում եւ ամփոփում է իր նախկին ելույթներում արտահայտած մտքերը եւ պարզ ու համոզիչ ցույց է տալիս այն ուղիները, որոնցով կարելի է եւ պետք է զարգացնել երկրի արտաքին քաղաքականությունը: Իսկ քո տարեկան հաշվետվությունը… Ես ձեռնպահ եմ մնում այստեղ հայտնել կարծիքս այդ մասին` թերթի էջերը նեղ են, ժամանակը՝ սուղ: Բայց թույլ տուր ասել, որ հիշյալ ծրագրի կապակցությամբ քո «հուսախաբությունը», այն էլ՝ խիստ, ուղղակի «զմայլում է»: «Հիացմունք» է պատճառում նաեւ քո այն հայտարարությունը, թե հայկական դիվանագիտության համար 2007-ը «արդյունավետ» տարի էր: Նոր հաղթանակնե՞ր: Շատ չեղա՞վ: Դու, պարզապես քո նախարարական գործերի կողքին, լծվել ես նախընտրական քարոզչական կամպանիային: Հապա էլ ինչո՞վ բացատրել քո այն միտքը, որ «այն, ինչ փորձում էր իրականացնել առաջին նախագահը, կյանքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի համաձայնվի` ո՛չ այսօր, ո՛չ երեկ, ո՛չ վաղը»: Հիշում ես, չէ՞, մեր երիտասարդական տարիների կուռքերից մեկի` Դալիդայի հայտնի երգը. «Paroles, paroles, paroles» («Խոսքեր, խոսքեր, խոսքեր»): Երբ ասում ես՝ «ա», հետո ասա՝ «բ»: Քաղաքականությունից, մանավանդ, ղարաբաղյան բարդ հիմնահարցից հեռու կանգնած մարդը ի՞նչ հասկանա այս եզոպոսյան լեզվից: Բայց մարդը կարող է հարցնել. «այդ ի՞նչ պետք է իրականացներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ չի իրականացրել» եւ կավելացնի. «է, լավ, բա դուք, ինչո՞ւ 10 տարի ոչինչ չեք իրականացնում, անեիք էլի նրա չարածը»: Իրո՛ք, նրա չարածը արեցիք, իսկ արածների շարքում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական «հաղթանակը» եղավ այն, որ Ղարաբաղը կոնֆլիկտի սուբյեկտից վերածվեց օբյեկտի, այսինքն` ասենք շարքային ընթերցողի համար մատչելի լեզվով, դուրս մնաց բանակցային գործընթացից: Իսկ դու դեռ խոսում ես այն մասին, որ նախկին փաստաթղթերում ինքնորոշման նշույլ չկար: Եվ դեռ ենթադրություններ ես անում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մոտիվի մասին: Իսկ քո մտքով չանցա՞վ արդյոք հրաժարական տալ Քի
Ուեստի բանակցություններից եւ կամ Ստամբուլի խարտիայից հետո: Իզուր։ Թե՞ դրանք էլ են լրացնում մեր դիվանագիտական հաղթանակների անվերջանալի շղթան: Վարդա՛ն, Վարդա՛ն: Քո մտքով չի՞ անցնում, որ այդ հաշվետվությամբ դու, պարզապես, խախտում ես նորագույն դիվանագիտության հայր մեծն Ֆրանսու Կալյերի պատգամներից առնվազն երեքը: Թե որոնք, կհիշեցնեմ անձամբ, առաջին իսկ հանդիպման ժամանակ, քանզի բարձրաձայնելու դեպքում քեզ անհարմար դրության մեջ կդնեմ ենթականերիդ մոտ: Դու փորձված դիվանագետ ես եւ հրաշալի գիտես՝ ինչը` ինչոց է: Շարունակենք: Քո ամանորյա ուղերձում եւ հաշվետվությունում դու խոսում ես ընտրական ցնցումների եւ ապակայունացման վտանգների մասին: Մի կողմ թողնենք դիվանագիտական լեզուն: Քեզ հետաքրքրում է. ընդդիմությունը կգնա՞ արդյոք հեղափոխության, թե՞ ոչ: Ընտրական եւ հետընտրական իրավիճակի զարգացումները ես այսպես կմեկնաբանեմ: Ոչ մի ցնցում էլ չի լինի: Ծրագրավորված եւ կազմակերպված ապակայունացնող գործողություններ` եւս: Դու էլ ես լավ ծանոթ մեր, այսպես կոչված, ընդդիմությանը: Իսկ եթե քեզ հետաքրքրում է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, համոզված եմ, որ նա ուժային միջոցների չի դիմի: (Արդեն իսկ, կարծես թե հատուկ քեզ հանգստացնելու համար, նա ինքը հայտարարեց այդ մասին իր ուրբաթ օրվա մամուլի ասուլիսում): Չի դիմի ոչ թե այն պատճառով, որ նրան կպակասի հաստատակամությունը եւ կամ ֆորս-մաժորային իրավիճակում ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու վճռականությունը: Ո՛չ: Նա պարզապես մարդկանց չի վտանգի: Հեղափոխությունը խորթ է նրա փիլիսոփայությանն ու սկզբունքներին: Մի առիթով ես արդեն գրել եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ նոր գեներացիայի դեմոկրատ, եվրոպական քաղաքակիրթ չափանիշներով առաջնորդվող քաղաքական լիդեր է: Բացի դրանից, ըստ իմ դիտարկումների, նրան հավանաբար հոգեհարազատ է Բերդյաեւի այն պոստուլատը, համաձայն որի՝ բոլոր հեղափոխությունները պարտադրաբար ավարտվում են ռեակցիայով: Իսկ նրան դա պետք չէ: Նրան պետք է հետքոչարյանական խաղաղ Հայաստան` իր ծրագրերի իրագործման համար: Սակայն, գիտե՞ս, քո մտահոգության մեջ իմաստ կա: Ցնցումները, մանավանդ ընտրությունների ընթացքում եւ հետո, հնարավոր են, եթե առկա են մի շարք գործոններ. էլեկտրականացած ներքին իրավիճակ, ընտրական կեղծիքներ, իրավապահ մարմինների ճնշումներ եւ այլն: Այնպես որ, մտավախությունդ փարատելու լավագույն միջոցը քո կարգավիճակի եւ հեղինակության օգտագործումն է` նպաստելու համար արդար եւ մաքուր ընտրությունների անցկացմանը: Հակառակ դեպքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդը ի՛նքը կորոշի իր անելիքը եւ մեկ էլ տեսար՝ առանց լիդերների օգնության կիջնի փողոց: Իսկ դա, իրոք, վտանգավոր է: Բոլշեւիկները հենց այնպես չէին ասում՝ «Կայծից բոց կբռնկվի»: Ի դեպ, Ժամանակավոր կառավարությունը նրանք տապալեցին մի խումբ մարդկանցով, իսկ Էյզենշտեյնի ֆիլմը, որտեղ պատկերված է հազարների գրոհը Ձմեռային պալատի վրա, ընդամենը սոցռեալիզմի գեղեցիկ հեքիաթներից մեկն է: Բայց կարծում եմ՝ մեր իրականությունում բանը դրան չի հասնի: Ես քեզ ուրիշ բան խորհուրդ կտայի: Զգուշացի՛ր արտաքին ցնցումներից, ասենք, Ապշերոնյան թերակղզուց: Նման դիվանագիտությունը մի օր կարող է բերել դրան: Բացառված չէ: