Հոգու հայելին

18/01/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ակնաբույժի մոտ գնացող հիվանդը հազվադեպ է դիմում բժշկի` բուժվելու ակնկալիքով: Նշանակելով ակնոցներ` ակնաբույժն ընդամենը թեթեւացնում է մեր ամենօրյա հոգսը: Հիվանդն էլ, իր հերթին, չի էլ սպասում, որ ինքը դրանով ապաքինվելու է: Մի՞թե հնարավոր չէ վերականգնել տեսողությունը:

Ցավոք, դեռ 100 տարի առաջ, այսպիսի եզրահանգման է եկել ամերիկացի ակնաբույժ Ուիլիամ Բետսը: Եվ այսօր էլ կարելի է ասել, որ պրակտիկորեն ոչինչ չի փոխվել: Այն ամենը, ինչով օգնում է բժիշկ-ակնաբույժը թեթեւացնելու համար տեսողական խնդիրներ ունեցողների վիճակը, հաճախ կարող են ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն ունենալ տվյալ մարդու վրա, օրինակ` ակնոցը: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ակնոց չեն կրել, ավելի լավ տեսողություն ունեն, քան անընդհատ ակնոց կրող մարդը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեսողության վատացման պատճառը ոչ թե աչքի շրջանում պաթոլոգիկ փոփոխություններն են, այլ հոգեկան գերլարվածությունը, որը մարդու մոտ կարող է սկսվել դեռ վաղ մանկությունից: Եվ նաեւ պարզվում է, որ անգամ ամենայն ճշտությամբ դուրս գրված ակնոցները կարող են չգոհացնել հիվանդին: Նույնիսկ երեխաների մոտ անընդհատ տեսողության փոփոխություններ են լինում, իսկ մեծերի մոտ այսպիսի տատանումներ ավելի հաճախ են պատահում: Օրինակ, 16-ամյա աղջկա տեսողությունը ստուգելուց հետո գրանցված արդյունքը չի համապատասխանել մի քանի օր հետո գրանցված արդյունքին: Իսկ ավագ սերնդի մարդկանց մոտ, որ կյանքում ավելին են տեսել` սթրեսներ, հոգեբանական խնդիրներ կամ ցավեր են ունեցել, տեսողությունը շատ արագ է փոփոխության ենթարկվում: Ահա թե ինչու մարդ իր սեփական ակնոցին սկզբից միշտ դժվար է հարմարվում: Բժիշկները հիմնականում գտնում են, որ տեսողությունն ակնոցից չի լավանում, ընդհակառակը` աչքը դադարում է բնական ճանապարհով իր գործունեությունը: Բայց միեւնույն ժամանակ մարդկանց մեծ մասը կրում է ակնոցներ, ինչի պատճառն, իհարկե, ծուլությունն է:

Ի՞նչ է իրենից ներկայացնում աչքը: Այն մի հանճարեղ գործիք է, որի օգնությամբ մենք կարողանում ենք տեսնել: Բայց աչքն ինքն իրեն մեզ այդ ինֆորմացիան չի կարող տալ: Այդ ամենն անում է ուղեղը: Ուղեղում ցանկացած խնդիր կարող է մարդուն զրկել նորմալ տեսողական ընդունակություններից, նույնիսկ, եթե աչքերը բացարձակ նորմալ են: Ուրեմն աչքերը ուղեղի մի մասն են կազմում: Մեր աչքերը նաեւ մեր «հոգու հայելին են»: Դրանք արտահայտում են մարդկանց հույզերն ու զգացմունքները, մեր հոգեկան աշխարհի մաս են կազմում: Մարդու աչքերից երեւում է` նա ուրա՞խ է, թե՞ տխուր, հետաքրքրվա՞ծ է, թե՞ անտարբեր: Ցանկացած հույզ ազդում է մեր տեսողության վրա: Վերը նշված բժիշկ Բեյտսի գլխավոր ձեռքբերումը հենց սա էր` ապացուցել մարդու հոգեկան վիճակի եւ նրա տեսողության միջեւ եղած կապը, եւ կյանքի ընթացքում նա փորձում էր մեթոդներ մշակել, որոնք կօգնեն ազատվել հոգեկան եւ ֆիզիկական լարվածությունից: Նրա հիվանդներից շատերը, կարելի է ասել` գրեթե կույր մարդիկ, նրա մեթոդներով ջանասիրաբար պարապելուց հետո սկսել են շատ լավ տեսնել: Նրա հիվանդներից մեկը գիրք է գրել` «Ինչպե՞ս վերականգնել տեսողությունը» վերնագրով: Իհարկե, մարդիկ ընտրում են ժամանակավոր տեսողությունը վերականգնելու կարճ ճանապարհը` ակնոցը: Իսկ Բեյտսի գլխավոր մեթոդը պահանջում է մեծ կազմակերպվածություն ու նպատակասլացություն, ինչը հաճախ շատ է պակասում մեզանից շատերի մոտ: Աչքի խնդիրները լուծելու առաջին պայմանն այն է, որ պետք ամբողջապես անցնել առողջ ապրելակերպի: Չէ՞ որ աչքը մեր օրգանիզմի մի մասն է: Այն փոքրիկ օրգան է, բայց կապված է մյուս օրգաների հետ: Ամենապարզ փոխազդեցությունը դա աղեստամոքսային տրակտի հետ ունեցած կապն է; Ավիցենան ասում էր. «Աչքերը լյարդի ծաղիկներն են»: Աչքերից որոշում էին, թե մարդու լյարդը որքանո՞վ է առողջ: Էնդոկրինոլոգները գիտեն, թե որքանով կարող է ազդել տեսողության վրա շաքարային դիաբետը: Օրինակ, կատարակտա տարածված հիվանդության առաջացման պատճառներից մեկը ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարումն է: Իսկ արյան մեջ շաքարի տոկոսի բարձրացումը կարող է հանգեցնել կուրության: Իհարկե, ասեղնաբուժությամբ զբաղվողներն ու ողնաշարի մասնագետները լավ գիտեն, որ ողնաշարը կարգի բերելու հետ մեկտեղ զգալի կարող է լավանալ մարդու տեսողությունը: Աչքերը սնուցվում են անոթների միջոցով, ուրեմն կարգի պետք է բերել սիրտ-անոթային համակարգը: Իսկ հետո պետք է պարապել աչքի մկանների հետ, այլապես դրանք թուլանում են ու կորցնում իրենց էլաստիկությունը: Չէ՞ որ այս դեպքում լավ տեսողության մասին խոսք լինել չի կարող: Տեսողությունը վերականգնելու անձնական ծրագրում պետք է հաշվի առնել նշված բոլոր պահերը:

Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար խորհուրդները միշտ անհատական բնույթ են կրում: Բայց ընդհանուր առմամբ պետք է մշակել աչքի խնամքի ամենօրյա ռեժիմ: Դա նույնիսկ, կարելի է ասել, ավելի կարեւոր է, քան ատամները մաքրելը: Եթե ասում են` ժամանակ չունեն, ապա դա միայն ծուլանալու պատճառով է, չէ՞որ մեր աչքերը միշտ մեզ հետ են: Առավոտյան, երբ արթնանում եք քնից, երբեք վեր մի թռեք անկողնուց, այլ գոնե մի քանի րոպե մնացեք պառկած ու աչքերի վարժություններ արեք` աչքերը բաց ու փակ անելով կամ երկար մի կետի նայելով: Հետո, ատամները լվանալուց հետո կարելի կատարել աչքերի լվացում, որը 2-3 րոպեանոց պրոցեդուրա է: Դա արվում է մաքուր սառը ջրով: Սա օգտակար է բոլորի համար, անվնաս է եւ նույնիսկ ճիշտ կատարելու դեպքում շատ արդյունավետ ազդեցություն կարող է ունենալ: Դեմքը ընկղմել սառը ջրով լի ամանի մեջ եւ փորձել ջրի մեջ բացել աչքերը եւ մնալ 10-15 վայրկյան: Այսպես պետք է անել 2-3 անգամ: Եթե 10 վայրկյան դժվար է պահել, կարելի է սկսել 1 անգամից: Աչքերին սկսում է մատակարարվել թթվածին եւ այլ սնուցող տարրեր: Լարվածությունն անհետանում է, շրջանառությունը լավանում է, նույնիսկ աչքի սպիտակուցը ավելի պարզ գույն է ստանում: