Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ մոտ ապագայում մարդիկ կարող են ռոբոտներին կառավարել ուղեղի իմպուլսների միջոցով` չգործադրելով ոչ մի կարգի ֆիզիկական ջանք, նույնիսկ չսեղմելով կոճակները:
Ճապոնիայի Գիտության եւ տեխնիկայի վարչությունը եւ ԱՄՆ-ի Դյուկի համալսարանը (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) կատարել են մի գիտափորձ, որի ընթացքում մեկուկես մետր հասակ ունեցող ռոբոտը նմանակել է կապիկի քայլվածքը: Կենդանու ուղեղի իմպուլսները ռոբոտին են հաղորդվել ինտերնետի միջոցով: Ճապոնացի գիտնական Միցուո Կավատոն, որը ղեկավարել է գիտնականների խումբը, հաղորդել է, որ փորձի անցկացման ժամանակ կապիկը գտնվել է Ամերիկյան համալսարանում, իսկ մեքենան նրա շարժումները նմանակել է Ճապոնիայի Կիոտո քաղաքի լաբորատորիայում: