«Դրսում հաջողության հասած երիտասարդներին պետք է այաստան բերել»

18/01/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կարո Կիրակոսյանը հայաստանցիներին ծանոթ է իր ստեղծած «Արայի դանս շոու» պարային կոլեկտիվով, որը 20 տարի առաջ յուրահատուկ հեղաշրջում արեց բեմում՝ մեծ պրոֆեսիոնալիզմով ներկայացնելով ժամանակակից պարային համարները։ 1992թ. նա իր ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվեց եւ հիմա ավելի շատ հայտնի է որպես երկու տաղանդավոր որդիների հայր։ Այդ փաստը Կարոյին շատ է ուրախացնում։ Մեծն փիլիսոփան ասել է՝ եթե աշակերտները չեն կարողանում գերազանցել ուսուցչին, ուրեմն ուսուցչի աշխատանքն ապարդյուն է անցել։ Կարո Կիրակոսյանի որդին՝ Միհրանը (որն, ի դեպ, առաջին անգամ է ձմռան ամիսներին Հայաստան այցելում, սովորաբար ամռանն է լինում, հանդիպել է իսկական սառնամանիքի), վաղուց արդեն միջազգային համբավ ունեցող պարող է, ով աշխարհահռչակ Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Ռիկի Մարտինի, Փինքի եւ այլ պոպ աստղերի հետ է պարում։ Իսկ Միհրանի եղբայրը՝ կինոռեժիսոր Գոռը, հայտնի դարձավ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» շատ դինամիկ կատակերգությամբ, որը շատ ջերմ ընդունվեց Հայաստանում։

Կարո Կիրակոսյանն այժմ զբաղվում է Հայաստանից Լոս Անջելես հյուրախաղերի մեկնած հայկական թատերական եւ համերգային ներկայացումների տոմսերի իրացմամբ։ Իր խոստովանությամբ՝ նա զբաղվում է ադմինիստրատիվ աշխատանքով եւ հայկական յուրաքանչյուր միջոցառման մեջ իր ներդրումն ունի։ Նա շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ կատարած հյուրախաղերն ու հայերի համար Գլենդելում կազմակերպված մի քանի համերգները տարբեր տրամաչափի երեւույթներ են, բայց իր յուրաքանչյուր նախաձեռնությամբ նա փորձում է Հայաստանի ու աշխարհի միջեւ մի փոքրիկ կամուրջ կառուցել։ Կամուրջ կառուցելն, իհարկե, ոչ թե «աստղի», այլ՝ շինարարի գործ է։ Բայց Կարոն գիտակցաբար է որոշել երկրորդ պլանի գործ կատարել՝ համարելով այն ավելի բարդ ու կարեւոր աշխատանք։

– Ինչպիսի՞ սխեմայով են Լոս Անջելեսում կազմակերպվում հայկական միջոցառումները։

– Սխեման շատ պարզ է. պրոդյուսերներից մեկը կամ որեւէ մասնավոր անձ որոշում է հրավիրել երգչին կամ խմբին եւ հրավիրում է։ Հիմա այդ աշխատանքը բավականին դժվարացել է, քանի որ պետք է նախապես աշխատանքային վիզա ստանալ, դահլիճի վարձակալության պայմանագիր ներկայացնել։ Իսկ եթե պետք է կայանա շահույթ չհետապնդող համերգ, այդ դեպքում ավելի հեշտ է երգչին կամ երգչուհուն հրավիրել, հարկավոր է միայն մուտքի թույլտվություն ունենալ։ Մենք տարածում ենք համերգի կամ ներկայացման տոմսերը, ունենք հեռախոսահամար, որն արդեն բավականին հայտնի է, կազմում ենք հեռուստատեսային աֆիշներ, գովազդային հոլովակներ։ Հիմա Ամերիկայում բավականին մեծացել է արվեստասեր մարդկանց քանակը։ 1990-ականների սկզբին, երբ ես նոր էի սկսում աշխատել այդ ոլորտում, մեզ համար մեծ հաջողություն էր համարվում 1000 հոգանոց դահլիճն ամբողջովին լցնելը, այն ժամանակ տոմսերի արժեքը սկսվում էր 5 դոլարից, առավելագույն գինը 30 դոլար էր, իսկ հիմա արդեն տոմսերի միջին արժեքը 100 դոլարի է հասել, եւ 6000 հոգանոց դահլիճներ են լցվում։ Դա բոլորիս համար էլ ուրախալի փաստ է։ Հանդիսատեսի քանակի աճը շատ կարեւոր է։ Ամերիկայում հայերը սիրում են համերգների գնալ, եւ նրանց շատ դժվար է խաբել։ Հանդիսատեսը սովոր է բեմում ճոխություն, ծախս տեսնել, եւ այդ ծախսը պետք է երեւա։

– Հայերին միայն հայե՞րն են գալիս լսելու։

– Իհարկե, միայն հայերը։ Ամերիկայում ապրող հայերը շատ պահպանողական են իրենց նախասիրություններում, սիրում են լսել հայկական երգերը։ Ամերիկան առանց հայ երգիչների էլ հեղեղված է փոփ-երաժշտությամբ։ Ամերիկահայերը ցանկանում են պահպանել իրենց հայ տեսակը, ուզում են երեխաների հետ գալ հայկական երաժշտություն լսելու, որպեսզի ասեն՝ տես, տղա ջան, սա է հայի երաժշտությունը։

– Պատմության մեջ եղե՞լ է որեւէ մի երգիչ կամ թատերախումբ, որը Գլենդելում հայերի համար ելույթ ունենալով՝ կարողացել է հետաքրքրել նաեւ օտարերկրացիներին։

– Մի քանի հայ երգիչներ կան, որոնց օտարերկրացիները լսում են։ Առաջինը Թաթան է, ում երգերը լսում են, ասենք, մեքսիկացիները կամ իսպանացիները։ Նրանց մեքենաների մեջ Թաթայի երգերը հաճախ կարելի է լսել։ Միջին Ասիայի հրեաները նույնպես հայկական երգեր են սիրում, Արեւելքի հնչերանգները, մեղեդայնությունը նրանց ականջին հարազատ են։ Նունե Եսայանին են լսում։ Հայերի հետ հաճախ շփում ունեցող օտարերկրացիները որպես կանոն ընկալում են նաեւ մեր երգերը, իհարկե, ոչ այն երգերը, որոնք մենք «թխում ենք» իսպանացիներից կամ ամերիկացիներից, այլ՝ մեր օրիգինալ երգերը։ Իրականում, դա շատ հետաքրքիր երեւույթ է։

– Իսկ Հայաստանում ու Ամերիկայում նո՞ւյն երգիչներն են պոպուլյար, թե՞ հաջողության չափանիշները տարբեր են։

– Չափանիշները գրեթե նույնն են, հավասար իրավիճակ է։ Համոզված եմ, որ եթե այսօր Երեւանի փողոցներում հարցում անենք, թե որո՞նք են հինգ ամենահայտնի երգիչները, նույն պատասխանը կստանաք, ինչ Ամերիկայում։ Անպայման կնշվեն Թաթայի, Նունեի, Աիդայի, նաեւ Արսենների ու Արմանների անունները։

– Իսկ հայկական ջազային մշակումները կարո՞ղ են հաջողություն ունենալ Ամերիկայում։

– Նույնիսկ ջազի հայրենիք Ամերիկայում ջազային երաժիշտները չեն կարողանում մեծ լսարաններ հավաքել։ Նրանք սովորաբար հատուկ ակումբներում են ելույթ ունենում։ Եվ պետք չէ նեղսրտել, որ, օրինակ, Երեւանի ջազ-բենդը կարողանում է ընդամենը հազար հոգանոց դահլիճ հավաքել։ Ամերիկացի ջազմեններն էլ չեն կարողանում մեծ լսարանների առջեւ ելույթներ ունենալ։ Մեծ դահլիճները փոփ-երաժշտություն քարոզողներն են հավաքում։ Իսկ այդ երաժշտության հիմնական լսարանը 14-25 տարեկան պատանիներից է կազմված։ Շոու-բիզնեսը հատուկ հենց այդ լսարանի վրա է կառուցվում։ Ամեն տեղ է այդպես։ Պետք է կարողանալ հստակ տարբերել իսկական արվեստի գործերը, որոնք շատ թանկ արժեն եւ որոնց գնահատողները աշխարհում շատ են, բայց այն տեսնելու կամ լսելու համար վճարելու պատրաստ մարդիկ քիչ են, եւ մասսայական արվեստը, որը լսում են, սիրում են, գնում են։ Բիզնեսն այդ մասսայական արվեստում է, այդտեղ են գործում փող «սարքելու» մեխանիզմները։

– Դուք շատ հեռանկարային մոտեցում ցուցաբերեցիք, բեմը, բեմական ամբիցիաները մի կողմ դրեցիք, ու ձեր բոլոր ուժն ու եռանդը ներդրեցիք ձեր որդիների առջեւ լայն ճանապարհներ բացելու համար։

– Դա գիտակցաբար եմ արել։ Տարիներ առաջ Երեւանում ես հիմնադրեցի իմ պարային խումբը, եղա առաջին հայ երիտասարդը, ով սկսեց ժամանակակից պարեր պարել, բեմադրել, եւ այդ պարերը հեռուստաէկրանին ցուցադրվեցին։ Այն ժամանակ ժամանակակից պարն ուղղակի տեղ չուներ եթերում, սովետական համակարգը դա թույլ չէր տալիս։ Մենք առաջին պարողներն էինք, իսկական շոուներ էինք ստեղծում, պարում էինք, երգում էինք, ամբողջական բեմադրություններ էինք անում։ Խորհրդային Միությունում նման բան չկար, մենք առաջինն էինք։ Երբ շրջագայում էինք ԽՍՀՄ քաղաքներով, բոլորը զարմանում էին, թե ինչպես է դա մեզ թույլատրվում։ Մեզ հաճախ էին հրավիրում Մոսկվա աշխատելու։ Հետո, երբ քաղաքական համակարգի հսկողությունը սկսեց թուլանալ, բոլորը սկսեցին շատ արագ զարգանալ եւ մեզանից առաջ անցան։ Իսկ Հայաստանը մնաց այն նույն տեղում, որտեղ հայտնվել էր, շոուները դադարեցին զարգանալ։ Ամերիկա տեղափոխվելով, ես նորից պարային դպրոց հիմնեցի ու ութ տարի աշխատեցի երեխաների հետ։ Եկավ ժամանակ, երբ հասկացա, որ գաղութի մեջ աշխատելն, իհարկե, լավ եւ շնորհակալ գործ է, բայց բիզնեսի տեսակետից հեռանկար չունի։ Այնտեղի երեխաները պարի դասերի էին գալիս ուղղակի ժամանցի համար, իսկ այստեղի երեխաները գալիս էին սովորելու, աշխատելու։ Մոտեցումները շատ տարբեր էին։ Իսկ Միհրանը, ով իմ դպրոցի աշակերտն էր, արդեն հասել էր այնպիսի մակարդակի, որ ավելի կարեւոր էր միայն իրենով զբաղվելը։ Ես զգում էի, որ նրան կարելի է պրոֆեսիոնալ ճանապարհի վրա դնել։ Իսկ դա հեշտ գործ չէր, հարկավոր էր տարբեր լսումների, քասթինգների ներկայանալ։ Պետք էր բոլոր գործերը թողնել ու ամբողջ ժամանակը դրան տրամադրել։ Օրական ութ ժամ կյանքիցդ կտրում ես ու գնում ես լսումների ու չգիտես՝ արդյունք կլինի՞, թե՞ ոչ։ Բայց պետք է փորձես։ Եթե դրանով չզբաղվես, տաղանդը նույն տեղում կմնա ու հետագայում անպայման կկորչի։ Քեզ պետք է ընտրեն, եւ եթե չեն ընտրում, պետք է փորձես «չկոտրվել» ու նորից փորձել։ Շատ հայ երիտասարդներ այդ լարմանը չեն դիմանում, երկու անգամ գնում են, հետո հուսահատվում են։ Ամերիկայում շատ հստակ սիստեմ է աշխատում, ամեն ինչին կարող ես հասնել, բայց պետք է համառ լինես։ Հետո, արդեն ճանաչում ձեռք բերելուց հետո, կարող ես ինքդ ընտրել՝ որ քասթինգին գնալ, իսկ որին՝ ոչ։

– Սովորաբար այստեղ ասում ենք՝ մենք մեծ հաճույքով ավելի բարձր արվեստի գործեր կանեինք, բայց ժողովուրդը ցածրն է ուզում տեսնել ու լսել, մենք էլ աշխատում ենք նրա ճաշակին համապատասխանել։ Դա ճի՞շտ մոտեցում եք համարում։

– Պետք է գտնվի դրամ աշխատելու ու արվեստի գործ ստեղծելու արանքում ընկած այն ոսկե միջինը, որը գուցեեւ միակ ճիշտն է։ Հարկավոր է այնքան խելք ունենալ, որպեսզի կարողանաս անել այն, ինչ ուզում ես, ու դրանով փող վաստակել։ Այդ մոտեցմամբ մենք ստեղծել ենք մեր «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը, որի ռեժիսորը Գոռն էր, իսկ ես պրոդյուսերն էի։ Մի մոռացիր, որ ֆիլմի ստեղծողների միջին տարիքը 24 տարեկան էր, ամբողջ աշխատակազմը ֆիլմ նկարահանել է առաջին անգամ։ Կարելի՞ է «Հայֆիլմի» պատմության մեջ նման որեւէ մի դեպք հիշել։ Բոլորը նկարահանում էին ու միաժամանակ՝ սովորում։ Իսկ սովորելու համար պետք է անել, լավ թե վատ` նշանակություն չունի, պետք է անել։ Եթե ստեղծման ժամանակ, կողքից անընդհատ ասեն՝ այս ի՜նչ ախմախություն եք անում, ոչինչ չէր ստացվի։ Երբ մարդուն հիասթափեցնում կամ ընդհակառակը՝ ըմբոստացնում են, մարդը չի կարող աշխատել։ Պետք է մարդուն ուժերը փորձելու շանս տրվի։

– Ֆիլմը շատ լավն էր, այն ունեցա՞վ կոմերցիոն հաջողություն։

– Այն փակեց իր բոլոր ծախսերն ու նույնիսկ եկամուտ բերեց։ Եվ դեռ բերելու է։ Բացի դրանից, ֆիլմը մասնակցեց նաեւ 6 փառատոների ու տարբեր մրցանակներ ստացավ։ Բայց փառատոներին մասնակցելը ես շատ չեմ կարեւորում։ Ֆիլմը մոտ մեկ ամիս օրական երեք սեանսով ցուցադրվեց Երեւանում, եւ դա ամենաբարձր գնահատականն էր մեզ համար։

– Նոր ֆիլմ նկարահանո՞ւմ եք։

– Հաջորդ ֆիլմը, որի վրա աշխատում ենք, լինելու է Ամերիկայի ու Հայաստանի հայերի շփումների պատկերը։ Իրականում մեր կուլտուրան, ապրելակերպը շատ տարբեր են իրարից։ Ըստ ֆիլմի՝ Ամերիկայում ծնված հայերը, որոնք արդեն հարյուր տոկոսանոց հայեր չեն, գալու են Հայաստան ու շատ տարօրինակ իրավիճակներում են հայտնվելու։ Իսկ այստեղի հայերը ամերիկահայերի մեջ շատ ծիծաղելի գծեր են հայտնաբերելու, որովհետեւ նրանց մտածելակերպը բոլորովին ուրիշ է։ Չեմ ուզում շատ պատմել ֆիլմի սյուժեի մասին, բայց այն շատ զվարճալի է լինելու, տարբեր հայեր խոսելու, շփվելու են իրար հետ, բայց չեն կարողանալու ո՛չ հասկանալ, ո՛չ էլ փոխզիջման գնալ։ Փոխզիջումն իրականում շատ դժվար բան է, որովհետեւ ամեն մի հայ իր սեփական «ճիշտն» ունի։ Ֆիլմի մեծ մասը անգլերեն լեզվով ենք ուզում նկարահանել, քանի որ նախատեսում ենք այն ոչ թե միայն հայ հանդիսատեսին ներկայացնել, այլ՝ ուզում ենք փորձել Ամերիկայում ցուցադրել։

Գոռը Ամերիկայում է մեծացել, եւ շատ բաների նա ուրիշ տեսանկյունից է նայում, եւ նա պետք է հաճախ Հայաստանում լինի։ Ես աշխատում եմ ամեն ամառ իմ տղաներին Հայաստան բերել։ Մեր հայ տեսակը հասկանալու համար նրանք պետք է այստեղ գան, այլապես՝ կօտարանան։ Որքան էլ նրանք Հայաստանում դժվարությունների հանդիպեն, միեւնույն է, պետք է գան ու կարողանան շփվել հայաստանցիների հետ։ Վերջին տարիների ընթացքում ես անընդհատ փորձում եմ իմ երիտասարդ որդիներին այստեղի երիտասարդների հետ շփման մեջ դնել, որպեսզի երկու կողմերն էլ կարողանան միմյանց համար օգտակար լինել։ Նույնիսկ ամենալավ երգիչներն ու դերասանները մեծ դժվարությամբ են կարողանում միջազգային ասպարեզ դուրս գալ, քանի որ որքան էլ ուզում ես գլուխդ բարձրացնել, սահմանից այն կողմ քեզ ոչ ոք չի տեսնում։ Իսկ Հայաստանից դուրս ապրողը, որը քիչ թե շատ հաջողել է իր գործում, կարող է այստեղի մարդկանց դրսի շուկայի մեջ մտցնել։ Հայաստանը ներկայացնելու միակ տարբերակը մեր տաղանդներին այստեղից դուրս հանելն ու ցույց տալն է։

– Ինչպե՞ս եք դա պատկերացնում։

– Հիմա մենք մի հեռուստատեսային նախագիծ ենք ուզում անել ու վաճառել ամերիկյան խոշոր ալիքներից մեկին։ Իրավիճակը այնպիսին պետք է լինի, որ ամերիկացիները գան Հայաստան եւ այստեղ ուրախ պարային շոու նկարահանեն։ Այդ նախագծում ուզում եմ օգտագործել Միհրանի նման տղաների, որոնք արդեն ամերիկյան չափանիշների «աստղեր» են դարձել։ Դրսում հաջողության հասած երիտասարդներին պետք է այստեղ բերել, իսկ այստեղի երիտասարդներին «քաշել»-հանել դուրս։ Ուրիշ ելք ես չեմ տեսնում։ Հասկանում եք, որքան էլ ես հաջողված պարող եմ եղել Հայաստանում, միեւնույն է, իմ հաջողությունը չի կարող համեմատվել Միհրանի հաջողության հետ։ Նա «աստղ» է դարձել միջազգային նախագծերում։ Ժամանակը եկել է, ու ես հասկացել եմ, որ պետք է երկրորդ պլանում աշխատեմ։

Իսկ դա բարդ գործ է, շատերը չեն համաձայնում երկրորդ պլանում աշխատել։ Սակայն, եթե դու քո գործում առաջնորդ ես դարձել, ուրեմն պետք է կարողանաս որեւէ մեկի կողքին կանգնել ու երկրորդ պլանում, աննկատելիորեն օգնես նրան։ Հայերից շատերը դա չեն ուզում անել։ Նույն դաշտում, բայց ուրիշի արած հաջող գործով ուրախանալը ներքին պահանջ պետք է լինի։ Շատերը պատրաստ չեն նրան, որ իրենց հաջողությամբ կարող են ուրախանալ։ Երգիչ-երգչուհիներն, օրինակ, իրար հետ մրցում են՝ իրար խանգարելով, ու չեն կարողանում միմյանց հաջողությունները գնահատել։ Օտարության մեջ հայերն ավելի շատ են կարողանում իրար օգտակար լինել, քան Հայաստանում։ Օրինակ, եթե ես պետք է գնամ խանութ ու հաց գնեմ, ես այցելում եմ իմ մտերիմ մարդու խանութն ու իմ հացի գումարը տալիս եմ նրան։ Եթե մեկ ուրիշը պետք է մեքենա գնի, նա մեքենան գնում է իր մտերիմի խանութից։ Գումարը, միեւնույն է, ծախսվելու է, ավելի լավ է այն տալ քո ծանոթին, ինչո՞ւ այն տալ օտարին։ Եթե այս մեխանիզմը սկսի Երեւանում աշխատել, մենք շատ արագ ոտքի կկանգնենք։ Այստեղ օտարազգիներ չկան, բայց կան հարազատ մարդիկ։ Ասենք, քո հարազատը վարսավիրանոց ունի, բայց մազերը կտրելու համար՝ դու չգիտես՝ ինչո՞ւ, գնում ես ոչ թե նրա մոտ, այլ՝ կողքի սրահը։ Լավություն անելը պետք է հարազատներից սկսել։ Մենք փոքր ենք, քիչ ենք, ամեն ինչը ափի մեջ է։ Եթե մարդն իր արյունակցին, հարազատին, ընկերոջը օգնության ձեռք մեկնի, ապա նա անպայման ձեռք կմեկնի նաեւ անծանոթին։ Գուցե ես սխալ եմ, բայց ես իսկապես այդպես եմ մտածում։