Տասնութամյա Մերի Շաքարյանը վեց տարեկանից ապրում է «Զատիկ» մանկատանը: Ծնվել է Արցախում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Մասիս քաղաքում ապրելու: Սոցիալապես անապահով ծնողները Մերիին, նրա մեծ եղբորն ու քրոջն ուղարկել են մանկատուն: Այժմ Մերիի 23-ամյա եղբայրն աշխատում է, իսկ ինքն ու քույրը դեռ մանկատանն են: Մերին դպրոց է հաճախել մանկատնից: Տասնմեկ տարվա ընթացքում մանկատունը նրա հարազատ օջախն է դարձել, չէ՞ որ կյանքի ծաղկուն տարիները, առաջին հույզերն ու զգացմունքները նրա հետ են կապված եղել: Բացի այդ` շատ է սիրում ընկերներին ու դաստիարակներին, կապվել է նրանց հետ: Դաստիարակներից ոմանց անգամ «մայրիկով» է դիմում: Գուցե դրանով փորձում է ինչ-որ չափով լցնել իր կյանքում մայրիկի պակասը:
– Հիշում եմ, որ Մերիին առաջին անգամ ինքս եմ դպրոց տարել: Այնքան անկաշկանդ ու համարձակ երեխա էր, իսկ տարեվերջին, երբ դասարանով Օշական էին գնացել, բոլոր ծնողների ուշադրության կենտրոնում Մերին էր, ու նա դրանից իրեն լավ էր զգում,- նշում է մանկատան փոխտնօրեն Ա. Ամիրյանը:
Այս տարի Մերին ավարտել է դպրոցը եւ ընդունվել Մխիթար Գոշի անվան համալսարան: Սովորում է օտար լեզուների բաժնում ու շատ լավ է սովորում: Նա շատ է սիրում գործել, ազատ ժամերին զբաղվում է հելունագործությամբ կամ ընթերցանությամբ: Գործվածքները հիմնականում նվիրում է ընկերներին ու ծանոթներին: Նաեւ լավ դաշնամուր է նվագում:
– Մերին մեր ամենաաշխատասեր երեխաներից մեկն է: Նա միշտ ընթերցասրահում է, կարդում է ամեն տիպի գրականություն. գեղարվեստական, պատմական, վավերագրական, քրեական:
Մերիի մայրը հաճախակի է նրան այցելում, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ինքն է գնում տուն: Մերին չի մեղադրում մայրիկին, քանի որ լավ է հասկանում նրան: Մայրիկին կարիքն է ստիպել երեխաներին ավելի ապահով տեղ տալ, քան իրենց ընտանիքն է:
– Ես մայրիկիս միայն այն ժամանակ կմեղադրեի, եթե ինչ-որ բանով հետ մնայի իմ շրջապատից. ասենք` հագուստով կամ մեկ այլ բանով: Բայց ես գոհ եմ, քանի որ մայրիկս միշտ ուշադիր է իմ հանդեպ,- նշում է Մերին:
Այժմ Մերիի մայրը վատառողջ է, ընտանիքի հոգսերը եղբայրն է հոգում: Հայրն անցյալ տարի մահացել է: Մերին չի մասնակցել հոր թաղմանը, քանի որ ծնողները վաղուց ամուսնալուծված են եղել եւ իրար հետ կապ չեն պաշտպանել: Իրենք էլ չեն կապվել հոր հետ: Դաստիարակներն ասում են, որ Մերիին այնքան էլ վիշտ չի պատճառել հոր մահը, քանի որ մանկատուն տեղափոխվելուց հետո երբեք չի տեսել հորը…
Մերին ունի բազմաթիվ երազանքներ, որոնք անպայման իրականացնելու է, երբ դառնա չափահաս եւ դուրս գա մանկատնից: Առաջին երազանքը աշխատանք գտնելն ու իր մայրիկին օգնելն է:
– Ես երբեք մայրիկիս նկատմամբ վատ չեմ տրամադրվի, վատով չեմ պատասխանի: Չեմ մտածի, որ նա ինձ բերել ու թողել է այս մանկատանը: Նա իմ լավի մասին է մտածել. ով գիտի` ինչ զրկանքների, ցրտի ու սովի կենթարկվեի, եթե մնայի նրա հետ: Իսկ մանկատանը իմ կյանքը քիչ թե շատ ապահով է անցել: Սակայն ես ինքս իմ երեխային երբեք մանկատուն չեմ տա, եթե անգամ անապահով լինեմ: Կաշխատեմ նրա համար գոնե առաջին անհրաժեշտ իրերը, սնունդը ապահովել, իսկ մնացած թերի կողմերը կլրացնեմ իմ սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ: Որովհետեւ կան բաներ, որ երեխան միայն իր ընտանիքից, հորից ու ամենաշատը մորից կարող է ստանալ,- համոզված է Մերին:
Մերին ասում է, որ երբեք չի հավատացել այն ժողովրդական ասացվածքին, թե Աստված որբին օր չի տվել: Նա հույսով ու հավատով է նայում ապագային ու վստահ է, որ ամեն ինչ կախված է մարդուց:
Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ուսանողուհի