Եթե աչքերը հոգնել են համակարգչից

18/01/2008

Ժամանակակից կյանքը իր կանոններն է պարտադրում, եւ երբեմն ստիպված ենք լինում համակարգչի մոտ անցկացնել բավականին երկար ժամանակ: Ինչ անել, որ գոնե մեր աչքերը մեզ երկար ծառայեն:

Առաջին հերթին պետք է օգտագործել բարձր թույլատվությամբ մոնիտորներ: Մարդկանց մեծ մասը սկսելով աշխատել նման մոնիտորներով, այլեւս չի բողոքում հոգնածությունից:

Համակարգչի դիրքը տանը կամ գրասենյակում պետք է ճիշտ լինի: Պետք է բացառվի էկրանին արեւի կամ այլ լուսավորության շողի հայտնվելը: Լուսավորությունը սենյակում պետք է շատ պայծառ չլինի: Ցանկալի է, որ էկրանի ձախ կողմից սեղանին դրված լինի լապտեր, իսկ էկրանից ձեր աչքերը պետք է լինեն 60 սմ հեռավորության վրա: Երկար նստել մոնիտորի մոտ չի կարելի. դա նույնիսկ երեխաները գիտեն: Իսկ եթե ձեր աշխատանքն է այդպիսին ու այլ ելք չկա, ուրեմն գոնե յուրաքանչյուր 2 ժամը մեկ պետք է ընդմիջում տալ 15 րոպեով: Իսկ հղի կանայք առհասարակ իրավունք չունեն 1 ժամից ավելի նստել համակարգչի առջեւ: Իսկ այդ ընդմիջումների ժամանակ կարելի է աչքերի համար վարժություններ կատարել: Առաջին հերթին թուլացրեք մկանները, փակեք աչքերը եւ ապա մատների ծայրերով նուրբ մերսեք ակնախնձորակները: Գլուխը առանց թեքելու նայեք ձախ ու աջ, վերեւ-ներքեւ: Կրկնեք այս վարժությունը 10 անգամ: Վերցրեք մի փոքրիկ թղթի կտոր ու ներկեք այն սեւ գույնով ու կպցրեք լուսամուտի շրջանակին: Հայացքը հառեք այդ կետին, իսկ հետո հայացքն ուղղեք լուսամուտից այն կողմ: Սա պետք է տեւի մի քանի վայրկյան ու կարելի է կրկնել նույնպես 10 անգամ: